Ազատազրկված անձանց առողջությունը պահպանելու և ազատ ժամանակն արդյունավետ ձևով տնօրինելու համար պայմաններ ստեղծելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի մարզասրահների առկայությունը:
Մարզասրահների և մարզասարքերի առկայության, համալրվածության, մարզասրահներից օգտվող ազատազրկված անձանց թվաքանակի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներից ստացված հարցումների պատասխանները ցույց են տալիս, որ ոչ բոլոր հիմնարկներում են առկա մարզասրահներ: Այդտեղ որպես մարզասրահ հարմարեցված են զբոսահրապարակները կամ այլ տարածքներ։
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
- «Աբովյան» ՔԿՀ-ն ունի 2 մարզասրահ և 1 մարզադահլիճ: Մարզադահլիճում առկա են 1 թենիսի սեղան, ձեռքի ուժի համար նախատեսված 1 սեղան, բասկետբոլի 2 զամբյուղ, վոլեյբոլի 2 ցանց, 1 այծիկ, 5 գնդակ: Կանանց տեղամասի մարզասրահում առկա են 1 թենիսի սեղան, 1 հեծանիվ, 2 դահուկ հեծանիվ, 2 փորի պրես, 2 ուժային տրինաժոր, 1 պտտաձող (տուռնիկ), 1 վազքուղի, 15 գիմնաստիկայի մատ, 10 ստեպ, 15 ցատկապարան, 5 օղակ: Կալանավորված անձանց պահելու վայրի մարզասենյակում առկա են 1 թենիսի սեղան, 2 հեծանիվ, ձեռքի ուժի համար նախատեսված 1 սեղան, 1 ուժային տրինաժոր, 1 վազքուղի, 5 գիմնաստիկայի մատ, 5 ցատկապարան:
- «Արթիկ» ՔԿՀ-ի բոլոր մասնաշենքերում տեղադրված են (ինչպես բացօթյա, այնպես էլ սենյակային) տարբեր մարզասարքեր: Մասնավորապես, բոլոր մասնաշենքերի բակերում տեղադրված են ինքնաշեն պտտաձողեր, զուգափայտեր, մասամբ նաև տանձիկներ: Հիմնարկի բոլոր խցերում առկա են շախմատներ: Որոշ մասնաշենքերում առկա են բիլիարդ, սեղանի թենիս, մեկ մասնաշենքում գործում է ֆիտնես սրահ՝ իր գույքով (ծանրաձող, հեծանվային մարզասարք, մարզասարք-վազքուղի, ուժային վարժությունների համար նախատեսված մասնագիտացված մարզզասարք և այլն): Հիմնարկում առկա են նաև ֆուտբոլի և վալեյբոլի դաշտեր:
- Քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ում ի սկզբանե նախատեսված չեն եղել մարզասրահներ, հիմնարկի 6 մասնաշենքերից յուրաքանչյուրում զբոսահրապարակում հատկացվել է տարածք մարզումների համար, որտեղ մարզվում են դատապարտյալները և կալանավորված անձինք: Մարզումների համար նախատեսված յուրաքանչյուր տարածք ապահովված է 1 հատ ծանրաձողով, 6-8 հատ ծանրաքարերով, 1 հատ տանձիկով, 2 հատ մարզասարքով: Մասնաշենքերում առկա են նաև թենիսի սեղաններ:
- «Գորիս» ՔԿՀ-ում մարզասրահ առկա չէ: Որպես մարզասրահ հարմարեցված է հիմնարկի զբոսահրապարակներից մեկը, որը համալրված է ինքնաշեն մարզագույքով:
- «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մարզասրահ առկա չէ, սակայն հիմնարկի բնակելի գոտում առկա են ինքնաշեն պատրաստված մարզասարքեր:
- «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում մարզասրահ առկա չէ: Ազատազրկված անձինք մարզվում են զբոսանքի ժամին զբոսահրապարակներում: Այնտեղ առկա է 2 հեծանիվ-մարզասարք, որոնք հերթով տրամադրվում են ազատազրկված անձանց:
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա է 1 մարզասենյակ, որտեղ առկա են 2 ծանրաձող, հեծանիվ, շվեդական պատ և ծանրաքարեր: Մարզասենյակը 2016 թվականին վերանորոգվել և մարզասարքերով համալրվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց առողջության պահպանման և օգտակար զբաղվածության բարելավման նպատակով:
