Skip to content Skip to sidebar Skip to footer

Ընթերցանությունը քրեակատարողական հիմնարկներում

Ազատազրկված անձանց համար գրականության, գրադարանի և ընթերցասրահների հասանելիությունն ապահովելը կարևոր նշանակություն ունի ոչ միայն նրանց կրթության և զբաղվածության, այլև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման տեսանկյունից:

Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկները, բացառությամբ «Աբովյան» և «Սևան» ՔԿՀ-ների, ունեն 1-ական գրադարաններ, որոնք համալրված են գրականությամբ: «Աբովյան» ՔԿՀ-ն ունի 1 հիմնական և 2 տեղամասային, իսկ «Սևան»  ՔԿՀ-ն՝ 1 աշխարհիկ և 1 հոգևոր գրադարան:

  • «Աբովյան» ՔԿՀ-ում գործում է 3 գրադարան, որտեղ պահվում է մոտ 15,100 կտոր գիրք:
  • «Արթիկ» ՔԿՀ-ում գործում է 1 գրադարան իր ընթերցասրահով, որտեղ պահվում է մոտ 4000 կտոր գիրք:
  • «Արմավիր» ՔԿՀ-ում գործում է 1 գրադարան, որտեղ պահվում է 3500 կտոր գիրք:
  • «Գորիս» ՔԿՀ-ում գործում է 1 գրադարան, որտեղ պահվում է 1253 կտոր գիրք:
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գործում է 1 գրադարան, որտեղ պահվում է 1788 կտոր գիրք:
  • «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գործում է 1 գրադարան, որտեղ պահվում է շուրջ 2500 կտոր գիրք:
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործում է 1 գրադարան, որտեղ պահվում է 4000 կտոր գիրք:
  • «Սևան» ՔԿՀ-ում գործում է 1 գրադարան, որտեղ պահվում է 4351 կտոր գիրք, և 1 հոգևոր գրադարան, որտեղ պահվում է 186 կտոր գիրք:
  • «Վանաձոր» ՔԿՀ-ում գործում է 1 գրադարան, որտեղ պահվում է 1670 կտոր գիրք:
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ում գործում է 1 գրադարան, որտեղ պահվում է 4172 կտոր գիրք:
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ

Քրեակատարողական հիմնարկների գրադարանները նոր գրականությամբ համալրելու հարցում հավասար մոտեցում չի ցուցաբերվում: Գրադարանները հիմնականում համալրվում են հասարակական կազմակերպությունների կամ անհատների կողմից կատարված նվիրատվությունների միջոցով: Ընդ որում, համալրումներ կատարելիս նկատի չեն առնվում ազատազրկված անձանց մասնագիտական և կրթական կարիքները, քանի որ նման ուսումնասիրություններ չեն իրականացվում:

  • «Աբովյան» գրադարանը վերջին անգամ համալրվել է 2019 թվականին: Ապրիլի 5-ին «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից նվիրաբերվել է 455 կտոր գիրք, իսկ հունիսի 21-ին՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ 179 կտոր գիրք:
  • 2019 թվականի փետրվարին գրքի տոնի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի դասախոս Վարդան Մելքոնյանը «Արթիկ» ՔԿՀ-ին է նվիրել 100 կտոր գեղարվեստական և մասնագիտական գրականություն: 2021 թվականի սեպտեմբերի 2-ին «Արթիկ» ՔԿՀ է այցելել Կալիֆոռնիայի Հայ գրողների միության անդամ Արգամ Ափրիկյանը: Նա 15 կտոր գիրք է նվիրել հիմնարկի գրադարանին:
  • «Արմավիր» ՔԿՀ-ի գրադարանը վերջին անգամ համալրվել է 2021 թվականի դեկտեմբերի կեսերին 250 կտոր գրքով, որը հիմնարկում կազմավորված ինքնագործ միավորման աշխատանքի արդյունքն է:
  • «Գորիս» ՔԿՀ-ի գրադարանը վերջին անգամ համալրվել է 2017 թվականին Գորիսի համայնքապետարանի աջակցությամբ՝ 150 կտոր գրքով:
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գրադարանը 2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում համալրվել է շուրջ 400 կտոր գրականությամբ: 2021 թվականի հուլիսին անանուն բարերարի կողմից հիմնարկի գրադարանին նվիրաբերվել է 155 կտոր գիրք:
  • 2018 թվականի մարտի 28-ին «Լև Գրուպ» ՍՊԸ-ն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի գրադարանին նվիրաբերել է 40 անուն գիրք՝ 20 գեղարվեստական գիրք և 20 անուն գրքույկ:
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գրադարանը 2019 թվականի հունվարի 17-ին համալրվել է 64 կտոր գրքով: 2020 թվականին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը հիմնարկի գրադարանին է նվիրել 140 կտոր գիրք:
  • «Սևան» ՔԿՀ-ի գրադարանը 2018 թվականի մայիսի 18-ին համալրվել է 123 անուն գրքով: Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 2021 թվականի օգոստոսի 12-ին գրադարանին է նվիրել 17 կտոր գիրք:
  • «Վանաձոր» ՔԿՀ-ի գրականությունը տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից պարբերաբար ավելացվում է: Հիմնարկի գրադարանը վերջին անգամ համալրվել է 2018 թվականի ապրիլին՝ 28 կտոր գրքով:
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ի գրադարանը 2019 թվականի մարտի 12-ին համալրվել է 93 կտոր գրքով: Իսկ 2020 թվականի մայիս ամսին գրադարանին նվիրաբերվել է 50 կտոր գեղարվեստական գրականություն:
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ

