Skip to content Skip to sidebar Skip to footer

Եկեղեցին քրեակատարողական հիմնարկներում

Քրեակատարողական ոլորտը կանոնակարգող ներպետական օրենսդրությունը երաշխավորում է կալանավորված անձանց և դատապարտյալների մտքի, խղճի և կրոնի ազատությունը:

Ըստ այդմ՝ ազատազրկված անձանց թույլատրվում է քրեակատարողական հիմնարկներում կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից և կրոնական գրականությունից։ Հիմնարկի վարչակազմն այդ նպատակով առանձնացնում է համապատասխան տարածք:

Ազատազրկված անձանց հոգևոր օգնություն ցույց տալու համար վերջիններիս միջոցներով, ինչպես նաև հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կարող են հրավիրվել հոգևորականներ:

Հիմնարկի վարչակազմը հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող է կազմակերպել նաև կրոնական միջոցառումներ: Իսկ դատապարտյալներկ կարող են ստեղծել կրոնական ինքնագործ միավորումներ:

Կալանավորված անձինք, ինչպես նաև փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները կրոնական ծիսակատարությունները կատարում կամ դրանց մասնակցում են այդ նպատակի համար հատկացված հատուկ սենյակներում: Թույլատրվում է միայն այնպիսի ծեսերի կատարումը, որոնք չեն խախտում քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները կամ այլ անձանց իրավունքները:

Ազատազրկված անձանց թույլատրվում է օգտվել կրոնական գրականությունից, կրոնական պաշտամունքի առարկաներից: Արգելվում են ծակող ու կտրող առարկաների ձև ունեցող, թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված, պատմական կամ մշակութային արժեք ներկայացնող իրեր ունենալը և դրանցից պգտվելը:

Կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են հասարակական անվտանգության, առողջության ու բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ
  • «Աբովյան» ՔԿՀ-ի 2 տեղամասերում առկա է կրոնական անկյուն, որտեղ կազմակերպվում են կրոնական միջոցառումներ, մոմավառություն և խնկարկում, որին մասնակցում է գրեթե ողջ քանակակազմը:

  • «Արթիկ» ՔԿՀ-ում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի հովվապետությամբ: Բոլոր տաղավար տոներին մատուցվում է Սուրբ պարատագ, կատարվում են հոգեհանգստի, մկրտության և այլ հոգևոր կարգեր: Կրոնական միջոցառումների մասնակիցների թիվը փոփոխական է, ինչը կապված է տվյալ պահի քանակակազմից:

  • «Արմավիր» ՔԿՀ-ի 3 տեղամասում առկա է մատուռ, պարբերաբար կազմակերպվում են կրոնական միջոցառումներ, որին մասնակցում է անազատության մեջ գտնվող անձնանցից շուրջ 15 տոկոսը:
  • «Գորիս» ՔԿՀ-ի բնակելի գոտու տարածքում առկա է մատուռ: Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու (Տեր Շիրակ քահանա Խանոյան) կողմից վերջին անգամ 2020 թվականի հունվարի 10-ին դատապարտյալների շրջանում անց է կացվել «Ջրօրհնեք» և «Նռնօրհնեք» միջոցառում, որին մասնակցել է 27 ազատազրկված անձ:
  • Հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի թերապևտիկ բաժանմունքի բակային տարածքում գործում է մատուռ, իսկ վիրաբուժական բաժանմունքում տեղադրված է խաչքար, որտեղ մատուցվում են պատարագներ, կրոնական միջոցառումներ, որոնց, ըստ իրենց ցանկության, մասնակցում են կալանավորված անձինք և դատապարտյալները:
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ
Պատժախուց, Հոգևոր անկյուն
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ
Հոգևոր անկյուն
  • «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն ունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված հոգևոր սպասավոր, ով պարբերաբար այցելում է ազատազրկված անձանց, կատարում հոգևոր քարոզներ, հոգևոր լսումներ, տալիս հաղորդություններ: Հիմնարկում մատուռներ կամ եկեղեցիներ չկան, թույլատրվում են խցերում ստեղծել հոգևոր անկյուններ, ունենալ պաշտամունքի առարկաներ:
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա է 3 հոգևոր անկյուն, որոնք սարքավորվել և կահավորվել են քրեակատարողական հիմնարկի և ծառայության նախաձեռնությամբ: Ազատազրկված անձինք, ըստ իրենց ցանկության, մասնակցում են Հայ առաքելական եկեղեցու կողմից կազմակերպվող հոգևոր միջոցառումներին՝ տաղավար տոների նշումներ, մկրտություններ, հոգևոր զրույցներ, հաղորդություն և այլն: Նման միջոցառումներին մասնակցում է ազատազրկված անձանց 80-90 տոկոսը:
  • «Սևան» ՔԿՀ-ում գործում է 1 եկեղեցի՝ զանգակատնով և խաչքարերով, որոնք կառուցվել են մոտ 7 տարի առաջ բարեգործության միջոցներով դատապարտյալների աշխատուժով: Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կողմից մատուցվում են պատարագներ և քարոզներ, որին ամսվա ընթացքում միջին հաշվով մասնակցում է 15-20 դատապարտյալ:
  • «Վանաձոր»  ՔԿՀ-ում անազատության մեջ պահվող անձանց տրամադրվող զբոսահրապարակներին կից առկա է մատուռ: Հայ առաքելական եկեղեցու կողմից հիմնարկին կցված է հոգևոր սպասավոր, որն ամեն չորեքշաբթի իր առաքելությունն է իրականացնում անազատության մեջ գտնվող անձանց շրջանում, պարբերաբար իր անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ կազմակերպվում են կրոնական միջոցառումներ, որոնց մասնակցում են ցանկություն հայտնած բոլոր ազատազրկված անձինք:
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ում գործում է 2 մատուռ, որտեղ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կողմից անցկացվում են պատարագներ, եկեղեցական ծիսակատարություններ՝ բոլոր ազատազրկված անձանց համար:
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ

ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն՝ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է:

Եկեղեցիների և հոգևոր բնույթի միջոցառումների կազմակերպման վերաբերյալ «Կոշ» ՔԿՀ-ից տեղեկատվություն չեն տրամադրել:

«Հրազդան» ՔԿՀ-ում առկա է 1 մատուռ՝ Սուրբ Սարգիս, որը կառուցվել է 2010 թվականին բարերարների նախաձեռնությամբ: Այնտեղ շաբաթը 1 անգամ Հայ առաքելական եկեղեցու հիմնարկի ծառայությունը Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավորի կողմից իրականացնում է հանդիպումներ, անցկացնում է հոգևոր զրույցներ, քարոզներ, ծեսեր, մատուցում է պատարագ:

ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ

Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.