- «Սևան» ՔԿՀ-ում առկա է 1 մարզասրահ, որտեղ առկա են 4 ծանրաձող՝ իր կշռաքարերով, 13 ծանրաքար, 2 բռնցքամարտի տանձիկ, 9 մարզասարք, 1 թենիսի սեղան՝ իր պարագաներով, 1 զուգահեռաձող, 1 պտտաձող, 1 բասկետբոլի օղակ և 1 մարզագորգ, 1 հատ թենիսի սեղան, 1 հատ վոլեյբոլի ցանց: Հիմնարկում առկա է նաև բիլիարդի սեղան՝ իր բոլոր բաղադրամասերով:
- «Վանաձոր» ՔԿՀ-ում գործում է 1 մարզասրահ՝ 9 մարզագույքով, որը նոր շենք տեղափոխվելու կապալցությամբ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» կողմից 2007 թվականին նվիրաբերվել է հիմնարկին:
- «Վարդաշեն» ՔԿՀ-ում գործում է 5 մարզասրահ: Առկա են 5 հատ ծանրաձող, 3 հատ գիր, 8 հատ գանտել, 1 հատ սեղանի թենիս, 1 հատ բիլիարդի սեղան, 1 հատ շվեդական աստիճան, 1 հատ վարժասարք, 1 հատ մարզասարք, 1 հատ պտտաձող, 1 հատ էլեկտրական հեծանիվ:
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ
Հարցումների միջոցով ստացված տվյալների համադրման արդյունքում ի հայտ են եկել այլ խնդիրներ ևս: Օրինակ, հիմնարկները մարզագույքով համալրելու հարցում միասնական մոտեցում չի ցուցաբերվում: Համալրումները հիմնականում կատարվում են հասարակական կազմակերպությունների, բարեգործական ծրագրերի կամ անհատների կողմից: Այդ պատճառով տարբեր հիմնարկներում մարզասարքերով հագեցվածության աստիճանը տարբեր է:
- «Աբովյան» ՔԿՀ-ն վերջին անգամ մարզասարքով համալրվել է 2018 թվականին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից: Վերջինս «Վերականգնողական արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակներում հիմնարկին է տրամադրել հետևյալ մարզագույքը՝ 2 հեծանիվ, 2 դահուկ հեծանիվ, 2 փորի պրես, 3 ուժային տրինաժոր, 1 պտտաձող, 2 վազքուղի, 20 գիմնաստիկայի մատ, 10 ստեպ, 20 ցատկապարան:
- Առկա մարզասարքերը «Արթիկ» ՔԿՀ-ին են տրամադրվել տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով մոտ 10 և ավել տարի առաջ, հետևաբար որևէ փաստաթուղթ առկա չէ:
- «Արմավիր» ՔԿՀ-ն վերջին անգամ մարզասարքով համալրվել է 2019 թվականին: «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հիմնարկին են տրամադրվել 3 հատ ծանրաձողեր՝ իրենց կռշաքարերով, 3 հատ տանձիկ:
- «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն վերջին անգամ հեծանիվ-մարզասարքով համալրվել է 2017 թվականի օգոստոսի 4-ին, որը տրամադրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան պատվիրակության կողմից:
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ն 2016 թվականից հետո նոր մարզասարքերով չի համալրվել:
- «Սևան» ՔԿՀ-ում մարզասարքերով համալրման դեպքերի մասին տվյալներ առկա չեն:
- Տարիների ընթացքում տարբեր բարեգործական կազմակերպությունների և անհատների կողմից «Վանաձոր» ՔԿՀ-ի մարզասրահին նվիրաբերվել է տարատեսակ մարզագույք:
- «Վարդաշեն» ՔԿՀ-ն վերջին անգամ մարզագույքով համալրվել է 2021 թվականի նոյեմբերին ֆիզիկական անձի կողմից:
«Աբովյան» ՔԿՀ-ում առկա են 1 անսարք վազքուղի և 1 հեծանիվ, որոնք ենթակա չեն վերանորոգման: «Արթիկ» մարզասարքերը մեխանիկական են, և հնարավոր անսարքությունները վերացվում են տեղում՝ ազատազրկված անձանց կողմից: «Արմավիր», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներից տեղեկացրել են, որ այնտեղ անսարք մարզասարքեր չկան: «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղեկացրել են, որ մարզասարքերը և մարզագույքը պահվում են սարքին վիճակում: «Գորիս» և
