Skip to content Skip to sidebar Skip to footer

Հայաստանի քրեակատարողական հիմնարկները

Քրեակատարողական հիմնարկն այն վայրն է, որն ապահովում է կալանավորման՝ որպես խափանման միջոցի, և ազատազրկման՝ որպես պատժի տեսակի կատարումը:  Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գործում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, իսկ վերջինս՝ ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ներքո:

Ներկայումս Հայաստանում գործում է 10 քրեակատարողական հիմնարկ.

  • «Աբովյան» ՔԿՀ,
  • «Արթիկ» ՔԿՀ,
  • «Արմավիր» ՔԿՀ,
  • «Գորիս» ՔԿՀ,
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ,
  • «Երևան-Կենտրոն» ՔԿՀ,
  • «Նուբարաշեն» ՔԿՀ,
  • «Սևան» ՔԿՀ,
  • «Վանաձոր» ՔԿՀ,
  • «Վարդաշեն» ՔԿՀ:

«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշմամբ 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Մեկուսարան
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ

«Աբովյան» ՔԿՀ-ն կառուցվել է 1958 թվականին և նախատեսված է եղել միայն անչափահաս դատապարտյալների համար: 1991 թվականից սկսած «Աբովյան» ՔԿՀ- ում պահվում են նաև կին կալանավորներն ու դատապարտյալները:

ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ

«Արթիկ» ՔԿՀ-ն կառուցվել է 1950-ական թվականներին: Հիմնարկը փակվել է 2004 թվականին և վերաբացվել 2007 թվականին:  Այն գտնվում է բարձր լեռնային գոտում։ 2006 թվականի վերանորոգումից հետո այնտեղ պայմաններ են ստեղծվել դատապարտյալներին խցային պայմաններում պահելու համար։

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ

«Արմավիր» ՔԿՀ-ն գտնվում է Էջմիածին քաղաքին հարակից Չոբանքյարա կոչվող տեղանքում։ Հիմնարկի շինարարությունը սկսվել է 2007 թվականին՝ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով:  Այն շահագործման է հանձնվել երկու փուլով: Առաջին փուլում շահագործվել են հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և շուրջ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, իսկ երկրորդ փուլում՝ 2015 թվականին՝ ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը: 2014 թվականին շահագործման հանձնված բնակելի մասնաշենքը բաղկացած է երկու թևից, յուրաքանչյուրն ունի 48 խուց, որից յուրաքանչյուրը նախատեսված է 4 դատապարտյալի համար: Խցերի մակերեսը, առանց սանհանգույցի մակերեսի, կազմում է 16-17 քառ. մետր: Յուրաքանչյուր խուց կահավորված է սանհանգույցով և լոգասենյակով:  Հիմնարկի տարածքն ամբողջովին ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: Ողջ պարագծով տեղադրված է հոսանքահարող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ: 

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ

«Գորիս» ՔԿՀ-ն ամենահին շինությունը ունեցող հիմնարկն է: Կառուցվել է 1812 թվականին, իսկ 1870 թվականից գործում է որպես բանտ: Ներկայումս այն փակ տիպի հիմնարկ է, սակայն իր մեջ պարունակում է նաև կիսափակ, կիսաբաց և բաց տիպեր: Հիմնարկն ունի 3 դիտակետ, պատերի վրա արտաքին տրամագծով տեղակայված են տարբեր տեսակի անվտանգության համակարգեր` փշալար և շոկային հոսանքալարեր: Հիմնարկը երկհարկանի շինություն է, որը կառուցված է ցեխի և թեփի խառնուրդից պատրաստված ծեփանյութով:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն գտնվում է Երևան քաղաքում։ Այն միակ մասնագիտացված բուժհաստատությունն է քրեակատարողական համակարգում։ Այստեղ ազատազրկված անձինք տեղափոխվում են՝ իրենց բուժումը մյուս քրեակատարողական հիմնարկների բուժմասերի պայմաններում կազմակերպելու անհնարինության դեպքում։ Հիմնարկն ունի 3 լոկալ գոտի, յուրաքանչյուր գոտում տեղավորված է մի քանի բաժանմունք:

  • Առաջին գոտում տեղակայված են վիրաբուժական, ատամնաբուժական, ֆունկցիոնալ ախտորոշման և ֆիզիոթերապևտիկ բաժանմունքները:

Վիրաբուժական բաժանմունքը գտնվում է 1828 թվականին կառուցված եռահարկ մասնաշենքում։ Այն ապահովում է կալանավորված և դատապարտված անձանց ավելի բարձր որակի մասնագիտեցված բուժօգնությունը։ Բաժանմունքի բժիշկ-մասնագետները կատարում են պարբերական այցեր այլ հիմնարկներ՝ վիրաբուժական միջամտությունների կարիք ունեցող ազատազրկված անձանց զննելու և համապատասխան բուժումը կազմակերպելու համար։ Անհրաժեշտության դեպքում բաժանմունքին օգնում են նաև քաղաքացիական բուժհաստատություններում աշխատող բժիշկ-խորհրդատուները։

