Skip to content Skip to sidebar Skip to footer

«Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում»․ Ազատազրկված կանանց պատմությունների ժողովածու

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2025 թվականին Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրը։

Ծրագրի նպատակն էր փոխել հանրային ընկալումներն ազատազրկված կանանց վերաբերյալ, նրանց ձայները լսելի դարձնել հասարակությանը և քրեական արդարադատության մարմիններին՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման միջավայրի ձևավորմանը։

Ծրագրի շրջանակում կազմակերպությունն աշխատել է 16 կնոջ հետ, որոնցից 3-ը դատապարտյալ էին, իսկ 13-ը՝ կալանավորված։ Վերջիններից 3-ը ծրագրի իրականացման ընթացքում ազատ են արձակվել խափանման միջոցի փոփոխման արդյունքում։ Ընդհանուր առմամբ, իրենց պատմությունները ներկայացրել են 13 կանայք։

Պատմությունների հավաքագրմանը նախորդել են անհատական և խմբային ձևաչափով հանդիպումներ՝ ուղղված ծրագրի մասնակից կանանց ինքնազարգացմանը, հույզերի ճանաչմանը, հուզական բարեկեցությանը, անձնային աճին, դրական ինքնընկալմանը, իրազեկվածության բարձրացմանը, գրավոր և բանավոր խոսքի կառուցման հմտությունների զարգացմանը։ Տեսական գիտելիքներից բացի հանդիպումները ներառել են նաև խմբային քննարկումներ, դերային խաղեր և գործնական վարժություններ։

Անազատության մեջ գտնվող կանանց շրջանում գերակշռում են ինքնամեղադրանքի և ամոթի զգացողությունները, հասարակության կողմից խարանը և պիտակավորումը, ինչի հետևանքով նրանք խուսափում են խոսել իրենց անցած ուղու մասին։ Բացի այդ, բանտային առօրյան, կանոնակարգված հարաբերությունները, քրեական արդարադատության մարմիններից ունեցած դժգոհությունները և բազմաթիվ այլ գործոններ ժամանակի ընթացքում կարծրացնում են կանանց հույզերը՝ դրանք դարձնելով երկրորդական։ Ճաղերի ներսում գոյատևելու ամենօրյա մարտահրավերներն իրենց հերթին հետին պլան են մղում անձնական փորձառության կարևորությունը, իսկ փակ միջավայրը խորացնում է միջանձնային խնդիրները։

Հանդիպումները պատմությունների գրագետ ձևակերպմանը նպաստելուն զուգընթաց թերապևտիկ նշանակություն են ունեցել՝ օգնելով հաղթահարել ինչպես վերը թվարկված խնդիրները, այնպես էլ ազատազրկման փորձառության վերապրումը։ Դրանք բարելավել են կանանց հոգեբանական վիճակը՝ ներքին համարձակություն տալով բարձրաձայնելու այդ փորձառության մասին, ինչն իր հերթին օգնել է վերագնահատել անցյալը՝ հասնելով զղջման, ափսոսանքի և ազատության կորստի գիտակցման։ Բացի այդ, կյանքի քաղած դասերն ընթերցողներին փոխանցելով՝ կանայք իրենց արժևորված են զգացել՝ համոզմունք ունենալով, որ մյուսները չեն կրկնի իրենց սխալը և չեն հայտնվի անազատության մեջ։

Այս պատմությունները խորապես անձնական են և ներկայացնում են, թե կանայք ինչ են կորցրել կամ թողել ազատության մեջ, ինչ են ձեռք բերել, ինչ դասեր են քաղել, ինչն է փոխվել կամ վերաիմաստավորվել իրենց մեջ, ինչպես են հարմարվել բանտային պայմաններին և ինչ ուղերձ ունեն հասարակությանը։ Դրանք ոչ միայն ինքնարտահայտվելու հնարավորություն են տվել, այլև նպաստել են երկար ժամանակ անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ շեշտադրելով քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և անձնական փորձառության կարևորությունը։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]