Skip to content Skip to sidebar Skip to footer

Հեռախոսակապը և տեսակապը քրեակատարողական հիմնարկներում

Հեռախոսակապը քրեակատարողական հիմնարկներում 

Ընտանիքի և արտաքին աշխարհի հետ ազատազրկված անձանց կապը պահպանելու կարևոր միջոցներից է հեռախոսակապը, որից օգտվելու համար քրեակատարողական հիմնարկներում ստեղծվում են համապատասխան պայմաններ։

Հեռախոսակապը կազմակերպվում է քրեակատարողական հիմնարկներում տեղադրված քարտային հեռախոսակապի հանգույցների միջոցով, որոնց համար նախատեսված քարտերը ազատազրկված անձինք կարող են ձեռք բերել հիմնարկի կրպակից (խանութից) կամ ստանալ հանձնուքով (ծանրոցով): Ազատազրկված անձինք հեռախոսակապից օգտվում են հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով: Օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն, սակայն հիմնավոր պատճառաբանության դեպքում հիմնարկի վարչակազմը կարող է խոսակցության տևողությունը երկարացնել ևս 10 րոպեով։

Մեկ քարտը արժե 1000 դրամ: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատազրկված անձանց զբաղվածության տոկոսը բավականին ցածր է, և վարձատրվող աշխատանքներում ընդգրկված չեն կալանավորված անձինք և անչափահասները, կարող ենք ենթադրել, որ հիմնարկի ստեղծած զբաղվածության միջոցները բավարար չեն քարտի համար անհրաժեշտ ծախսը ինքնուրույն հոգալու համար: Մյուս կողմից էլ քարտը հանձնուքի (ծանրոցի) միջոցով ստանալը հավելյալ ծախս է ենթադրում ազատազրկված անձանց ընտանիքների և հարազատների համար։

Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի համաձայն՝ հեռախոսակապից թույլատրվում է օգտվել աշխատանքային օրերին։ Նշված սահմանափակումը, սակայն, կարող է հանգեցնել ընտանիքի անդամների հետ կապի թուլացմանը, և ըստ այդմ՝ անընդունելի է հատկապես անչափահասների և կանանց դեպքում: Ազատազրկված կանանցից շատերը անչափահաս երեխաներ ունեն, որոնց հետ անհրաժեշտ է ամենօրյա հաղորդակցում։ Ազատազրկված անչափահասների համար ևս կարևոր է ծնողների հետ ամենօրյա հաղորդակցման հնարավորություն ընձեռելը։

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ

Տեսակապը քրեակատարողական հիմնարկներում

Որոշ ազատազրկված անձինք, հատկապես օտարերկրյա քաղաքացիները, չեն կարողանում օգտվել արտաքին աշխարհի հետ կապի պահպանման նպատակով ընձեռված հնարավորությունից իրենց մտերիմների՝ արտերկրում գտնվելու կամ արտերկրի հետ հեռախոսակապի սակագների ոչ մատչելի լինելու պատճառով։

Նշված խոչընդոտը վերացնելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 1-ից քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է տեսազանգեր տրամադրելու հնարավորությունը։ Այն ազատազրկված անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում տեսակցություն ունենալ իրենց ազգականների հետ, կարող են ամսվա ընթացքում 2 անգամ մինչև 20 րոպե տևողությամբ օգտվել տեսազանգից։

Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված միջոցառումներով պայմանավորված՝ քրեակատարողական հիմնարկներում կարճատև և երկարատև տեսակցությունների տրամադրման գործընթացն իրականացվել է ոչ լիարժեք: Ուստի անազատության մեջ պահվող անձանց կարճատև տեսակցությունները վերջիններիս ցանկությամբ փոխարինվել են տեսազանգով: 2021 թվականին տրամադրվել է 1942 տեսազանգ։ Ընդ որում՝ արտաքին աշխարհի հետ կապն առավել արդյունավետ իրացնելու նպատակով ազատությունից զրկված անձանց տրամադրվել է լրացուցիչ 1 տեսազանգ ունենալու հնարավորություն՝ մինչև 10 րոպե տևողությամբ:

ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ
  • «Աբովյան» ՔԿՀ-ում կալանավորված անձանց պահելու վայրում առկա է 4 հեռախոս, իսկ կանանց տեղամասում՝ 6: Հեռախոսները տեղադրված են տեղամասերի միջանցքներում: Հիմնարկում կա 1 տեսակապի սենյակ, որը համալրված է 1 համակարգչով:
  • «Արթիկ» ՔԿՀ-ի 5 մասնաշենքերից յուրաքանչյուրում առկա է 2 հեռախոսային հանգույց, որոնք տեղադրված են դրա համար նախատեսված սենյակում: Եվս 1 հեռախոս տեղադրված է կարանտինային բաժանմունքի և մեկուսարանի համար: Հիմնարկում տեսակապի համար նախատեսված է 1 սենյակ 1 համակարգչով և համապատասխան պարագաներով՝ 1 տեսախցիկ և 1 ականջակալ:
  • «Արմավիր» ՔԿՀ-ի բոլոր մասնաշենքերում առկա են հեռախոսային հանգույցներ, որոնք հասանելի են, տեղադրված են միջանցքներում: Ընդհանուր թիվը կազմում է 27, որից 1-ը ներկա պահին չի գործում: Կգործի վերանորոգելուց հետո: Ըստ նախագծի՝ հիմնարկում առանձին տեսակապի սենյակներ նախատեսված չեն, սակայն 4 առանձին տարածք հարմարեցվել է տեսակապ տրամադրելու համար, որի միջոցով իրականացվում են հեռավար դասընթացներ:
  • «Գորիս» ՔԿՀ-ում առկա են 2 հատ հեռախոսային հանգույց՝ «Քարտաֆոն» տեսակի և 2 «Կրոսնետ» տեսակի կապի միջոց, որոնք տեղակայված են բնակելի գոտու 1-ին և 2-րդ հարկերում: Հիմնարկում առկա է 1 տեսակապի սենյակ՝ համալրված համակարգչով և տեսախցիկով:
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բնակելի գոտում առկա է 6 խոսակցական կետ, որոնցում առկա են 2 կապի օպերատորների կողմից տրամադրված հեռախոսային ապարատներ («Բիլայն» և «Կրոսնետ»): Կետերից 2-ը տեղադրված են թոքախտաբանական բաժանմունքի միջանցքում, իսկ 1-ը՝ փակ տիպ մասնաշենքի միջանցքում: Թերապևտիկ և վիրաբուժական բաժանմունքներում տեղադրված են 1-ական խոսակցական կետեր: Հիմնարկի բնակելի գոտում առկա է 1 տեսակապի սենյակ, որը համալրված է համակարգչով և համապատասխան գույքով:
  • «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ հաղորդակցման բոլոր միջոցները՝ հեռախոսակապ, տեսակապ, տեղադրված են հիմնարկի գրադարանում, որտեղից էլ իրականացվում են ազատազրկված անձանց հեռախոսազանգերը և տեսազանգերը: Առկա է 3 հեռախոսային հանգույց և 1 ստացիոնար համակարգիչ տեսակապի տրամադրման համար:
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ի յուրաքանչյուր մասնաշենքում առկա է 1-ական հեռախոսային հանգույց: Առկա է տեսակապի 2 սենյակ՝ ապահովված անհրաժեշտ տեխնիկայի բոլոր միջոցներով:
  • «Սևան» ՔԿՀ-ում հերթապահ մասից մոտ 10 մետր հեռավորության վրա գործում է հեռախոսակայան՝ 2 հեռախոսով և 1 տեսակապի կահավորված սենյակ՝ համակարգչով և տեսակապի համար անհրաժեշտ պարագաներով:
  • «Վանաձոր» ՔԿՀ-ի հեռախոսային հանգույցները 7-ն են, որոնք տեղակայված են 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերում՝ խցերին կից: Հիմնարկի գրադարանի մի անկյունում տեղակայված է տեսակապի համար նախատեսված համակարգչային տեխնիկա՝ հագեցված համապատասխան աքսեսուարներով՝ տեսախցիկ, ականջակալներ և այլն:
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղադրված է 5 հեռախոսային  հանգույց, որից 2-ը տեղադրված են հերթապահ մասում, իսկ 3-ը՝ միջանցքում: Հիմնարկում առկա է 1 տեսակապի սենյակ՝ 1 համակարգչով: 
ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ

ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն՝ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է:

Հեռախոսակապի և տեսակապի կազմակերպման վերաբերյալ «Կոշ» ՔԿՀ-ից տեղեկատվություն չեն տրամադրել:

«Հրազդան» ՔԿՀ-ից տեղեկցրել են, որ հիմնարկում առկա են 10 հեռախոսակապի հանգույցներ, որոնք տեղակայված են 2-րդ, 3-րդ, 4-րդ մասնաշենքերի միջանցքներում և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատասենյակներում: Հիմնարկում առկա է տեսակապի ապահովման միջոցներով համալրված 1 համակարգիչ:


Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.