Skip to content Skip to sidebar Skip to footer

Հաջողության պատմություն. Դատախազությունը միջնորդել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետին՝ խրախուսանք կիրառել ցմահ դատապարտյալի նկատմամբ

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալ  Մ. Մարտիրոսյանն ակտիվորեն համագործակցում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ:

2021 թվականին դատապարտյալը մասնակցել է «Նամակներ բանտից» նախաձեռնությանը, ինչի համար արժանացել է շնորհակալագրի: Նրա հեղինակած 2 հոդվածները տպագրվել են կազմակերպության կայքում. «Մենք դեռ կանք», «Ազատազրկման փորձություն և հետևանք»:

Դատապարտյալը 2022 թվականին մասնակցել է «Ձեռդք տո՛ւր, հասարակություն» խորագրով ցուցահանդես-վաճառքին՝ ներկայացնելով իր պատրաստած կավի աշխատանքները, ինչի համար ևս նրան կազմակերպության կողմից շնորհակալագիր է տրվել:

Կազմակերպության հետ համագործակցությունը հավաստող փաստաթղթերը կցվել են դատապարտյալի վերաբերյալ անձնական գործին, ինչի ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնակատար Ա. Բրուտյանը միջնորդություն է ներկայացրել   ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Ղազարյանին՝ քննարկել ցմահ դատապարտյալ Մ.Մարտիրոսյանին նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելու հարցը:

Լիահույս ենք, որ կազմակերպության հետ աշխատանքը և համագործակցությունը դրական ազդեցություն կունենան նաև մյուս դատապարտյալների համար:

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ուսումանսիրվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:

Ուսումնասիրվել է նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ  Մ. Մարտիրոսյանի վերաբերյալ փաստաթղթերն ու անձնական գործը: Վերջինս 2003թ. սեպտեմբերի 12-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 11-րդ կետերով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ կատարելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ըստ դատավճռի՝ վերջինս տուժողի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, սպանության դիտավորությամբ հանցակցի հետ մուտք է գործել վերջինիս բնակարան և դանակի բազմաթիվ հարվածներով սպանել նրան, որից հետո կատարած հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով այրել են դիակը և դիմել փախուստի:

Պատժի սկիզբը հաշվվել է 2003թ. հուլիսի 9-ը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի 2021թ. օգոստոսի 27-ի որոշմամբ դատապարտյալը տեղափոխվել է կիսաբաց ուղղիչ հիմնարկ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև դատապարտյալը պատժի կրման ընթացքում չի խրախուսվել, 2 անգամ՝ 2010թ. բջջային հեռախոս պահելու, իսկ 2017թ. 2 «վայ-ֆայ» սարք պահելու համար, ենթարկվել է կարգապահական տույժի, սակայն 2019թ. սկսած՝ պատժի կրման ընթացքում մասնակցել է տարաբնույթ դասախոսությունների, դասընթացների, ստացել հավաստագրեր, մասնակցել է գրական-գեղարվեստական, կրթական-լուսավորչական միջոցառումների, ստեղծագործական մրցույթների և աշխատանքների, ցուցահանդես-վաճառքների՝ ներկայացնելով իր կողմից կավից ստեղծված իրեր, ընդգրկվել է հիմնարկի, դրան հարող տարածքի բարեկարգման՝ առանց վարձատրության աշխատանքներին:

Ըստ անձական գործում առկա տվյալների՝ 2021թ. հոկտեմբերի 25-ին Մ. Մարտիրոսյանը պայմանագիր է կնքել գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում սովորելու համար և սովորում է 3-րդ կուրսում։

2021թ. նոյեմբերի 16-ից ընդգրկվել է ՔԿՀ-ում գործող մշակութային ինքնագործ միավորման կազմում, հասարակական կազմակերպությունից ստացել շնորհակալագիր համագործակցելու և ծրագրերին կամավոր մասնակցելու համար։ Իսկ 2022թ. հունվարի 5-ից Մ.Մարտիրոսյանն աշխատում է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտում որպես բանվոր:

Այսինքն՝ ուսումասիրությամբ պարզվել է, դատապարտյալը պատժի կրման ընթացքում դրսևորել է օրինապահ վարքագիծ, բարեխիղճ վերաբերմունք է ունեցել աշխատանքի և ուսման նկատմամբ, ակտիվորեն մասնակցել է դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին և միջոցառումներին, որոնք կրել են տևական բնույթ: Արդյունքում՝ ՔԿՀ-ի վարչակազմը նրա վարքագծում արձանագրել է  դրական տեղաշարժ:

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնակատար Ա. Բրուտյանը միջնորդություն է ներկայացրել   ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Ղազարյանին՝ քննարկել ցմահ դատապարտյալ Մ.Մարտիրոսյանին նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելու հարցը:

 

Աղբյուրը` ՀՀ դատախազություն

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2022 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.