Ատամնաբուժական բաժանմունքը գտնվում է նույն գոտում, ինչ վիրաբուժական բաժանմունքը, և 2008 թվականին տեղափոխվել է նոր վերանորոգված մասնաշենք։ Բաժանմունքը կատարում է վիրաբուժական, թերապևտիկ և օրթոպեդիկ միջամտություններ: Բաժանմունքում կատարվում են նաև դիմածնոտային վիրաբուժական միջամտություններ։

Ֆունկցիոնալ ախտորոշման և ֆիզիոթերապևտիկ բաժանմունքում կատարում են սոնոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաև էլեկտրասրտագրություն։

  • Երկրորդ գոտում տեղակայված են ինֆեկցիոն, հոգեբուժական, թերապևտիկ բաժանմունքները:

Ինֆեկցիոն բաժանմունքում բուժվում են հետևյալ հիվանդություններ ունեցող ազատազրկված անձինք՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, Հեպատիտ, Էնտերոկոլիտ, քրոնիկ կոլիտ, մաշկային և վեներական:

Թերապևտիկ բաժանմունքը գտնվում է առանձին մասնաշենքում։ Բաժանմունք ընդունվում են անհապաղ միջամտության կարիք ունեցող հիվանդները։

  • Երրորդ գոտում տեղակայված են թոքախտաբանական, նարկոլոգիական, ռենտգենաբանական և կլինիկակենսաբանական բաժանմունքները:

Թոքախտաբանական բաժանմունքը գտնվում է ներկառուցված մասնաշենքում։ Մասնաշենքի հիվանդները մեկուսացված են մյուս բաժանմունքի հիվանդներից: Նրանք ունեն զբոսանքի համար նախատեսված առանձին բակ։ Բաժանմունքում տեղադրված է նաև առանձին ավտոմատ հեռախոս՝ միայն այդ բաժանմունքի հիվանդների համար։

Նարկոլոգիական բաժանմունքը գտնվում է նույն շենքում, ինչ թաքախտաբանական բաժանմունքը, սակայն նարկոլոգիական բաժանմունքի համար կառուցված է առանձին մասնաշենք։ Բաժանմունքում բուժվում են ալկոհոլամոլությամբ և թմրամոլությամբ տառապող հիվանդները: Հիմնականում այդ հիվանդները ուղարկվում են բուժման՝ համաձայն դատարանի կողմից ընդունաված ՀՀ Քրեական օրենսգրքի 97 հոդվածով նախատեսված հարկադիր բուժման որոշման։

Կլինիկակենսաբանական լաբարատոր բաժանմունքը սպասարկում է հիմնարկի վեց կլինիկական բաժանմունքները։ Բաժանմունքում կատարվում են հետևյալ լաբարատոր զննությունները՝ մեզի ընդհանուր զննություն, արյան ընդհանուր զննություն, արյան կենսաքիմիական զննություն, կոպրոլոգիա, քսուքի զննություն, շճաբանություն, իմունաբանական զննություն:

Դեղագործական բաժանմունքը գտնվում է հիմնարկի տարածքում, սակայն լոկալ գոտիներից դուրս է։ Բաժանմունքը ստանում է պետբյուջեի միջոցներով քրեակատարողական համակարգի համար գնված ամբողջ դեղորայքը, բուժգործիքները, լաբորատոր պարագանները և այլ բուժպարագանները։ 

ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի առաջին և նկուղային հարկում և դեռևս խորհրդային տարիներից ծառայել է որպես ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե) մեկուսարան: Հիմնարկի շենքը կառուցվել է 1958 թվականին:

ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն Հայաստանի ամենամեծ հիմնարկն է: Այն շահագործման է հանձնվել 1981 թվականին: Իր կառուցվածքով հիմնարկը չի համապատասխանում քրեակատարողական հիմնարկների ներկայիս պահանջներին: Այնտեղ պահվում են հիմնականում կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալները: Կալանավորված անձինք պահվում են հիմնարկի առաջինից չորրորդ հարկերում: Չորրորդ հարկի որոշ խցերում պահվում են նաև ցմահ դատապարտյալներ, հինգերորդ հարկում միայն ցմահ դատապարտյալներն են:

ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ

«Սևան» ՔԿՀ-ն կառուցվել է 1962 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել որպես քրեակատարողական հիմնարկ: Հիմնարկն ունի բավականին մեծ տարածք, որի արտաքին տրամագծով տեղակայված է 8 դիտաշտարակ:

ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ

2007 թվականին «Վանաձոր» ՔԿՀ-ն տեղափոխվել է նոր շենք, որի կառուցումն սկսվել է 2005 թվականին: Այն կառուցված է նման կառույցների համար նախատեսված պահանջներին համապատասխան, և առկա են կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Շենքը նախկինում եղել է ավտոբուսի պարկ:

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ

«Վարդաշեն» ՔԿՀ-ն նախատեսված է իրավապահ մարմինների ազատազրկված նախկին աշխատակիցների և օտարերկրացիների պահման համար: Հիմնարկի շենքը կառուցվել է 1996 թվականին, վերակառուցվել` 2003-2004 թվականներին: Վերջին կապիտալ վերանորոգումը տեղի է ունեցել 2005 թվականին, ինչի արդյունքում հնարավոր է դարձել դատապարտյալներին խցային պայմաններում պահելը:

 

Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2022 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.