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներից նոր մարզագույքով համալրման կամ մարզագույքի՝ անսարք լինելու մասին տեղեկատվություն չեն ներկայացրել:
ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ
Ինչ վերաբերում է մարզասրահներից օգտվող ազատազրկված անձանց, ապա նրանց վերաբերյալ հաշվառում իրականացնելու հարցում ևս միասնական մոտեցում չի ցուցաբերվում:
- «Աբովյան» ՔԿՀ-ում մարզասրահից օգտվում է գրեթե ողջ հատուկ քանակակազմը:
- «Արթիկ» ՔԿՀ-ի բոլոր դատապարտյալները և կալանավորված անձինք ցանկության դեպքում օգտվում են մարզասարքերից, փակ և կիսափակ տիպերում՝ զբոսանքի ժամերին, կիսաբացում՝ օրվա ընթացքում: Մարզասարքերից օգտվողների թիվը փոփոխական է՝ կապված տվյալ պահի քանակակազմից:
- «Արմավիր» ՔԿՀ-ում մարզասարքերից օգտվելու հաշվառում չի տարվում, սակայն յուրաքանչյուր մասնաշենքի քանակակազմից օգտվում է անազատության մեջ գտնվող անձանցից շուրջ 10 տոկոսը:
- «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված անձինք և դատապարտյալները ցանկության դեպքում օգտվում են հեծանիվ-մարզասարքերից:
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մարզասենյակից օգտվում են ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝ ըստ ժամանակացույցի: Ցմահ ազատազրկման դատապարտված անձանցից մեկը մարզումների արդյունքում 3 անգամ սահմանել է ռեկորդ, որոնք գրանցվել են Դյութազնագրքում:
- «Սևան» ՔԿՀ-ում մարզասրահից ամսվա ընթացքում միջին հաշվով օգտվում է 50-60 դատապարտյալ:
- «Վանաձոր» ՔԿՀ-ում ամեն ամիս մարզասրահից օգտվում է 20-25 դատապարտյալ:
- «Վարդաշեն» ՔԿՀ-ում մարզասարքերից օգտվում է օրական մոտավորապես 70 ազատազրկված անձ:
«Գորիս» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներից մարզասարքերից օգտվող ազատազրկված անձանց թվի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրել:
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ
Ինչպես գիտենք, ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն՝ ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է:
Նշենք, որ «Կոշ» ՔԿՀ-ում առկա էր 3 մարզասրահ՝ նախատեսված մարզասարքերի, բիլիարդի, թենիսի, շախմատի և շաշկու համար: Մարզասրահը համալրված էր ինքնաշեն եղանակով պատրաստված 4 մարզասարքերով: Հիմնարկը նոր մարզասարքերով երբևէ չէր համալրվել: Անսարք մարզասարքեր առկա չէին: Շաբաթվա կտրվածքով շուրջ 20-25 դատապարտյալ այցելում էին մարզասրահներ և զբաղվում սպորտով:
«Հրազդան» ՔԿՀ-ում առկա էր 1 մարզասրահ, որտեղ առկա էին 1 սեղանի թենիս, 2 շախմատի սեղան, 2 ծանրաձող, 1 ռետինե պարան: 2021 թվականին հիմնարկը մարզասարքերով չէր համալրվել: Անսարք մարզասարքեր առկա չէին: Օրվա ընթացքում մարզասրահ հաճախում էր միջինում 15-20 ազատազրկված անձ:
Այսպիսով, քրեակատարողական հիմնարկների մարզասրահների հագեցվածության աստիճանը տարբեր է, քանի որ դրանք մարզագույքով համալրելու հարցում միասնական մոտեցում չի ցուցաբերվում: Ավելին, բավարար ուշադրություն չի դարձվում մարզագույքերի անսարքությունները վերացնելուն և մարզասրահներից օգտվող անձանց վերաբերյալ հաշվառում իրականացնելուն։ Մինչդեռ նման հաշվառում իրականացնելը հնարավորություն կտա բացահայտել որոշակի օրինաչափություններ և առաջարկել խնդիրների լուծման արդյունավետ միջոցներ:
Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:
Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները: