Ազատազրկված անձանց վերասոցիալականացման վրա դրական ազդեցություն է թողնում արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը, որի բացակայությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ նրանց հոգեկան առողջության, վարքագծի և հոգեվիճակի վրա։ Արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար կարևոր է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվեն կարճատև և երկարատև տեսակցություններ, կարճաժամկետ մեկնումներ, հեռախոսազանգ և տեսազանգ:
Հիմնարկի վարչակազմը պարտավոր է համապատասխան պայմաններ նախատեսել ընտանիքի և արտաքին աշխարհի հետ ազատազրկված անձանց կապն ապահովելու համար՝ այդ նպատակով ստեղծելով կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ և լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:
- «Աբովյան» ՔԿՀ-ում առկա է 2 կարճատև և 2 երկարատև տեսակցությունների սենյակ: Կարճատև տեսակցությունների 1 սենյակը նախատեսված է անչափահաս երեխաների հետ տեսակցություն տրամադրելու համար: Սենյակները չեն վերանորոգվել: Հիմնարկում առկա է 2 մանկական սենյակ, որոնք չեն վերանորոգվել:
- «Արթիկ» ՔԿՀ-ի երկարատև և կարճատև տեսակցությունների համար նախատեսված բաժնում առկա են 1 կարճատև տեսակցության սենյակ՝ նախատեսված 4 համաժամանակյա տեսակցության համար, 1 մանկական և 7 սենյակ՝ երկարատև տեսակցությունների համար: Դրանք կառուցվել են համեմատաբար վերջերս՝ մոտ 10 տարի առաջ, որից հետո չեն վերանորոգվել:
- «Արմավիր» ՔԿՀ-ում առկա է 1 կարճատև և 11 երկարատև տեսակցության համար նախատեսված սենյակ: Վերջին անգամ 2021 թվականին վերանորոգվել են կարանտինային թիվ 4 և թիվ 3 խցերը: Հիմնարկում ըստ նախագծի մանկական սենյակ նախատեսված չի եղել, սակայն վարչակազմի կողմից առանձնացվել է առանձին տարածք, որն ըստ անհրաժեշտության օգտագործվում է որպես մանկական սենյակ:
- «Գորիս» ՔԿՀ-ում առկա են 2 կարճատև և 1 երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներ: Երկարատև տեսակցության սենյակը վերջին անգամ վերանորոգվել է 2016 թվականին, իսկ կարճատև տեսակցությունների սենյակները՝ 2018 թվականին: Հիմնարկում մանկական սենյակ առկա չէ:
- «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա է 2 կարճատև տեսակցության սենյակ, որոնցից 1-ը նախատեսված է մանկական տեսակցությունների համար: Այն վերանորոգված և կահավորված է: Առկա է երկարատև տեսակցության 5 սենյակ:
- «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն ունի 2 կարճատև տեսակցությունների տրամադրման համար նախատեսված սենյակ, որոնք վերանորոգվել են 2015 թվականին: Երկարատև տեսակցությունների տրամադրման համար նախատեսված սենյակներ չկան: Հիմնարկում չկան նաև մանկական սենյակներ:
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա են 1 կարճատև, 3 երկարատև տեսակցությունների սենյակ և 1 մանկական սենյակ: Նշված սենյակներում պարբերաբար կատարվում են վերանորոգման աշխատանքներ:
- «Սևան» ՔԿՀ-ում առկա են 1 մանկական, 1 կարճատև և 10 երկարատև տեսակցության համար նախատեսված սենյակ, որոնք վերանորոգվել են 2017 թվականին:
- «Վանաձոր» ՔԿՀ-ում առկա են 1 կարճատև և 3 երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներ՝ բոլոր սենյակները վերանորոգված վիճակում: Առկա է 1 մանկական սենյակ՝ կրկին վերանորոգված վիճակում:
- «Վարդաշեն» ՔԿՀ-ում կա 5 կարճատև և 2 երկարատև տեսակցության սենյակ: 2021 թվականին վերանորոգվել է երկարատև տեսակցության 1 սենյակը:
Ինչպես գիտենք, ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն՝ ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է:
Տեսակցությունների սենյակների վերաբերյալ «Կոշ» ՔԿՀ-ից տեղեկատվություն չեն տրամադրել: «Հրազդան» ՔԿՀ-ից տեղեկացրել էին, որ հիմնարկում առկա էին 1 կարճատև և 3 երկարատև տեսակցության սենյակներ, որոնք ըստ անհրաժեշտության վերանորոգվել էին 2021 թվականին: Հիմնարկում առկա էր 1 մանկական սենյակ, որը վերանորոգվել էր 2021 թվականին:
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
Մանկական սենյակ
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ
Մանկական սենյակ
Կարճատև տեսակցություններ
Ներպետական կարգավորումների համաձայն՝ կալանավորված անձանց ամսվա ընթացքում տրամադրվում է մինչև 3 ժամ տևողությամբ առնվազն 2 կարճատև տեսակցություն: Դատապարտյալներին կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ` մինչև 4 ժամ տևողությամբ: Ազատազկված անձինք կարճատև տեսակցություն կարող են ունենալ մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ: Ընդ որում, ազատազրկված անձանց խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:
Քրեակատարողական հիմնարկներում կարճատև տեսակցությունների առանձնացված հաշվառում՝ ըստ կարգավիճակի (կալանավորված անձ կամ դատապարտյալ) չի իրականացվում: Հաշվառվում է միայն տրամադրված տեսակցությունների ընդհանուր թիվը: Չեն հաշվառվում յուրաքանչյուր ազատազրկված անձին տրամադրած կարճատև տեսակցության քանակը, տևողությունը, տեսակցության եկած անձանց հետ կապի և թվաքանակի վերաբերյալ տվյալները: Այսինքն՝ պաշտոնական տեղեկատվություն այն մասին, թե յուրաքանչյուր կալանավորված անձի կամ դատապարտյալի քանի կարճատև տեսակցություն է տրամադրվել, ինչ տևողությամբ և ում հետ, առկա չէ: Հաշվառում չի իրականացվում նաև երկարատև տեսակցությունը կարճատև տեսակցությամբ փոխարինելու դեպքերի վերաբերյալ:
2021թվականին ազատազրկված անձանց տրամադրվել է 8351 կարճատև տեսակցություն.
- «Աբովյան» ՔԿՀ՝ 461 կարճատև տեսակցություն,
- «Արթիկ» ՔԿՀ՝ 558 կարճատև տեսակցություն,
- «Արմավիր» ՔԿՀ՝ 2824 կարճատև տեսակցություն,
«Գորիս» ՔԿՀ՝ 270 կարճատև տեսակցություն, - «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ 625 կարճատև տեսակցություն,
- «Երևան-Կենտրոն» ՔԿՀ՝ 91 կարճատև տեսակցություն,
- «Կոշ» ՔԿՀ՝ 199 կարճատև տեսակցություն,
- «Հրազդան» ՔԿՀ՝ 569 կարճատև տեսակցություն,
- «Նուբարաշեն» ՔԿՀ՝ 1340 կարճատև տեսակցություն,
- «Սևան» ՔԿՀ՝ 311 կարճատև տեսակցություն,
- «Վանաձոր» ՔԿՀ՝ 667 կարճատև տեսակցություն,
- «Վարդաշեն» ՔԿՀ՝ 436 կարճատև տեսակցություն:
Վիճակագրական տվյալների համադրման արդյունքում ակնհայտ է դառնում, որ կարճատև տեսակցությունների գերակշիռ մասը տրամադրվել է «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում, իսկ նվազագույն ցուցանիշն արձանագրվել է «Գորիս», «Երևան-Կենտրոն» և «Կոշ» ՔԿՀ-ներում:
Նշենք, որ կարճատև տեսակցություն տրամադրելու կարգը սահմանում է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, ըստ որի՝ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 10։00-17։00-ը ընկած ժամանակահատվածում: Այս սահմանափակումը գործնականում կարող է բազմաթիվ դժվարություններ առաջացնել:
Օրինակ, ինչպես գիտենք, քրեակատարողական հիմնարկները տեղակայված են բնակելի տարածքներից բավականաչափ հեռավորության վրա և ապահովված չեն տրանսպորտային հաղորդակցության միջոցներով, ինչի պատճառով տեսակցության եկած հարազատները կամ մտերիմները կարող են չհասցնել տեսակցել ազատազրկված անձանց հետ՝ աշխատանքային օրվա ավարտին հիմնարկ հասնելու պատճառով:
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կարճատև տեսակցության սենյակ
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ
Կարճատև տեսակցության սենյակ
ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ
Կարճատև տեսակցության սենյակներ
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ
Կարճատև տեսակցության սենյակ
Երկարատև տեսակցություններ
Դատապարտյալներին միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է 2 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ` մինչև 3 օր տևողությամբ։ Տեսակցությունները տրամադրվում են աշխատանքային օրերին:
Քրեակատարողական հիմնարկներում երկարատև տեսակցությունների դեպքում ևս հաշվառվում են միայն տրամադրված տեսակցությունների թվային տվյալները: Չի իրականացվում յուրաքանչյուր դատապարտյալին տրամադրած երկարատև տեսակցության քանակի, տևողության, տեսակցության եկած անձանց հետ կապի և թվաքանակի վերաբերյալ առանձնացված հաշվառում։ Այսինքն՝ պաշտոնական տեղեկատվություն այն մասին, թե յուրաքանչյուր դատապարտյալի քանի երկարատև տեսակցություն է տրամադրվել, ինչ տևողությամբ և ում հետ, առկա չէ:
2021 թվականին ազատազրկված անձանց տրամադրվել է 1042 երկարատև տեսակցություն.
