Skip to content Skip to sidebar Skip to footer

Ուսումնական սենյակները քրեակատարողական հիմնարկներում

Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում

«Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ը կազմակերպում է «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող 18 տարեկանից բարձր դատապարտյալների հանրակրթությունը: 2020-2021 ուսումնական տարում այնտեղ սովորել է 20-ից ավել դատապարտյալ, ինչը կազմում է «Արթիկ» ՔԿՀ-ում այդ ժամանակահատվածում պատիժ կրող անձանց մոտ 10 տոկոսը: Սակայն դպրոցը չունի միջնակարգ հանրակրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզավորում: Ամեն տարի Արթիկի երեկոյան դպրոցի ղեկավարությունը համապատասխան մարմիններին է ներկայացնում աշակերտների քանակով լիցենզիա ստանալու հայտը, և ամեն տարի անհատական լիցենզիա է տրամադրվում դպրոցին:

Քրեակատարողական հիմնարկներում 2018 թվականից հանրակրթական ծրագիր է իրականացնում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Կրթական պրոցեսը սկսվում է ազատազրկված անձի դիմումի համաձայն և այն հիմնարկներում, որտեղ կան մինչև 19 տարեկան անձինք: Մինչ 2022 թվականը ծրագիրն իրականացվել է «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում: Ընդգրկվել է 20 անձ: Ներկայումս «Աբովյան» ՔԿՀ-ում կրթությունն իրականացվում է դպրոցի շենքում: Մնացած հիմնարկներում կան ուսումնական սենյակներ: Ավագ դպրոցն արհեստագործական հոսքով է, ուսումնասիրվում է «Խեցեգործություն» առարկան, որը նրանց օգնում է զարգանալ: 2020-2021 ուսումնական տարում 3 շրջանավարտ է եղել: 1 հոգին ավարտել է 9-րդ դասարանը՝ ստանալով հիմնական կրթության վկայական: 2 հոգի ավարտել են 12-րդ դասարանը՝ ստանալով միջնակարգ կրթության ատեստատ: Ներկայումս ուսում է ստանում 7 աշակերտ: 1-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, սովորում է 12-րդ դասարանում: Մնացած 7-ը գտնվում են «Աբովյան» ՔԿՀ-ում: 

Սակայն նշված հանրակրթական ուսուցման մեջ ընդգրկված են մինչև 19 տարեկան ազատազրկված անձինք, քանի որ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը: Հետևաբար, հնարավոր չէ հանրակրթական ուսուցման մեջ ներառել բոլոր այն ազատազրկված անձանց, որոնք ունեն հանրակրթություն ստանալու կարիք՝ անկախ տարիքից։

2021 թվականի նոյեմբերի դրությամբ 300 դատապարտյալ, այսինքն՝ դատապարտյալների ընդհանուր թվի 1/3-ը, ունի թերի միջնակարգ կրթություն: Նրանցից կրթություն ստանալու ցանկություն է հայտնել մոտ 60 դատապարտյալ: Հաշվի առնելով վերագրյալը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: Նշված փոփոխություններով ակնկալվում է հանրակրթություն ստանալու օրենսդրական երաշխիքներ սահմանել նաև 19 տարեկանը լրացած դատապարտյալների և/կամ կալանավորված անձանց համար՝ ապահովելով նրանց կրթության իրավունքի իրացումը:

Մեկ այլ խնդիր է այն, որ ազատազրկված անչափահասների հանրակրթություն ստանալու գործընթացն ընդհատվում է, երբ նրանք, խափանման տեսակի կամ պատժատեսակի փոփոխմամբ դուրս գալով քրեակատարողական հիմնարկից, համայնքում դպրոց չեն հաճախում, քանի որ առկա չեն համայնքում նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հետևողականություն ցուցաբերելու մեխանիզմներ:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Դպրոցի շենքը

Մասնագիտական ուսուցման դասընթացները քրեակատարողական հիմնարկներում

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտոմ կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը Հայաստանում միակն է, որն ուղղված է դատապարտյալների համար գեղագիտական և կրթական դասընթացների իրականացմանը, որոնք ոչ միայն ապահովում են դատապարտյալների զբաղվածությունը, այլև օգնում են ձեռք բերել այնպիսի մասնագիտական հմտություններ, որոնք կարող են նպաստել հասարակության մեջ ինտեգրմանը և աշխատանք ձեռք բերելուն:

Ծրագրի շրջանակներում իրականացվում են տարբեր դասընթացներ՝ բիզնես գրագիտություն, հայոց լեզու և գրականություն, անգլերեն լեզու, դեկորատիվ կիրառական արվեստ (վիտրաժ, գծանկար, բատիկա, մանրանկարչություն, զարդակիրառական արվեստ, խեցեգործություն), համակարգչային հմտություններ և այլն:

Վերջին տարիներին ՊՈԱԿ-ն ընդլայնել է քրեակատարողական հիմնարկների ցանկը, որտեղ իրականացվում են այդ դասընթացները: Դրանք սկզբում միայն «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում էին կազմակերպվում, իսկ ներկայումս՝ նաև այլ ՔԿՀ-ներում:

Մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպվում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից:

Այս առումով բավականաչափ աշխատանքներ են կատարել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Գորիսի կանանց զարգացման Ռեսուրս կենտրոնը:  Վերջերս Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել 3 հիմնարկում: Դատապարտյալներին աշխատանքային պրոցեսում ներգրավելով՝ պատրաստել են ուսումնական սենյակներ, զարգացրել են նրանց հմտությունները: Այժմ այդ ուսումնական սենյակները հիմնարկներն օգտագործում են տարբեր կրթական միջոցառումներ իրականացնելու համար:

Մեկ այլ նախաձեռնության շրջանակում 3 հիմնարկում խոհարարական և հացաթխման դասընթացներ են կազմակերպվել, որպեսզի հետագայում այդ դասընթացներն անցած դատապարտյալները կարողանան աշխատանք ունենալ ոչ միայն հիմնարկի ներսում, այլև հիմնարկից դուրս գալուց հետո:

Սակայն մտահոգության տեղիք է տալիս այն, որ մասնագիտական ուսուցման դասընթացները պարբերական և շարունակական բնույթ չեն կրում: Հասարակական կազմակերպությունները դասընթացները կազմակերպում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնց ավարտից հետո համապատասխան ֆինանսավորում չեն ունենում դրանց պարբերականությունը և շարունակականությունն ապահովելու համար:

Բացի այդ, ազատազրկված անձինք չեն կարող մեկ հիմնարկում սկսած մասնագիտական ուսուցումը շարունակել այլ հիմնարկում, քանի որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դասընթացները ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներում են կազմակերպվում։

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Ուսումնական սենյակ
Անչափահաս կալանավորված անձանց
ստեղծագործական աշխատանքները
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
Ուսումնական սենյակ
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
Դատապարտյալների ստեղծագործական աշխատանքները
  • «Աբովյան» ՔԿՀ-ում հանրակրթությունն իրականացվում է դպրոցի համար նախատեսված շենքում, որը ենթակա է վերանորոգման: Կանանց տեղամասում առկա են վարսահարդարման, գորգագործության և համակարգչային սենյակներ, որոնք վերջին անգամ վերանորոգվել են 2018 թվականին: Սենյակները համալրված են կարպետ գործող դազգահներով, գորգագործության համար նախատեսված գործիքներով, թել մանող և գզող հաստոցներով, կարի մեքենաներով, վարսավիրական գործիքներով և թվով 8 համակարգչով:
  • «Արթիկ» ՔԿՀ-ում գործում է «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ը, որը տալիս է միջնակարգ կրթություն կրթություն չունեցող կամ թերի կրթություն ունեցող ազատազրկված անձանց: Դպրոցն ունի 4 դասասենյակ: Կրթական ծրագրերի համար համակարգիչներ նախատեսված չեն:
  • «Արմավիր» ՔԿՀ-ում ուսումնական պրոցեսները կազմակերպվում են առանձնացված 5 տարածքներում, որից 3-ը միաժամանակ օգտագործվում է տեսակապ տրամադրելու համար: Այդ տարածքներում իրականացվում են նաև ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կրթական դասընթացները: Անազատության մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքների համար հիմնարկում առանձնացված է 10 համակարգիչ, որից 3 դյուրակիր համակարգիչ պատկանում է ՊՈԱԿ-ին: Տարածքները համալրված են համակարգչային սեղանով և աթոռով, գտնվում են պատշաճ վիճակում: Անսարք համակարգիչներ ներկա պահին չկան:
  • «Գորիս» ՔԿՀ-ում ուսումնական սենյակներ չկան:
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ուսումնական սենյակներ առկա չեն:
  • «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը՝ մոդուլ ձևաչափով: Այն բաղկացած է 3 առարկայից՝ հայագիտություն և մշակույթ, անգլերեն և ռուսերեն: Կրթական ծրագրերն իրականացվում են կարճատև տեսակցությունների տրամադրման համար նախատեսված սենյակներում: Հիմնարկում ազատազրկված անձանց համար նախատեսված համակարգիչներ չկան:
  • 2020 թվականին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վերանորոգվել և անհրաժեշտ տեխնիկայով համալրվել է 1 ուսումնական սենյակ, որտեղ անցկացվում են հանրակրթական, մասնագիտական և այլ դասընթացներ՝ առկա և առցանց տարբերակով: Ուսումնական սենյակում անսարք համակարգիչներ չկան:
  • «Սևան» ՔԿՀ-ում առկա է սեղաններով, աթոռներով, պահարաններով կահավորված 1 ուսումնական սենյակ, որը համալրված է գրատախտակով և 2 համակարգչով՝ իր պարագաներով: Այդտեղ անցկացվում են մասնագիտական կրթական դասընթացներ: Անսարք համակարգիչներ առկա չեն: Ուսումնական սենյակը վերանորոգվել է 2021 թվականին:
  • Ներկայումս «Վանաձոր» ՔԿՀ-ի գրադարանում հեռավար կարգով 1 դատապարտյալի դիմումի համաձայն 2021 թվականի հոկտեմբերի 21-ից «Արմպրոֆ» ուսումնական կազմակերպության միջոցով իրականացվում է 1 կրթական ծրագիր՝ ծրագրավորման դասընթաց:
  • 2020 թվականին «Վարդաշեն» ՔԿՀ-ում ստեղծվել է 1 ուսումնական սենյակ, որը համալրված է համակարգչով: 2020 թվականին դատապարտյալների շրջանում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են օտար լեզվի, դեկորատիվ կիրառական արվեստի, համակարգչային հմտոթյունների, էլ. մանտյորի դասընթացներ:

ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն՝ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է:

Ուսումնական սենյակների և կրթական սենյակների վերաբերյալ «Կոշ» ՔԿՀ-ից տեղեկատվություն չեն տրամադրել: «Հրազդան» ՔԿՀ-ից տեղեկացրել են, որ հիմնարկում ուսումնական սենյակներ չկան:

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ
Ուսումնական սենյակ

Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.