Skip to content Skip to sidebar Skip to footer

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում

2026 թվականի ապրիլի 22-ին Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Լուսինե Քարամյանի հրավերով «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը «Գենդերային հիմնահարցերը և ներառականությունը» առարկայի շրջանակում հյուրընկալվել է Սոցիալական աշխատանք կրթական ծրագրի ուսանողներին։

Հանդիպման բացման խոսքում Լուսինե Քարամյանը կարևորել է նմանատիպ հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով տեսական գիտելիքների և գործնական փորձի համադրության նշանակությունը։ Նա նշել է, որ ոլորտի մասնագետների հետ անմիջական շփումն ուսանողներին հնարավորություն է տալիս ավելի խորությամբ ընկալել սոցիալական արդարության, մարդու իրավունքների և գենդերային հավասարության հարցերը, ինչպես նաև ձևավորել քննադատական մտածողություն և մասնագիտական պատասխանատվություն։

Իր ելույթի սկզբում Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ առանձնահատուկ կարևորելով կանանց իրավունքների պաշտպանությանը և նրանց վիճակի բարելավմանը միտված ծրագրերն ու նախաձեռնությունները։

Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձել է քրեակատարողական համակարգում առկա գենդերային խնդիրներին՝ ներկայացնելով ազատազրկված կանանց առջև ծառացած հիմնական մարտահրավերները։ Նա ընդգծել է ոլորտում առկա օրենսդրական բացերը և քաղաքականության թերությունները՝ շեշտելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։

Նա ուսանողների քննարկել է մի շարք կարևոր հարցեր՝ կապված ազատազրկված կանանց պահման պայմանների, առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի, սոցիալ-հոգեբանական աջակցության, սննդի կազմակերպման, անձնական հիգիենայի, արտաքին աշխարհի հետ կապի, ինչպես նաև զբոսանքի և լոգանքի հնարավորությունների հետ։ Անդրադարձ է կատարվել նաև վերասոցիալականացման գործընթացի խնդիրներին։

Առանձին շեշտադրում է արվել խոցելի խմբերի՝ հղի կանանց, մինչև 3 տարեկան երեխա ունեցող մայրերի, հաշմանդամություն ունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող կանանց առանձնահատուկ կարիքների վրա։

Դասախոսության ավարտին Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է կազմակերպության դիրքորոշումն ու առաջարկվող ռազմավարական մոտեցումները՝ ուղղված ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներին։

Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրացնել իրենց հետաքրքրող հարցերը և ներկայացնել դիտարկումներ՝ կապված ազատազրկված կանանց առողջության, կրթության և սոցիալական այլ իրավունքների ապահովման հետ։

Այցի ավարտին բանախոսն ուսանողներին է նվիրել «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» պատմվածքների ժողովածուի օրինակներ, որտեղ ներկայացված են ազատազրկված կանանց պատմությունները։ Բացի այդ, ուսանողներին է տրամադրել նաև Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից թողարկվող Հայաստանի ժամանակակից աշխատավորուհի թերթի երկրորդ համարը, որում տեղ է գտել Նարե Հովհաննիսյանի հոդվածը՝ նվիրված ազատազրկված կանանց սեռական և վերարտադրողական առողջության հիմնահարցերին։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]