Skip to content Skip to sidebar Skip to footer

Աշխատանքը քրեակատարողական հիմնարկներում

Ազատազրկված անձանց աշխատելու և աշխատանքային վարձատրության իրավունքը սահմանված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ:

Կալանավորված անձինք և դատապարտյալները հնարավորության դեպքում ապահովվում են աշխատանքով կամ իրավունք ունեն իրենց ինքնուրույն ապահովելու աշխատանքով, որի կարգը և պայմանները սահմանում է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը:

Հիմնարկից բացի նրանք աշխատանքային հարաբերությունների մեջ կարող են մտնել նաև այլ գործատուների հետ: Այս դեպքում անհրաժեշտ է քրեակատարողական ծառայության և տվյալ գործատուի միջև համաձայնության առկայությունը:

Կալանավորված անձինք և դատապարտյալներն ունեն նաև աշխատանքային վարձատրության իրավունք։ Աշխատանքի ամսական վարձատրությունը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձից։

ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը դատապարտյալների համար նախատեսում է նաև չվարձատրվող աշխատանքներում ներգրավվելու հնարավորություն:

Այսպես, դատապարտյալը իր համաձայնությամբ առանց վարձատրության կարող է ներգրավվել հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման աշխատանքներում՝ ոչ հանգստյան ժամերին և օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով: Առանձին խմբերի համար, ինչպիսիք են 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, հղի կանայք և կենսաթոշակային տարիքի հասած անձինք, չվարձատրվող աշխատանքները արգելվում են:

Կալանավորված անձանց ևս արգելվում է ներգրավել չվարձատրվող աշխատանքներում, բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների։

