Skip to content Skip to sidebar Skip to footer

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը հյուրընկալվել է Հայաստանի Եվրոպական համալսարանում

2025 թվականի նոյեմբերի 19-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը բանախոսությամբ է հանդես եկել Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

Բանախոսը ներկայացրել է կազմակերպության գործունեության նպատակը և հիմնական ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կանանց իրավունքների պաշտպանության և վիճակի բարելավման համար իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին։

Այնուհետև նա անդրադարձել է ազատազրկված կանանց ամենասուր խնդիրներին քրեակատարողական համակարգում՝ շեշտադրելով օրենսդրության և քաղաքականության փաստաթղթերի բացերը, ինչպես նաև համակարգային թերությունները։ Բարձրաձայնվել են այն խնդիրները, որոնք վերաբերում են շենքային պայմաններին, առողջապահական ծառայությունների մատչելիությանը և որակին, սոցիալ-հոգեբանական աջակցությանը, սննդի կազմակերպմանը, անձնական հիգիենային ու խնամքին, արտաքին աշխարհի հետ կապի ապահովմանը, լոգանքի և զբոսանքի հնարավորություններին, ինչպես նաև վերասոցիալականացման գործընթացին։

Հատուկ ուշադրություն է դարձվել հղի կանանց, մինչև 3 տարեկան երեխա ունեցող մայրերի, հաշմանդամություն ունեցող և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող կանանց կարիքներին ու մարտահրավերներին։

Բանախոսության ավարտին Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է նաև անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ կազմակերպության դիրքորոշումը և առաջարկվող ռազմավարական լուծումները։

Համալսարանի ուսանողները մասնակցել են ակտիվ հարցուպատասխանի, ներկայացնելով իրենց տեսլականը ազատազրկված կանանց առողջության, կրթության և այլ սոցիալական իրավունքների իրացման բարելավման հնարավոր ուղիների վերաբերյալ։

Այցի ավարտին Նարե Հովհաննիսյանը հյուրընկալվել է համալսարանի գրադարանում, ծանոթացել դրա պայմաններին և ուսանողների ընթերցանության կազմակերպման հնարավորություններին։ Գրադարանին են փոխանցվել «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուի էլեկտրոնային և տպագիր տարբերակները՝ հայերեն և անգլերեն լեզուներով։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]