Skip to content Skip to sidebar Skip to footer

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Գ․Խ․-ի գործով դատախազության բողոքը․ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մնացել է ուժի մեջ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Ծանր հիվանդության հիմքով ազատման մեխանիզմը պետք է գործի որպես անձի իրական պաշտպանության երաշխիք» հրապարակման մեջ վկայակոչել էր 2026 թվականի հունվարին Գ․Խ․-ի կողմից Կազմակերպությանն ուղարկված ահազանգը։ Անձի փոխանցմամբ՝ իր մոտ ախտորոշվել են այնպիսի հիվանդություններ, միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 7-ի եզրակացության համաձայն որակվել են որպես պատժի կրման հետ անհամատեղելի։ Նշվածի նկատառմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ անձն ազատվել է պատժի կրումից։ Սակայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի հունվարի 30-ի որոշմամբ դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է առաջին ատյանի դատարանի որոշումը, և անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ 2025 թվականի օգոստոսի 5-ին առաջին ատյանի դատարան է ստացվել անձի միջնորդությունը՝ իրեն հիվանդության հետևանքով պատժի կրումից ազատելու վերաբերյալ։ Դատարանը քրեակատարողական հիմնարկի պայմաններում անձի մոտ ախտորոշված հիվանդության խնամքի և բուժման կազմակերպման հնարավորության կամ անհնարինության մասին եղրակացություն ստանալու համար դիմել է ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 6-ին կայացրել է եզրակացություն առ այն, որ Գ․Խ․-ի ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ նախատեսված պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին, և նշված հիվանդության բուժումը հնարավոր չի իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում։ Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ անձը հիվանդության հիմքով ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։ 2026 թվականի հունվարին անձն ահազանգել է Կազմակերպությանը՝ տեղեկացնելով, որ դատախազությունը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ միջնորդելով բերակել առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը՝ կայացնելով նոր դատական ակտ, և Գ․Խ․ի միջնորդությունն իրեն հիվանդության հետևանքով պատժից ազատելու մասին մերժել։

Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ Վճռաբեկ դատարանը 2026 թվականի մարտի 2-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել դատապարտյալ Գ․Խ․-ի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։ 

Վարույթի դատավարական նախապատմությունը․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 5-ի դատավճռով, Գ․Խ․-ն մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքում՝ դատապարտվելով ազատազրկման 3 տարի 8 ամիս ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դատապարտվելով ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դատապարտվելով ազատազրկման 3 տարի 4 ամիս ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դատապարտվելով ազատազրկման 3 տարի 4 ամիս ժամկետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դատապարտվելով ազատազրկման 3 տարի 4 ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառմամբ, Գ․Խ․-ի նկատմամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու արյունքում, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 5 տարի 5 ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի կիրառմամբ, վերջնական պատժին մասնակի գումարվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի նոյեմբերի 21-ի դատավճռով Գ․Խ․-ի նկատմամբ նշանակված 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժից 1 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկումը ևվերջնական պատիժ է նշանակվել 7 տարի ժամկետով։

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Գ․Խ․-ն 2025 թվականի օգոստոսի 5-ին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան) հիվանդության պատճառով պատժից ազատելու վերաբերյալ, որն Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ բավարարվել է, և Գ․Խ․-ն հիվանդության հիմքով ազատվել է ազատազրման ձևով նշանակված պատժի կրումից։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ, դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ։ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Վճռաբեկ բողոքի փաստարկները և պահանջը․ Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պամանները, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև առերևույթ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևանքով կայացված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Ի հիմնավորումն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերոնշյալ պայմանների առկայության՝ բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանների որոշումները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Շիրին Ջանգոյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Արթուր Օսիպյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԿԴ/0046/13/16 որոշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ի թիվս այլնի, Gelfmann v. France գործով 2004 թվականի դեկտեմբերի 14-ի (գանգատ թիվ 25875/03), Sarban v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի (գանգատ թիվ 3456/05) վճիռներով արտահայտված դիրքորոշումներին։ Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև սխալ են մեկնաբանել և կիրառել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշումը։ Բողոքաբերը գտել է, որ դատապարտյալի մոտ ի հայտ եկած հիվանդությունը և դրա արդյունքում պատիժը կրելու անհնարինությունը պետք է հիմնավորվի բացառապես համապատասխան բժշկական եզրակացությամբ, ինչից հետևում է, որ դատապարտյալի կողմից պատիժը կրելու անհնարինությունտ չի կարող դատարանի գնահատման տիրույթում լինել։ Միաժամանակ բողոքաբերը փաստել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը չի պարունակում որևէ փաստարկված հիմնավորում այն մասին, որ դատապարտյալի բուժումը կամ խնամքը հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկում։ Բողոք բերած անձը փաստել է նաև, որ նախկինում պատժի կրումից ազատվելուց հետո դատապարտյալ Գ․Խ․-ն շարունակել է իր կայուն հանցավոր վարքագիծը։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ Գ․Խ․-ին հիվանդության հետևանքով պատժից ազատելու մասին միջնորդությունը մերժել։

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումները․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝

«1․ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝

  • վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.
  • Առերևույթ քրեակաավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևանքով կայացված դատական ակտը կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը»։

Նույն օրենսգրքի 398-րդ հոդվածի3-րդ մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն»։

Վճռաբեկ դատարանը բողոք բերած անձի փաստարկների, սույն վարույթի նյութերի, Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման պատճառաբանությունների համադրված վերլուծության հիման վրա գալիս է հետևության, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել վարույթի ելքի վրա կամ խաթարել արդարադատության բուն էությունը, իսկ հակառակի մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզհանագնումներով։

Միևնույն ժամանակ, համեմատական վերլուծության ենթարկելով բողոքարկվող դատական ակտում և Վճռաբեկ դատարանի՝ Շիրին Ջանգոյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Արթուր Օսիպյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԿԴ/0046/13/16 որոշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ի թիվս այլնի, Gelfmann v. France գործով 2004 թվականի դեկտեմբերի 14-ի (գանգատ թիվ 25875/03), Sarban v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի (գանգատ թիվ 3456/05) վճիռներով արտահայտված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտը չի հակասում վկայակոչված որոշումներին և վճիռներին։

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից չեն բերվել բավարար հիմնավորումներ, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև առերևույթ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևանքով կայացված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պայմաններով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման։

Հաշվի առնելով վերոշարադրյալ հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 281-րդ և 398-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը որոշել է դատապարտյալ Գ․Խ․-ի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]