Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը 2026 թվականի մարտին 10-օրյա այցով գտնվում էր Հայաստանում։ Խումբը ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի կարևոր մեխանիզմներից մեկն է, որը գործում է Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում և կազմված է անկախ փորձագետներից։ Վերջիններս ունեն կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության տարբեր դրսևորումները տարբեր երկրներում ուսումնասիրելու և գնահատելու մանդատ՝ տրամադրելու համար մասնագիտական եզրակացություններ և առաջարկություններ։
Նմանատիպ այցերի նպատակն է տեղում գնահատել, թե որքանով են ապահովվում և պաշտպանվում կանանց և աղջիկների իրավունքները, արձանագրել արձանագրված առաջընթացը, ինչպես նաև բացահայտել առկա բացերն ու համակարգային խնդիրները։ Այցերը հնարավորություն են տալիս նաև երկխոսություն հաստատել պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի միջև՝ նպաստելով բարեփոխումների իրականացմանը։
Այցից առաջ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն աշխատանքային խմբին ներկայացրել էր մանրամասն զեկույց՝ ազատազրկված կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության առկա դրսևորումների, խնդիրների և դրանց հաղթահարման անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։ Այս զեկույցը կարևոր աղբյուր է հանդիսացել խմբի համար՝ նախնական պատկերացում կազմելու ոլորտում առկա իրավիճակի մասին։
Հայաստան կատարած այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել պետական մարմինների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ Կազմակերպության ներկայացուցիչների։ Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են ոլորտի հիմնական մարտահրավերները, ձեռքբերումները և հնարավոր բարեփոխումների ուղղությունները։
Աշխատանքային խումբը իր ամբողջական զեկույցը կհրապարակի 2027 թվականի հունիսին, որտեղ կներկայացվեն մանրամասն դիտարկումներ և առաջարկություններ։ Մինչ այդ, խումբը հրապարակել է այցի նախնական ամփոփ արդյունքները, որոնք արդեն իսկ ընդգծում են մի շարք կարևոր խնդիրներ և առաջնահերթություններ։
Խումբը գոհունակությամբ է արձանագրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերջերս իրականացված վերանորոգումը, որը զգալիորեն բարելավել է կանանց կենսապայմանները։ Սակայն միաժամանակ ընդգծվել է, որ կանանց, այդ թվում՝ երեխաների հետ կալանավորված մայրերի համար սահմանված ռեժիմը դեռևս լիարժեք չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին և ՄԱԿ-ի Բանգկոկի կանոններին։
Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել, որ բոլոր կին կալանավորները՝ թե՛ նախնական կալանքի տակ գտնվողները, թե՛ դատապարտյալները, ունենան օրական առնվազն ութ ժամ իմաստալից, գենդերազգայուն և նպատակային գործունեության հնարավորություն։ Դրանք կարող են ներառել կրթություն, աշխատանք, հանգիստ և վերականգնողական ծրագրեր։ Միևնույն ժամանակ, պետք է վերանայել սահմանափակող պայմանները, այդ թվում՝ բացօթյա ֆիզիկական ակտիվության սահմանափակումները, նույնիսկ այն դեպքերում, երբ կանայք գտնվում են երեխաների հետ։
Ամփոփման մեջ նաև նշվում է, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխումը պետք է դառնա առաջնահերթություն՝ այն դարձնելու իրականում մատչելի և արդյունավետ։ Բացի այդ, կալանքի այլընտրանքային միջոցները պետք է կիրառվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան։