Գրքերից, ամսագրերից և թերթերից օգտվելու կարգը և պայմանները սահմանում է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, որի համաձայն՝ գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացնում է գրադարանավարը՝ ազատազրկված անձանց պատվերների հիման վրա: Պարզել ենք, որ հիմնարկներում գրադարանավարի հաստիք նախատեսելու հարցում նույնպես միասնական մոտեցում չի ցուցաբերվում:

Այսպես, գրադարանավարի հաստիք նախատեսված է «Աբովյան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: Այդտեղ այդ աշխատանքը կատարում են հիմնարկների տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտում ընդգրկված՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները: Աշխատանքի համար սահմանված է նաև վարձատրություն՝ նվազագույն աշխատավարձի չափով:

«Աբովյան» ՔԿՀ-ից գրադարանավարի աշխատանքը կատարող կին դատապարտյալի աշխատավարձի չափը չեն նշել: «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղեկացրել են, որ գրադարանավարի աշխատավարձը կազմում է 92,617 ՀՀ դրամ:

Մնացած հիմնարկներում գրադարանավարի հաստիք նախատեսված չէ:

Այսպես, «Արթիկ» ՔԿՀ-ում գրադարանավարի պարտականությունները կատարում է կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող, ինքնագործ միավորների կազմում ընդգրկված դատապարտյալներից մեկը՝ հասարակական հիմունքներով:

«Արմավիր» ՔԿՀ-ում գրադարանավարի աշխատանքը կատարում է չվարձատրվող աշխատանքներում ընդգրկված դատապարտյալներից մեկը՝ կամավորության սկզբունքով:

«Սևան» ՔԿՀ-ում գրադարանների մաքրման և սպասարկման աշխատանքները կատարում են առանց վարձատրության աշխատանքներում ընդգրկված դատապարտյալները:

«Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում գրադարանավարի աշխատանքը կատարում են հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները: Այդ աշխատանքը կատարելու դիմաց նշված բաժնի աշխատակիցների համար լրացուցիչ վարձատրություն նախատեսված չէ: 

Տրամաբանական է, որ քրեակատարողական հիմնարկներում գրադարանավարի հաստիք նախատեսելու և այն համալրելու հարցում միասնական մոտեցման բացակայությունը գործնականում կարող է մի շարք խնդիրներ առաջացնել:

Օրինակ՝ գրադարանավարի գործառույթ կատարելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում սոցիալական, հոգեբանական կամ իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների համար: Իսկ գրադարանավարի աշխատանքը դատապարտյալների կողմից կատարվելու դեպքում տվյալ հաստիքը կարող է թափուր մնալ, քանի որ տվյալ դատապարտյալի՝ պատժի հետագա կրումից ազատվելու դեպքում այդ աշխատանքում այլ դատապարտյալ ներգրավելը որոշ ժամանակ է պահանջում:

ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ

Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը սահմանում է, որ կիսաբաց կամ բաց ուղղիչ հիմնարկում գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալները օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին:

Ընթերցասրահներ առկա չեն «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում, ինչը պայմանավորված է տվյալ ՔԿՀ-ներում գործող ուղղիչ հիմնարկի տեսակներով: Այդ հիմնարկներում ազատազրկված անձինք ընթերցանությամբ զբաղվում են խցերում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ զրուցարաններում կամ հիվանդասենյակներում:

«Աբովյան» ՔԿՀ-ի ընթերցասրահը կանանց տեղամասում է: Տեղամասը նախատեսված է կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող կանանց համար: Կալանավորված, փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող կանանց և անչափահասների ընթերցանությունն իրականացվում է խցերում:

«Արմավիր» ՔԿՀ-ի գրադարանը միաժամանակ միաժամանակ հիմնարկի ընթերցասրահն է, որտեղ ընթերացնությամբ կարող են զբաղվել կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող անձինք: Իսկ կալանավորված անձանց և փակ ու կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ընթերացնությունը կազմակերպվում է խցերում:

«Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում առկա են 1-ական ընթերցասրահներ: Ընթերցասրահից չօգտվող ազատազրկված անձինք ընթերցանությամբ զբաղվում են կացարաններում կամ խցերում:

ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ

Համապատասխան պայմանների բացակայությունը բացասաբար է անդրադառնում ընթերցանության վրա: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ազատազրկված անձանց շատ քիչ տոկոսն է զբաղվում ընթերցանությամբ: Ընդ որում, առկա չէ գրքերի սպասարկման և գրականությունից օգտվող անձանց վերաբերյալ հաշվառում իրականացնելու միասնական ընթացակարգ:

  • «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անձանց մոտ 60 տոկոսը օգտվում է գրադարանից:
  • «Արթիկ» ՔԿՀ-ում գրադարանից օգտվողների թիվը փոփոխական է, ինչը կախված տվյալ պահի քանակակազմից: Ընթերցանությամբ զբաղվում է օրական միջինը 20 հոգի:
  • «Արմավիր» ՔԿՀ-ում 2021 թվականի ընթացքում գրադարանից օգտվել է անազատության մեջ գտնվող 180 անձ:
  • «Գորիս» ՔԿՀ-ում գրադարանից տարեկան օգտվում է 85-100 ազատազրկված անձ:
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում յուրաքանչյուր ամիս գրադարանից օգտվում է 20-25 ազատազրկված անձ:
  • «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող բոլոր կալանավորված անձինք և դատապարտյալներն օգտվում են գրադարանից:
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ն նաև կալանավորված անձանց պահելու վայր է և մշտապես իրականացնում է հիմնարկում պահվող անձանց հաճախակի տեղափոխումներ: Հետևաբար գրադարանից օգտվող անձանց հստակ թիվ չեն տրամադրել: Միայն տեղեկացրել են, որ գրադարանից օգտվում է պահվող անձանց 20-30 տոկոսը:
  • «Սևան» ՔԿՀ-ում գրադարանից ամսվա ընթացքում միջին հաշվով օգտվում է 10-15 դատապարտյալ:
  • «Վանաձոր» ՔԿՀ-ում մոտ 20 ազատազրկված անձ պարբերաբար օգտվում է գրադարանից: Այդ թիվն աճման միտում ունի:
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ում 2021 թվականի ընթացքում գրադարանից օգտվել է 201 ազատազրկված անձ:
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ

Ինչպես գիտենք, ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն՝ ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է:

Նշենք, որ «Կոշ» ՔԿՀ-ում գործում էր 2 գրադարան՝ 1 աշխարհիկ,  որտեղ պահվում էր 7514 կտոր գիրք, և 1 հոգևոր, որտեղ պահվում էր 727 կտոր գիրք: «Հրազդան» ՔԿՀ-ում գրադարանի համար առանձին տարածք հատկացված չէր: Գրապահոցը տեղակայված էր հոգեբանի աշխատասենյակում: Այնտեղ պահվում էր թվով 2347 կտոր գիրք:

«Կոշ» ՔԿՀ-ի գրադարանը վերջին անգամ համալրվել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2018 թվականի հուլիս ամսին 40 անուն գրականությամբ՝ 15 հայերեն և 25 ռուսերեն: «Հրազդան» ՔԿՀ-ի գրապահոցը 2018 թվականի փետրվար և հունիս ամիսներին համալրվել էր 262 կտոր գրքով: 2021 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանը նույնպես գրքեր է նվիրել հիմնարկին:

Նշված ՔԿՀ-ներում գրադարանավարի հաստիք նախատեսված չէր: «Կոշ» ՔԿՀ-ում այդ աշխատանքը կատարվում էր դատապարտյալների կողմից՝ չվարձատրվող հիմունքներով, իսկ «Հրազդան» ՔԿՀ-ում՝  հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակցի կողմից:

«Կոշ» ՔԿՀ-ի գրադարաններին կից գործում էին ընթերցասրահներ՝ համապատասխանաբար աշխարհիկ և հոգևոր գրականություն ընթերցողների համար: Այնտեղ գրադարանից օգտվում էր դատապարտյալների ընդհանուր թվի մոտ 20-25 տոկոսը:

Պայմանավորված հիմնարկում գործող ուղղիչ հիմնարկի տեսակներով՝ «Հրազդան» ՔԿՀ-ում ընթերցասրահ առկա չէր: Ազատազրկված անձինք ընթերցանությամբ զբաղվում էին խցերում: Ամսվա ընթացքում գրականությունից օգտվում էր մոտավորապես 20 ազատազրկված անձ:

Այսպիսով, դժվար է գնահատել, թե գործնականում ընթերցանությունն ինչպես է նպաստում ազատազրկված անձանց արդյունավետ զբաղվածության ապահովմանը, նրանց զարգացմանը և մասնագիտական կարողությունների պահպանմանը, քանի որ բացակայում են ընթերցանությունը խրախուսելու համապատասխան միջոցները և պայմանները:

Ավելացնենք, որ 2018 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու և գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալին, որպես խրախուսանքի միջոց, սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել: ՀՀ կառավարությունը, սակայն, բացասական դիրքորոշում է հայտնել նախագծով առաջարկվող իրավակարգավորումների կապակցությամբ:

 

Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.