Skip to content Skip to sidebar Skip to footer

Սննդի կազմակերպումը քրեակատարողական հիմնարկներում

Ազատությունից զրկված անձինք առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ ստանալու իրավունք ունեն: Նրանք ապահովվում են օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով, որի օրական միջին չափաբաժինները սահմանում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Ճաշարան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին: Կալանավորված անձանց, փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների սնունդը տրամադրվում է խցերում, իսկ կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների սնունդը՝ ճաշարաններում:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Մեկուսարանի շենք

Սակայն նույնասեռական անձանց սնունդը լցվում է առանձին կաթսաների մեջ և բաժանվում առանձին շերեփներով կամ միանգամից տրամադրվում է առանձնացված տարրաներով, քանի որ մյուսները հրաժարվում են շփվել նույնասեռական անձանց հետ և օգտվել նույն սպասքից: Այս մասին բազմիցս ահազանգել են նաև տարբեր քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք:

Օրինակ, նույնասեռական անձը բողոքել է, որ իր նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի պատճառով ինքը «Վարդաշեն» ՔԿՀ-ում չի կարողանում օգտվել ճաշարանից և բաղնիքից (2017 թվական)։ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող նույնասեռական անձը բարձրաձայնել է այն մասին, որ իր սնունդն առանձնացված է տրվում, իսկ սնունդը բերող անձի հետևից մյուս դատապարտյալները վիրավորական արտահայտություններ են հնչեցնում (2018 թվական):

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ

2019 թվականի հոկտեմբերից «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում մեկնարկել է փորձնական ծրագիր, և ազատազրկված անձանց սննդով ապահովելու գործառույթը պատվիրակելով մասնավոր ընկերության՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին: 2020 թվականի մարտի 1-ից այն ներդրվեց «Աբովյան», «Գորիս», ապրիլից՝ «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն», մայիսի 1-ից՝ «Հրազդան» և «Սևան», հունիսի 1-ից՝ «Կոշ», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում:

Նշենք, որ Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն՝ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է:

Սնունդը պատրաստվում է ամեն օր և բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից: Այն իր մեջ ներառում է ճաշ, նախաճաշ և ընթրիք: Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ ապահովելու համար սննդի զանազանությունը:

Սակայն սննդի տրամադրման ընթացքում նույնասեռական անձանց նկատմամբ դրսևորվող խտրականության խնդիրն առկա է եղել նաև հիմնարկներում սննդի ապահովումը մասնավոր ընկերությանը պատվիրակելու գործընթացը մեկնարկելուց հետո:

Օրինակ, 2020 թվականի մարտին «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ Դիտորդների խումբն արձանագրել է, որ սնունդ տեղափոխող սայլակի ներքևի հատվածում մեկանգամյա օգտագործման տարրաներում տեղադրված է 3 բաժին սնունդ՝ նախատեսված նույնասեռական անձանց  համար:

Մինչդեռ վերոնշյալ դեպքերը պետության կողմից չեն դիտարկվում որպես սննդի տրամադրման ընթացքում ազատազրկված անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորում, հետևաբար կանխարգելման ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում:

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ

Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.