Skip to content Skip to sidebar Skip to footer

Ծրագիրն ամրապնդել է պրոբացիայի ծառայության շահառուների և համայնքի միջև կապը, խորացրել համայնքային կառույցների միջև համագործակցությունը

2025 թվականի նոյեմբերին հաջողությամբ ամփոփել ենք «Վերաինտեգրման ուղիներ․ հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն էր աջակցել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուներին՝ յուրացնելու այնպիսի անձնական, սոցիալական, իրավական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են հասարակությունում ինքնուրույն ապրելու, համայնքում պատասխանատու վարքագիծ դրսևորելու, աշխատանք գտնելու, շրջապատում դրական կապեր հաստատելու, իրենց իրավունքներն իրացնելու և դժվարությունները հաղթահարելու համար։ Այդ համատեքստում կազմակերպվել է «Սոցիալական հմտությունների զարգացում և բարեկեցություն», «Անհատական աճ և զբաղվածության հմտություններ», «Իրազեկում և իրավունքների պաշտպանություն» և «Սոցիալական վերաինտեգրման հմտություններ» թեմաներով 16 դասընթաց, որոնց մասնակցել են 40-ից ավել շահառուներ, ներառյալ՝ նրանց ընտանիքի անդամները։ Մասնակիցները տարբեր սոցիալական և տարիքային խմբերից էին, տարբեր աստիճանի կրթությամբ և աշխատանքային փորձառությամբ։ Այս բազմազանությունը ծրագրի կարևորագույն առավելություններից էր, քանի որ հնարավորություն է տվել, որպեսզի մասնակիցները սովորեն ոչ միայն մասնագետներից, այլև միմյանց փորձից։ Ընտանիքի անդամների ներգրավվածությունը նույնպես կարևոր էր և հնարավորություն է տվել ամրապնդել ընտանեկան կապերը, որոնք կարևոր են սոցիալական ինտեգրման գործընթացում։

Պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց համար դժվար է հատկապես փոքր համայնքներում։ Բանն այն է, որ համայնքում ճանաչում են նրանց, գիտեն նրանց կողմից կատարված արարքի մասին, ինչն էլ դառնում է շփումների խզման, սոցիալական մեկուսացման, հանրային խարանի և պիտակավորման պատճառ։ Իսկ սոցիալական ինտեգրումը երկարատև և բարդ գործընթաց է, ինչը պահանջում է ինչպես անհատական ուժ և ներքին մոտիվացիա, այնպես էլ արտաքին աջակցություն համայնքի, ընտանիքի և պետական համակարգի կողմից։ Ծրագրով նախատեսված դասընթացները մասնակիցներին հնարավորություն են տվել անկեղծորեն խոսել այդ դժվարությունների մասին, լրացնել տեղեկատվական և կրթական բացերը, հոգեբանական աջակցություն ստանալ և համատեղ լուծումներ փնտրել։ Դասընթացների ժամանակ անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսիք են հաղորդակցական հմտությունների զարգացումը, անձնական աճը, ինքնաճանաչումը և ներուժի բացահայտումը, հույզերի և սթրեսի կառավարումը, հուզական բարեկեցությունը, նպատակներ սահմանելը և անձնական նվաճումների հասնելը, ժամանակի կառավարումը, աշխատանքային ռեզյումե կազմելը, աշխատանքի հարցազրույցի ներկայանալը, աշխատանք փնտրելու հմտությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև պրոբացիայի ծառայության շահառուների հիմնական իրավունքներին և պարտականություններին, քրեադատավարական կարգավիճակին և դրանով պայմանավորված իրավական սահմանափակումներին, պետական աջակցության ծրագրերին և դրանց դիմելու կարգին։ Այդպիսով, դասընթացները դարձել են կարևոր հարթակ, որտեղ ձևավորվել է փոխօգնության և վստահության մթնոլորտ՝ նպաստելով ինքնաջակցության հմտությունների ձևավորմանը, որոնք էական նշանակություն ունեն սոցիալական ինտեգրման և համայնքային կյանքին լիարժեք մասնակցություն ունենալու համար։

