Skip to content Skip to sidebar Skip to footer

Գլոբալ համագործակցության նոր փուլ՝ քրեակատարողական բարեփոխումների ոլորտում. 2026թ․ մարտի 26–27-ին Ամստերդամում կայացել է մեկնարկային համաժողովովը

Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համաշխարհային դաշինքը պաշտոնապես մեկնարկեց 2026 թվականի մարտի 26–27-ին Նիդեռլանդների Թագավորության Ամստերդամ քաղաքում կայացած երկօրյա մեկնարկային համաժողովով։ Համաժողովը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և իրավապաշտպանների՝ դառնալով կարևոր քայլ համագործակցային և արժեքահեն գլոբալ հարթակի ձևավորման ճանապարհին։

Միջոցառմանը մասնակցել են 32 երկրներից 46 ներկայացուցիչներ՝ ներկայացնելով քրեական արդարադատության բարեփոխումների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում գործող կազմակերպություններ։ Այն ներառել է պլենար քննարկումներ, փորձագիտական ելույթներ և ինտերակտիվ աշխատարաններ՝ ստեղծելով գիտելիքի փոխանակման, փորձի ներկայացման և համագործակցության ձևավորման ակտիվ միջավայր։

Համաժողովի առաջին օրը նվիրված էր Դաշինքի հիմքերի ձևավորմանը։ Մասնակիցները քննարկել են Դաշինքի տեսլականը, առաջնորդող սկզբունքներն ու ռազմավարական առաջնահերթությունները՝ հիմնվելով իրենց փորձի և մասնագիտական գիտելիքների վրա։ Առանձին ելույթներում շեշտադրվել են արդյունավետ համագործակցության կառուցման և վերաինտեգրման խթանման մոտեցումները՝ ընդգծելով ներառականության և համակարգային փոփոխությունների կարևորությունը։ Քննարկվել են նաև ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները՝ պատժիչ մոտեցումների տարածումը և քաղաքացիական հասարակության գործունեության տարածքների սահմանափակումը, որոնք ազդում են իրավապաշտպան գործունեության արդյունավետության վրա։

Երկրորդ օրը կենտրոնացած էր ապրված փորձի (lived experience), Դաշինքի նորարարության և կառավարման հարցերի վրա։ Առանձին նստաշրջան նվիրված էր արդարադատության համակարգում ապրված փորձ ունեցող անձանց դերի բարձրացմանը՝ ներկայացնելով դրա փոխակերպող ներուժը։ Մասնակիցները համատեղ ձևավորել են Դաշինքի կառավարման սկզբունքները՝ ապահովելով ներառականություն, հաշվետվողականություն և բովանդակային մասնակցություն։ Նույն օրը ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներից գործնական նախաձեռնություններ՝ ներառյալ ստեղծագործական վերականգնողական ծրագրեր, ազատազրկման այլընտրանքային մոդելներ, թմրամիջոցների քաղաքականության բարեփոխման փորձառություններ, ինչպես նաև ազատազրկված կանանց և նրանց երեխաների աջակցության ծրագրեր։ Այս օրինակները վկայում են համայնքային լուծումների և միջոլորտային համագործակցության բարձր արդյունավետության մասին։

Համաժողովի ավարտին մշակվել է Դաշինքի համատեղ հռչակագրի նախագիծը, որը ներառում է ընդհանուր պարտավորություններն ու հետագա քայլերը։ Այն կծառայի որպես Դաշինքի հետագա գործունեության հիմնարար փաստաթուղթ և կլրամշակվի ցանցի անդամների լայն ներգրավմամբ։

Համաժողովը դարձավ քաղաքացիական հասարակության համատեղ ճանապարհի կարևոր մեկնարկ՝ ուղղված ավելի մարդակենտրոն, արդյունավետ և ներառական արդարադատության համակարգերի ձևավորմանը՝ հիմնված համագործակցության, փոխադարձ ուսուցման և հատկապես անմիջականորեն ազդակիր անձանց ձայնի արժևորման վրա։

Նշենք, որ Դաշինքը նախաձեռնվել է 2025 թվականին Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության կողմից։ Այսօր այն միավորում է աշխարհի ավելի քան 80 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ նպատակ ունենալով առաջ մղել մարդակենտրոն և իրավունքահեն քրեակատարողական բարեփոխումները։ Դաշինքը խթանում է անդամների միջև համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը և համատեղ շահերի պաշտպանությունը՝ ուղղված վերականգնմանը, վերաինտեգրմանը և ազատազրկված անձանց արժանապատվության ապահովմանը։

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ևս հանդիսանում է Դաշինքի անդամ և մասնակցել է երկօրյա մեկնարկային համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանի փորձը, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվելով քննարկումներին և Դաշինքի ռազմավարական ուղղությունների ձևավորմանը։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]