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Մեկուսարան
  • «Աբովյան» ՔԿՀ-ի փակ և կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկի տարածքում աշխատանքային գոտիներ չկան, իսկ կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկում կան արտադրական գոտիներ: Կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 14 կին ներգրավված է հիմնարկի տեխնիկատնտեսական սպասարկման վճարովի աշխատանքներում: Նրանք կատարում են գրադարանավարի, ակումբի, մարզասենյակի, պահեստասենյակի և բաղնիքի սպասարկողի, բանվորի և հավաքարարի աշխատանք և վարձատրվում են Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 14 կին ներգրավված է չվարձատրվող աշխատանքներում: Նրանք կատարում են տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 1 կին աշխատում է այլ գործատուի մոտ որպես մաքրուհի: 
  • «Արթիկ» ՔԿՀ-ում առանձնացված աշխատանքային գոտիներ չկան: Հիմնարկի տեխնիկատնտեսական վճարովի աշխատանքներում ներգրավված է 12 դատապարտյալ: Նրանցից 1-ը պատիժ է կրում փակ, 1-ը՝ կիսափակ, իսկ 10-ը՝ կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկներում: Փաստացի վճարվող աշխատավարձը կազմում է 68,000 ՀՀ դրամ: Նրանք կատարում են տարաբնույթ բանվորական աշխատանքներ: Չվարձատրվող աշխատանքներում ներգրավված է 9 դատապարտյալ: Նրանցից 1-ը պատիժ է կրում փակ, 3-ը՝ կիսափակ, 3-ը՝ կիսաբաց և 2-ը՝ բաց տեսակի ուղղիչ հիմնարկներում: Նրանք կատարում են սանիտարահիգիենիկ բարեկարգման աշխատանքներ: Այլ գործատուի մոտ աշխատող ազատազրկված անձինք հիմնարկում չկան:
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կանանց տեղամաս
  • «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատանքային գոտիներ չկան: Հիմնարկի տեխնիկատնտեսական սպասարկման վճարովի աշխատանքներում ներգրավված է 11 դատապարտյալ: Նրանցից 4-ը պատիժ են կրում կիսաբաց, իսկ 7-ը՝ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկներում: Բոլորը կատարում են բանվորի աշխատանք և ստանում են 92,617 ՀՀ դրամ աշխատավարձ: Այլ գործատուի մոտ աշխատում է 2 ցմահ դատապարտյալ: Նրանք պատիժ են կրում կիսաբաց ուղղիչ հիմնարկում և կատարում են բլոգերի ու իրավագետի աշխատանք: Հիմնարկի տեխնիկատնտեսական սպասարկման անվճար աշխատանքներում ներգրավված է կիսաբաց, կիսափակ և փակ ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող 40 դատապարտյալ:
  • «Գորիս» ՔԿՀ-ում աշխատանքային գոտիներ չկան: Հիմնարկի տեխնիկատնտեսական սպասարկման վճարովի աշխատանքներում ընդգրկված է 3 դատապարտյալ: Նրանցից 2-ը պատիժ են կրում կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում և կատարում են լվացքատան, պահեստի և շինարարական աշխատանքներ: 1-ը պատիժ է կրում կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկում և աշխատում է որպես ճաշարանի բանվոր: Նրանք վարձատրվում են Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Հիմնարկում այլ գործատուի մոտ աշխատող, ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման անվճար աշխատանքներ կատարող դատապարտյալներ չկան:
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում 4 դատապարտյալ ներգրավված է հիմնարկի տեխնիկատնտեսական սպասարկման վճարովի աշխատանքներում: Նրանցից 3-ն աշխատում են որպես բանվոր, 1-ը՝ որպես հավաքարար: Միջին աշխատավարձը կազմում է 92,617 ՀՀ դրամ: Վճարովի աշխատանքներում ընդգրկված դատապարտյալներն աշխատում են հիմնարկի բնակելի գոտում: Ներկայումս այլ գործատուի մոտ աշխատող և չվարձատրվող աշխատանքներում ներգրավված դատապարտյալներ չկան:
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կարի արտադրամաս
  • «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աշխատանքային գոտիներ չկան: Հիմնարկում տեխնիկատնտեսական սպասարկման վճարովի և անվճար աշխատանքներ չեն իրականացվում: Այլ գործատուների մոտ աշխատող դատապարտյալներ ևս չկան:
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատանքային գոտիներ չկան: Հիմնարկի տնտեսատեխնիկական վճարովի աշխատանքներում ներգրավված է 7 դատապարտյալ: Նրանք պատիժ են կրում կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում և կատարում են բանվորի աշխատանք: Աշխատավարձը կազմում է 68,000 ՀՀ դրամ: Այլ գործատուի մոտ աշխատում են փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 2 ցմահ դատապարտյալ՝ որպես ծրագրավորող: Տեխնիկատնտեսական անվճար աշխատանքներում դատապարտյալներ ներգրավված չեն, քանի որ նման աշխատանքներ հիմնարկում նախատեսված չեն:
  • «Սևան» ՔԿՀ-ում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկված է կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 4 և բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 1 դատապարտյալ՝ 68,000 ՀՀ դրամ աշխատավարձով: Այլ գործատուի մոտ աշխատող դատապարտյալներ չկան: Առանց վարձատրության աշխատանքներում ընդգրկված է կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 8 դատապարտյալ: Նրանք կատարում են հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքներ:
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
  • «Վանաձոր» ՔԿՀ-ն նախատեսված է փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների համար, իսկ գործող կարգի համաձայն՝ նախատեսված չէ նշված ուղղիչ հիմնարկում աշխատանքային գոտիներ ստեղծել: Տեխնիկատնտեսական սպասարկման վճարովի աշխատանքներում ընդգրկված են 6 դատապարտյալ: Նրանք պատիժ են կրում կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում, կատարում են բանվորական աշխատանքներ և ստանում են Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձը: Այլ գործատուի մոտ աշխատող դատապարտյալներ չկան: Չվարձատրվող աշխատանքներում ընդգրկված են կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 4 դատապարտյալ և փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 2 դատապարտյալ:
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեխնիկատնտեսական սպասարկման վճարովի աշխատանքներում ներգրավված են 7 դատապարտյալ: Նրանցից 6-ը պատիժ են կրում կիսաբաց, իսկ 1-ը՝ բաց տեսակի ուղղիչ հիմնարկում: Աշխատանքների հաստիքներն են՝ սննդի բաշխման գործընթացում աշխատող, գրադարանի սպասարկող, հավաքարար, բաղնիքի բանվոր, հանձնուքների տեղափոխման և բաշխման բանվոր: Բոլոր աշխատողների աշխատավարձի չափը կազմում է 68,000 ՀՀ դրամ: Այլ գործատուի մոտ աշխատում է բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 8  դատապարտյալ: Նրանք կատարում են սննդի արտադրության և վաճառք ոլորտում մենեջերի, խորհրդատուի, տեխսպասարկողի, համակարգի օպերատորի, բանվորի, ամրագործ բանվորի համակարգողի աշխատանքներ: Հիմնարկի բարեկարգման աշխատանքներում ընդգրկված է կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 1 դատապարտյալ: Նա կատարում է բարեկարգման աշխատանքներ:

 

Նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.