Skip to content Skip to sidebar Skip to footer

«COVID-19 կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունն ազատազրկված կանանց առողջության իրավունքի վրա». Քննարկման ամփոփում

2022 թվականի հուլիսի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ  «COVID-19 կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունն ազատազրկված կանանց առողջության իրավունքի վրա» թեմայով քննարկում:

Բանախոսներն էին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը:

 

 

Նարե Հովհաննիսյանը նշեց, որ Իրավական նախաձեռությունների կենտրոնն իրականացնում է «COVID-19-ի ազդեցությունն ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության վրա» ծրագիրը։

Ըստ նրա՝ քրեական արդարադատության համակարգում կանայք խոցելի խումբ են սեռով և գենդերով պայմանավորված, ուստի փորձել են հասկանալ, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն է ունեցել նրանց իրավունքների վրա։

«Հետազոտությունը ցույց տվեց, որ քրեակատարողական հիմնարկներում համավարակի կանխարգելումը կարողացել են պատշաճ իրականացնել։ Տարբեր երկրների փորձն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ քրեակատրողական հիմնարկներում եղել են բռնկումներ, բանտերը դարձել են վարակի տարածման աղբյուր, սակայն Հայաստանում նման դեպքեր չեն եղել: «Աբովյան» ՔԿՀ-ում COVID-19 համավարակի շրջանում գրանցվել է հիվանդացության ընդամենը մեկ դեպք, որը ժամանակին բացահայտվել է, նաև բուժումն է պատշաճ կազմակերպվել»,-ասաց նա։

Բանախոսի դիտարկմամբ՝ անազատության մեջ գտնվող կանանց մեծ մասը սոցիալապես անապահով են, ազատության պայմաններում էլ բժշկական ծառայություններից օգտվելու շատ հնարավորություն չեն ունենում, շատերը համալիր հետազոտության և բուժման կարիք են ունենում․

«Ցավալի է, բայց ազատազրկման մեջ հայտնվելով՝ այդ կանայք առաջին անգամ են հնարավորություն ունենում համալիր հետազոտություններ անցնել, բուժում ստանալ։ Արձանագրել ենք, որ որոշ կանայք գինեկոլոգիական ծառայություններից չեն օգտվել ազատության պայմաներում։ Գուցե չեն գիտակցել, գումար չեն ունեցել: Եվ միայն ազատազրկվելուց հետո սկրինինգային հետազոտությունների ժամանակ որոշ կանանց մոտ բացահայտվել են առողջական խնդիրներ»:

Համավարակի ժամանակ սահմանափակված էր տեղաշարժը և, օրինակ՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, որոնք պետք է ներկայանային «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն», ստանային դեղերը, դժվարություններ էին ունենում։ Հովհաննիսյանի խոսքով՝ ՔԿՀ-ում այդ խնդիրները շատ չեն եղել, որովհետև այդ ծառայությունների հասանելիությունը եղել է համապատասխան կառույցների միջև համագործակցությամբ։

Նա նշեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվում են կանայք և անչափահասներ, նրանց բժշկական կարիքներն ու խնդիրները տարբեր են, սակայն նույն բուժանձնակազմն է սպասարկում և՛ կանանց, և՛ անչափահասներին․

«Այս առումով մենք առաջարկում ենք, որպեսզի բուժանձնակազմի համար կազմակերպվեն նեղ մասնագիտական վերապատրաստումներ, որպեսզի, օրինակ, նույն հոգեբույժը կարողանա և՛ անչափահասի, և՛ կանանց հետ աշխատել»։

Ինչ վերաբերում է պրոբացիայի ծառայությունում գտնվող կանանց, Հովհաննիսյանն ասաց, որ ծառայությունը միջամտելու լծակ չունի, քանի որ անձինք պատիժը կրում են ազատության մեջ, և առողջապահական ծառայությունները նրանց հասանելի են այնպես, ինչպես բոլորին։