- «Աբովյան» ՔԿՀ՝ 31 երկարատև տեսակցություն,
- «Արթիկ» ՔԿՀ՝ 34 երկարատև տեսակցություն,
- «Արմավիր» ՔԿՀ՝ 381 երկարատև տեսակցություն,
- «Գորիս» ՔԿՀ՝ 42 երկարատև տեսակցություն,
- «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ 45 երկարատև տեսակցություն,
- «Երևան-Կենտրոն» ՔԿՀ՝ 22 երկարատև տեսակցություն,
- «Կոշ» ՔԿՀ՝ 199 կարճատև տեսակցություն,
- «Հրազդան» ՔԿՀ՝ 93 երկարատև տեսակցություն,
- «Նուբարաշեն» ՔԿՀ՝ 165 երկարատև տեսակցություն,
- «Սևան» ՔԿՀ՝ 42 երկարատև տեսակցություն,
- «Վանաձոր» ՔԿՀ՝ 67 երկարատև տեսակցություն,
տեսակցություն, - «Վարդաշեն» ՔԿՀ՝ 80 երկարատև տեսակցություն:
Վիճակագրական տվյալների համադրման արդյունքում տեսնում ենք, որ ամենաշատ տեսակցությունները տրամադրվել են «Արմավիր», իսկ ամենաքիչը՝ «Երևան-Կենտրոն» և «Աբովյան» ՔԿՀ-ում:
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ազատազրկված անձանց երկարատև տեսակցություններ չեն տրամադրվում կամ քիչ են տրամադրվում համապատասխան սենյակի բացակայության պատճառով, ինչը ընթացակարգային լուրջ բացթողում է և խոչընդոտում է ազատազրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի արդյունավետ իրացմանը:
Ճիշտ է, անհրաժեշության դեպքում երկարատև տեսակցությունները կազմակերպվում են «Նուբարաշեն» կամ «Արմավիր» ՔԿՀ-ներում, սակայն մի կողմից հիմնարկից հիմնարկ տեղափոխությունը լրացուցիչ ռեսուրսներ և ծախսեր է պահանջում, մյուս կողմից էլ «Նուբարաշեն» կամ «Արմավիր» ՔԿՀ-ների երկարատև տեսակցությունների սենյակները դժվարությամբ են բավարարում այդ հիմնարկների ազատազրկված անձանց նույն իրավունքի ապահովմանը:
Ներպետական կարգավորումների համաձայն՝ երկարատև տեսակցության իրավունք ունեին միայն դատապարտյալները: 2019 թվականի օրենսդրական բարեփոխումների շրջանակում վերացավ այդ արգելքը, և երկարատև տեսակցության իրավունք տրվեց նաև կալանավորված անձանց:
Այսպես, կալանավորված անձանց միայն մերձավոր ազգականների հետ տրամադրվում է 2 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ մինչև 3 օր տևողությամբ երկարատև տեսակցություն: Կալանավորված անձանց խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ, սակայն, ինչպես արդեն նշել ենք, նման հաշվառում չի իրականացվում: Հաշվառվում են միայն տրամադրված տեսակցությունների թվային տվյալները:
Նշված բարեփոխումը, ըստ էության, միտված է կալանավորված անձանց՝ արտաքին աշխարհի և ընտանիքի հետ կապը պահպանելուն: Սակայն գործնականում արձանագրվում են դեպքեր, երբ սենյակների սահմանափակ թվի պատճառով ազատազրկված անձանց երկարատև տեսակցությունը տրամադրվում է 2 օր տևողությամբ: Ընդ որում, ներպետական կարգավորումներն ամրագրում են տեսակցությունների նվազագույն քանակը: Սակայն ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև տեսակցություններ տրամադրելիս հիմնարկի վարչակազմը սահմանափակվում է նվազագույն քանակով մասամբ նաև այն պատճառով, որ սենյակների քանակը գործնականում չի բավարարում նվազագույնից ավել տեսակցություններ տրամադրելու համար:
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Երկարատև տեսակցության սենյակ
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ
Երկարատև տեսակցության սենյակ
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ
Երկարատև տեսակցության սենյակ
Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:
Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները: