Skip to content Skip to sidebar Skip to footer

Կարանտինային խցերը և պատժախցերը քրեակատարողական հիմնարկներում

Կարանտինային խցեր

Կալանավորված անձանց և դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկներ ընդունումը կազմակերպվում է կարանտինային բաժանմունքում և, որպես կանոն, իրականացվում է հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից՝ ժամը 10:00-20:00-ն:

Կարանտինային բաժանմունքում ազատազրկված անձինք ապահովվում են անհրաժեշտ գույքով, սննդով, անկողնային պարագաներով և քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով նախատեսված այլ իրերով:

Նրանք կարանտինային բաժանմունքում պահվում են նվազագույնը նույն պայմաններում, ինչպիսի պայմաններում անձինք պահվում են հիմնարկի այլ խցերում կամ կացարաններում:

Կարանտինային բաժանմունքը գտնվում է հիմնարկի առանձնացված հատվածում՝ այնպես, որպեսզի բացառվի մյուս խցերում կամ կացարաններում գտնվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ շփումը` բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի:

Անձանց կարանտինային բաժանմունքի խցերում տեղավորելու նպատակը բժշկական հետազոտության անցկացումն է և հիմնարկի պայմաններին ծանոթացնելը: Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում ազատազրկված անձինք տեղաբաշխվում են ըստ խցերի կամ կացարանների, որտեղ փոխադրվում են այդ բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով ավարտվելուց հետո:

Կարանտինային բաժանմունքի խցում տեղավորվելուց անմիջապես հետո հիմնարկի վարչակազմը կալանավորված անձին կամ դատապարտյալին տեղեկացնում է նրա իրավունքների և պարտականությունների, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի, կալանավորման կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, այդ կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, նրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու դեպքերի մասին:

Այդ ժամանակահատվածում ազատազրկված անձանց հետ կատարվում են նաև սոցիալ-հոգեբանական և իրավական ոլորտին առնչվող նախնական փուլի աշխատանքները: Այդ աշխատանքներն ուղղված են սթրեսածին հոգեվիճակների հաղթահարմանը, ազատազրկման հետևանքով պայմանավորված՝ անձանց սոցիալ-հոգեբանական կամ իրավական աջակցություն ցուցաբերելուն, նրանց կարիքներն ուսումնասիրելուն և գնահատելուն, հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելուն, խցերում տեղաբաշխելու նպատակով նրանց հոգեբանական և այլ առանձնահատկություններով պայմանավորված համատեղելիությունը որոշելուն և այլն:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կարանտինային խուց

Կարգապահական տույժեր

Ազատազրկված անձինք կալանավորման կամ պատիժը կրելու սահմանված կարգը խախտելու, իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու դեպքում կարող են ենթարկվել տույժի:

Կալանավորված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցներն են.

  • Նկատողության հայտարարում,
  • Պատժախուց տեղափոխելը մինչև 10, իսկ անչափահասներին` մինչև 15 օր ժամկետով:

Ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցներն են.

  • Նկատողություն,
  • Խիստ նկատողություն,
  • Պատժախուց տեղափոխելը մինչև 15, իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչև 10 օր ժամկետով:

Կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում կատարված խախտման պայմանները, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը, կալանավորված անձի կամ դատապարտյալի անձը, վարքը մինչև խախտում կատարելը և ընդհանուր բնութագիրը: Տրվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման ծանրությանը և բնույթին: Այն պետք է լինի արդարացի և կիրառվի միայն համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ընդունված պատճառաբանված որոշման հիման վրա:

Ազատազրկված անձանց նկատմամբ տույժի միջոցները կիրառվում են հիմնարկի պետի որոշմամբ:

Տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել քրեակատարողական հիմնարկների նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին, սակայն բողոքարկումը տույժի միջոցի կիրառումը չի կասեցնում:

Տույժի կիրառումը հետաձգելու ընթացքում նոր խախտում չկատարելու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են ազատվել տույժը կրելուց:

Պատժախցեր

Ազատազրկված անձինք կարող են պատժախուց տեղափոխվել այն դեպքում, երբ.

  • Ճնշում են գործադրել այլ ազատազրկված անձանց նկատմամբ, նրանց վիրավորել են, հարձակում են գործել հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ այլ անձանց վրա,
  • Չեն ենթարկվել հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի օրինական պահանջներին,
  • Պահել, օգտագործել և պատրաստել են արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք,
  • Փչացրել են հիմնարկի գույքը:

Պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառվում է նաև այն ազատազրկված անձանց նկատմամբ, ովքեր նախկինում ունեցել են 2-ից ավելի կարգապահական տույժեր:

Պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կարող են արգելվել. 

  • Դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
  • Քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,
  • Տեսակցությունները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
  • Հեռախոսակապից օգտվելը:

Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում ազատազրկված անձանց արգելվում է աշխատելը:

Սակայն նրանց նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումներից բացի այլ սահմանափակումներ կիրառելն արգելվում է:

Ազատազրկված անձինք պատժախցում կարող են պահվել միայնակ: Այնտեղ գտնվելու ընթացքում նրանք միայն քնի համար սահմանված ժամերին ապահովվում են անհատական քնելու տեղով:

Նրանք նաև օգտվում են ամենօրյա` 1 ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից և ապահովվում են իրենց սեռին, տարվա եղանակի կլիմայական պայմաններին համապատասխանող նախատեսված միասնական նմուշի հանդերձանքով:

Պատժախուցը մաքրվում է այնտեղ գտնվող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:

Բժշկական սպասարկման համապատասխան ծառայողը և պատասխանատու հերթապահն ամեն օր այցելում են պատժախցում պահվող անձանց:

Հիմնարկի պետը, հաշվի առնելով հիվանդության հետ կապված պատժախցում գտնվելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկի եզրակացությունը, իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատելու այնտեղ գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ ազատելու տույժը կրելուց:

Հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող ազատազրկված անձինք պատժախուց չի տեղափոխվում։

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Պատժախուց
  • «Աբովյան» ՔԿՀ-ում կան 2 կարանտինային խուց և 1 պատժախուց: Նշված խցերը չեն վերանորոգվել, սակայն սակայն ներկայացված են 2022 թվականի շինարարական աշխատանքներում:
  • «Արթիկ» ՔԿՀ-ում առկա են 1 կարանտինային բաժանմունք և 7 պատժախուց: Պատժախցային բաժնում են տեղակայված նաև հացադուլավորների և մեկուսացվածների համար նախատեսված 2 խցերը: Նշված խցերի՝ վերջին անգամ վերանորոգման մասին տվյալներ հայտնի չեն:
  • «Արմավիր» ՔԿՀ-ում առկա են 8 կարանտինային խուց և 23 պատժախուց: Վերջին անգամ 2021 թվականին վերանորոգվել են կարանտինային թիվ 4 և թիվ 3 խցերը:
  • «Գորիս» ՔԿՀ-ում կարանտինային խցերը 4-ն են, որոնք տեղակայված են առանձին բաժանմունքում՝ բնակելի գոտուց դուրս: Իսկ պատժախցերը 3-ն են, որոնք տեղակայված են հիմնարկի առաջին հարկի առանձնացված հատվածում: Կարանտինային խցերը վերջին անգամ վերանորոգվել են 2013 թվականին, իսկ պատժախցերը վերջին տասնամյակում չեն վերանորոգվել:
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կարանտինային խցեր և պատժախցեր չկան:
  • «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կա 1 կարանտինային խուց: Հիմնարկը պատժախուց չունի:
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային և պատժախցերի մասնաշենքում կա 10 խուց: Պարբերաբար կատարվում են խցերի վերանորոգման ընթացիկ աշխատանքներ:
  • «Սևան» ՔԿՀ-ում առկա են 5 կարանտինային խուց և 7 պատժախուց, որոնք վերանորոգվել են 2020 թվականին:
  • «Վանաձոր» ՔԿՀ-ում առկա են 4 կարանտինային խուց և 2 պատժախուց, որոնցից 2 կարանտինային խուցը  և 1 պատժախուցը վերանորոգվել են բոլորովին վերջերս, իսկ մյուս կարանտինային խցերի և պատժախցի վերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկվել են:
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ում կան 3 կարանտինային խուց և պատժախուց, որոնք վերանորոգվել են 2021 թվականին:

ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն՝ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է: Կարանտինային խցերի և պատժախցերի քանակի և դրանց վերանորոգման մասին «Կոշ» ՔԿՀ-ից տեղեկատվություն չեն տրամադրել: «Հրազդանից» ՔԿՀ-ից տեղեկացրել են, որ կարանտինային բաժանմունքում կա 6 խուց, որոնք քրեակատարողական ծառայության կողմից ըստ անհրաժեշտության պարբերաբար վերանորոգվում են:

ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ
Պատժախուց

Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.