«Հիմնական խնդիրն այն է, որ այդ կանայք սոցիալապես անապահով են և անվճարունակ։ Եթե պատիժը տուգանքն է, նրանք խնդիրներ են ունեցել միաժամանակ հոգալ սոցիալական կարիքներն ու զուգահեռ տուգանք վճարել, քանի որ նախ աշխատանքներն են դադարեցվել, բացի այդ հիվանդանոցները ծանրաբեռնված էին և մի պահ սպասարկում էին միայն քովիդով հիվանդներին»,-ասաց Նարե Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ համավարակի ժամանակ արգելված էին տեսակցությունները, ինչը կանանց վրա հոգեբանորեն ծանր է ազդել: Կար հնարավորություն տեսակապի կամ զանգի միջոցով շփում հարազատների հետ, սակայն դա չի փոխարինում կենդանի շփմանն ու տեսակցությանը։ Նա նաև նշեց, որ կանայք սովորաբար խուսափում են երկարատև տեսակցություններից, չեն ուզում իրենց երեխաներին բերել քրեակատարողական հիմնարկ, որպեսզի նրանց սթրեսից զերծ պահեն։

Հաջորդ խնդիրն առնչվում է միջին բուժանձնակազմի հերթափոխերին: Հերթափոխն իրականացնում է մեկ բուժքույր և մեկուսարանում, որտեղ պահվում են կալանավորված և դատապարտված անչափահասները, կալանավորված, փակ և կիսափակ ռեժիմում պատիժ կրող կանայք, և կացարանային մասնաշենքում, որտեղ պահվում են կիսաբաց ռեժիմում պատիժ կրող կանայք: Խնդիր է առաջանում մի մասնաշենքից մյուս մասնաշենք գնալիս, քանի որ ֆիզիկապես և ժամանակի առումով դժվար է մեկ ռեժիմային գոտուց գնալ մեկ այլ ռեժիմային գոտի: Հովհաննսյանը հայտնեց, որ այս առումով առաջարկներ կներկայացվեն:

Ամփոփելով քննարկումը՝ բանախոսը նշեց. «Առողջապահական թեման հետազոտության առանցքային թեմաներից է: Որակյալ առողջապահական ծառայության  մատուցումը պայմանավորված է ոչ միայն ՊՈԱԿ-ի աշխատանքով, այլև՝ քրեակատարողական հիմնարկների՝ սկսած վերջիններիս շենքային պայմաններից: Եթե խոսում ենք բժշկական ծառայության համար նախատեսված բաժիների մասին, դրանց շենքային պայմանները մեծապես պայմանավորված են տվյալ քրեակատարողական հիմնարկի պայմաններով: Եթե պայմանները  բարվոք են, ապա  բուժանձնակազմի  համար նախատեսված աշխատանքային սենյակի պայմանները ևս բարվոք են: Այսինքն՝ այս կետում հատվում են 2 կառույցների աշխատանքները: Այն պայմաններում, որտեղ պահվում են ազատազրկված անձինք, աշխատում են հիմնարկների աշխատողները և բուժանձակազմը: Հետևաբար այդ պայմանների բարելավումն ազդում է նաև մատուցվող ծառայությունների որակի վրա»:

Նաիրա Բաբայանը նշեց, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն առաջնորդվում է ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 825-Ն որոշմամբ և առողջապահության նախարարության իրավական ակտերով:

«Ինչ վերաբերում է ազատազրկված անձանց, ապա մենք վերաբերվում ենք որպես հասարակության մի մասնիկի: Նրանց տրամադրվող բժշկական օգնությունը չի տարբերվում ազատության մեջ գտնվող անձանց  մատուցվող ծառայություններից: Այսինքն՝ ներառում է այն, ինչ պետության կողմից երաշխավորված բուժսպասարկման շրջանակներում հասանելի է բնակչությանը: Ազատազրկված անձինք խոցելի խումբ են և լինելով պետության հոգածության ներքո՝ օգտվում են առողջապահական սպասարկման այն ծավալներից, ինչ հատկացվում է պետության կողմից»,-մանրամասնեց բանախոսը: 

Անդրադառնալով թեստավորմանը՝ Ն. Բաբայանն ասաց, որ ՊՈԱԿ-ն իրականցնում է սկրինինգային ծրագիր, որն ընդգրկում է ոչ միայն COVID-19-ի, այլև հեպատիտ C-ի և ՄԻԱՎ-ի թեստավորում: Գործընթացն իրականացվել է հետևյալ կերպ: Անկախ նրանից՝ անձն առաջին անգամ է մուտք գործել հիմնարկ, հիմնարկից հիմնարկ է տեղափոխվել, թե դատական նիստից է վերադարձել, ցանկացած մուտքի ժամանակ ռապիդ թեստավորում է իրականացվել: Թեստավորումն իրականացվել է անվճար՝ առողջապահության նախարարարության, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերված թեստերի միջոցով, որոնք 99% տոկոս հավաստիություն ունեն: Հիմնարկում արված թեստի դրական պատասխանը համընկել է ՊՇՌ հետազոտության պատասխանի հետ:

Տեսակցություների ժամանակ թեստավորումը վճարովի էր կատարվում: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ ՊՇՌ հետազոտություն էր պահանջվում, այլ ոչ թե ռապիդ, իսկ ՊՈԱԿ-ը ՊՇՌ հետազոտություն կատարելու հնարավորություն չունի, հետևաբար անձը վճարել է: Այս պարագայում ՊՈԱԿ-ը միջամտության իրավասություն չի ունեցել: Սակայն պետության մոտեցումն այն էր, որ եթե անձը պատվաստված է, կարող է տեսակցել: Այսինքն՝ անձի տեսակցելու իրավունքը չի խախտվել:

Ազատազրկված անձինք կցագրված են հիմնարկներին մոտ գտնվող պոլիկլինիկ ծառայություններին: Պատվաստումներն իրականացնելու համար ՊՈԱԿ-ը համագործակցել է հիմնարկներին կցագրված պոլիկլինիկաների հետ: Աշխատանքները կազմակերպվել են արագ: Ընդ որում, ոչ թե անձանց են տեղափոխել պոլիկլինիկաներ, այլ պոլիկնինիկանների շրջիկ խումբն է այցելել հիմնարկներ: Բոլոր պատվաստանյութերը հասանելի են եղել ազատազրկված անձանց: Անձն է ընտրել, թե որ պատվաստանյութով պատվաստվի:

Ինչ վերաբերում է կանանց տրամադրվող առողջապահական ծառայություններին, ապա կատարվում են կանխարգելիչ բնույթ կրող հետազոտություններ: Պարտադիր են Պապիլոմա վիրուսի հետ կապված սկրինինգը, կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը և այլն: Կանխարգելիչ այցն իրականացնում է տվյալ հիմնարկի ստորաբաժանման բժիշկը: Եթե այցի ժամանակ խնդիր է հայտանաբերվում, ապա անձը տեղափոխվում է քաղաքացիական բուժհաստատություն, որտեղ կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները՝ պետության կողմից երաշխավորված ուղեգրմամբ:

«Պրոֆիլակտիկ զննության ժամանակ գինեկոլոգը կատարում է կրծքագեղձի շոշափում, եթե այդ ժամանակ հայտնաբերվոմ է կասկածելի գոյացություն, կատարվում է պետության կողմից երաշխավորված սոնոգրաֆիկ հետազոտություն: Եթե սոնոգրաֆիկ հետազոտությունն էլ է ցույց տալիս, որ խնդիր կա, կատարվում են մամոգրաֆիա, ԿՏ հետազոտություն»,-մանրամասնեց բանախոսը:

Բացի այդ, տարվա մեջ 2 անգամ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն է կատարվում: 2022 թվականին ՊՈԱԿ-ը համագործակցել է «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Կասկածելի դեպքերը վեր հանելուց հետո մասնագիտական կենտրոններում լրահետազոտություններ կկատարվեն, որպեսզի բացահայտվեն թոքերի հետ կապված խնդիրները:

Ն. Բաբայանը տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների աշխատանքը հավասարեցված է առողջության առաջանային պահպանության օղակի աշխատանքին: Դա նշանակում է, որ մատուցվում է նույն պոլիլինիկ ծառայությունը, ինչը որ ազատության մեջ գտնվող կանայք ստանում են պոլիկլինիկաներում: ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանանց ամբուլատոր բուժումը: Եթե ստացիոնար բուժման կարիք է լինում, նրանք տեղափոխվում են համապատասխան բուժհաստատություններ:

 

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականի ապրիլից իրականացնում է «COVID-19-ի ազդեցությունն ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության վրա» ծրագիրը, որի նպատակն է խթանել ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությունը համավարակի պայմաններում և բարձրացնել նրանց վերաբերյալ հանրային իրազեկվածությունը:

Ծրագրի արդյունքները հանրայնացնելու և դրանց լայն քննարկումն ապահովելու նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ թեմատիկ մամուլի ասուլիս է կազմակերպվել, որը նպաստում է, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2022 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.