Դասընթացների ժամանակ մասնակիցները ոչ միայն վերլուծել են իրենց կյանքի դժվարությունները և մարտահրավերները, այլև փորձել են գտնել դրանց հաղթահարման ուղիները։ Խմբային քննարկումները, ինտերակտիվ վարժությունները, գործնական առաջադրանքները, անձնական պատմությունների փոխանակումը և փոխօգնության մթնոլորտը հնարավորություն են տվել գիտակցել, որ յուրաքանչյուր մարդ ունի ներքին ռեսուրսներ նոր հնարավորություններ գտնելու և սեփական կյանքը վերակառուցելու համար։ Մասնակիցները նույնպես նշել են, որ նման հանդիպումները կարևոր են հատկապես նրանց համար, ովքեր վերաինտեգրման բարդ ճանապարհի սկզբում են, քանի որ դրանք թույլ են տալիս աջակցություն ստանալ մասնագետներից և զգալ, որ իրենք միայնակ չեն իրենց դժվարությունների մեջ։

Բացի այդ, դասընթացները ստեղծել են անվտանգ և ընդունող միջավայր, որտեղ բացակայել են խարանը կամ կատարած արարքի համար մեղադրանքը։ Սոցիալական տարբեր շերտերից եկած մարդիկ շփվել են հավասարը հավասարի պես՝ վստահության, փոխըմբռնման և փոխաջակցության մթնոլորտում։ Այդ ձևաչափը նպաստել է ոչ միայն մասնագիտական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը, այլև՝ անձնական աճին։ Մասնակիցները սովորել են լսել միմյանց, արտահայտել սեփական կարծիքը, բանավիճել հարգալից ձևով, կատակել և կառուցողական քննարկումներ վարել։ Արդյունքում ձևավորվել է դրական, համերաշխ և աջակցող միջավայր, որտեղ քննարկվել է անցյալի դրական փորձառությունը, ձևավորվել են ապագայի ծրագրեր և ստեղծվել են սոցիալական նոր կապեր՝ նպաստելով շահառուների լիարժեք վերասոցիալացմանը և հասարակության լիիրավ անդամ դառնալու գործընթացին։ Այդպիսով այն մարդիկ, ովքեր հաճախ հասարակության մեջ բախվել են խտրականության և մերժողական վերաբերմունքի, հնարավորություն են ունեցել բացահայտել իրենց ներուժը, կենտրոնանալ իրենց դրական հատկանիշների վրա և ձեռք բերել առողջ կենցաղավարում ապահովող գործնական հմտություններ։

Քանի որ ծրագրի հիմնական նպատակը պրոբացիայի ծառայության շահառուների սոցիալական ինտեգրմանը նպաստելն էր, հանդիպումններից մեկն անցկացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումում։ Մասնակիցներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, քաղաքացիների դիմելու ընթացակարգերը, ինչպես նաև Պաշտպանի միջամտության և պաշտպանության մեխանիզմները։ Քննարկվել են նաև շահառուների քրեադատավարական կարգավիճակով պայմանավորված իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանվում են դատարանի կողմից։ Հարցուպատասխանի ձևաչափով ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում շահառուները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր՝ կապված դատվածության իրավական հետևանքների, սահմանափակումների, դատվածության մարման կամ հանման ժամկետների հետ։ Մասնակիցները ստացել են նաև մանրամասն պարզաբանումներ իրենց իրավունքների իրացման, այդ համատեքստում համապատասխան պետական կամ այլ մարմինների դիմելու ընթացակարգերի և ժամկետների վերաբերյալ։

Դասընթացներից մյուսը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ռեսուրս դահլիճում։ Ներկայացվել են գործող պետական ծրագրերը, դրանց դիմելու ընթացակարգերը և պայմանները։ Մասնակիցներին ներկայացվել են նաև զբաղվածության ծրագրերում նախատեսվող փոփոխությունները և դրանց հնարավոր ընդլայնումը՝ սկսած 2026 թվականից։ Շահառուներն իրենց հերթին բարձրաձայնել են մի շարք կարևոր խնդիրների մասին, որոնց վերաբերյալ տրվել են մանրամասն պարզաբանումներ և կատարվել են համապատասխան ուղղորդումներ։ Քննարկումն ընդգծել է իրազեկվածության ցածր մակարդակի հարցը։ Այդ համատեքստում շահառուներին առաջարկվել է լինել իրենց համայնքի ակտիվ բնակիչներ և պարբերաբար դիմել համայնքային կառույցներին՝ տեղեկանալու օրենքներում և ընթացակարգերում տեղի ունեցող փոփոխությունների մասին։

Այսպիսով, ծրագիրն ամրապնդել է պրոբացիայի ծառայության շահառուների և համայնքի միջև կապը, խորացրել համագործակցությունը մարզային կառույցների միջև՝ վերահաստատելով այն համոզմունքը, որ նշված խոցելի խմբի արդյունավետ սոցիալական ինտեգրումը հնարավոր է միայն համապատասխան մարմինների միջև կառուցողական համագործակցության և բաց երկխոսության միջոցով։

Ծրագիրն ամփոփվել է «Պրոբացիայի ծառայության շահառուների վերաինտեգրումը․ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսով, որի նպատակն էր ամփոփել ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, ներկայացնել պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման բարելավման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև խթանել մարզային պետական ու մշակութային կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցութունն ու կառուցողական երկխոսությունը՝ ի շահ պրոբացիայի ծառայության շահառուների արդյունավետ սոցիալական ինտեգրման և անվտանգ ու ապահով հասարակության ձևավորման։ Կոնֆերանսին մասնակցել են ներկայացուցիչներ մարզային կառույցներից, պետական գերատսեչությունների մարզային ներկայացուցչություններից, մարզում գործող երիտասարդական, հասարակական և բուհական կառույցներից։ Յուրաքանչյուր կառույց ներկայացրել է այն գործառույթները և ծրագրերը, որոնք առկա են համայնքում և որոնցից կարող են օգտվել նաև պրոբացիայի ծառայության շահառուները։ Քննարկվել են նաև այն խնդիրները, որոնք խոչընդոտում են պրոբացիայի ծառայության շահառուների սոցիալական ինտեգրմանը կամ վերջիններիս հետ արդյունավետ աշխատանքին։ Հնչեցված հարցերի վերաբերյալ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան պաշտոնյաների կողմից տրվել են պարզաբանումներ, նաև պատրաստակամություն է հայտնվել այդ խնդիրները հետագա քննարկման առարկա դարձնել՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

Ծրագրի իրականացման ընթացքում ընթացիկ և ամփոփիչ հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակազմի հետ՝ քննարկելու համար ծրագրի առաջընթացը և այն հարցերը, որոնք ծագում են իրագործման ընթացքում։ Աշխատակիցների և ծրագրային թիմի անկաշկանդ քննարկումը հնարավորություն է տվել կենտրոնանալ երկուստեք առկա խնդիրների վրա՝ մասնագիտական ռեսուրսներին առնչվող հարցերից մինչև մասնագիտական աջակցություն, համատեղ վերլուծել դրանք և դիտարկել լուծման տարբեր ուղիներ։ Հանդիպումը դարձել է նաև արդյունավետ երկխոսության հարթակ, որտեղ կողմերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ միմյանց փորձառությանը։ Կողմերն անդրադարձել են նաև համագործակցության կատարելագործման հնարավորություններին, շահառուների վերասոցիալականացման գործընթացի շարունակական և արդյունավետ իրականացման հեռանկարներին։ Այդ շրջանակում շեշտվել է պետական և հասարակական համապատասխան կառույցների միջև փոխգործակցությունն ու ներգրավվածության բարձր մակարդակի ապահովման կարևորությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել մասնագիտական կապերի ամրապնդմանն, ինչպես նաև ծրագրի կայունությանն ու երկարաժամկետ շարունակականությանը։

Ծրագրի մեկնարկը, ընթացքը և ամփոփումը լուսաբանվել է ինչպես պետական համապատասխան կառույցների, այնպես էլ մարզում գործող լրատվամիջոցների կողմից՝ հնարավորություն տալով ապահովել ծրագրի տեսանելիությունը և արձանագրված ու առկա խնդիրների լուծման շուրջ պետական ու հասարակական կառույցների ջանքերի մեկտեղումը։  

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]