Skip to content Skip to sidebar Skip to footer

Ի աջակցություն Սաշիկ Սուլթանյանի

2020 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քրեական հետապնդում է սկսել «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի դեմ՝ հիմնվելով նույն թվականի հունիսին Yezidinews.com կայքում հրապարակված նրա հարցազրույցի վրա:

Քննիչը վկայակոչել է Սուլթանյանի մի քանի հայտարարություններ` Հայաստանում էթնիկ փոքրամասնություն հանդիսացող եզդիների շրջանում ազգային թշնամանք հարուցելու հիմքով քրեական հետապնդումը հիմնավորելու համար:

2021 թ․ հուլիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և քննության համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Որպես ՀՀ-ում խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ և հավասարության մշակույթի տարածման ջատագով իրավապաշտպան կազմակերպություն՝ Կոալիցիան խորապես մտահոգված է դեպքերի նման զարգացմամբ և դատապարտում է քրեական հետապնդում իրականացնող մարմնի այս գործելաոճը, որով ազգամիջյան ատելությունը կանխելու նպատակով ընդունված քրեական օրենսգրքի նորմն օգտագործվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության գործունեությունը խոչընդոտելու համար։ Իր իրավապաշտպան գործունեության ընթացքում մեր գործընկեր կազմակերպությունը պայքարել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու և ավելի ապահով երկիր կառուցելու տեսլականով։  Միայն այն, որ պատերազմի ողջ ընթացքում նա ֆեյսբուքյան իր էջով դիմել է արտերկրի գործընկերներին՝ Հայաստանը մշտապես ներկայացնելով որպես իր հայրենիքը, կոչ է արել միավորվել, ուս ուսի պայքարել հանուն հայրենիքի եւ հաղթանակի, արդեն իսկ վկայում է այն մասին, որ իր գործունեությամբ ոչ նա, ոչ էլ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» կազմակերպությունը երբեք նպատակ չեն հետապնդել որեւէ կերպ ատելություն կամ ազգային թշնամանք հարուցելու։ Առկա հիմնախնդիրները տեսնելը և բարձրաձայնելը ոչ թե ատելության հրահրման, այլ դրանց լուծման ուղիներ փնտրելու եւ առավել բարենպաստ սոցիալական միջավայր ստեղծելու մտադրության մասին է վկայում։

Հայաստանում խոսքի, կարծիքի ազատությունը ու իրավապաշտպան գործունեությունը պետք է ապահովված լինի բոլոր քաղաքացիների համար՝ անկախ իրենց էթնիկ պատկանելիությունից, կրոնից կամ այլ հատկանիշից։

ՀՀ-ն վավերացրել  է մի շարք միջազգային և տարածաշրջանային փաստաթղթեր, որոնցով պարտավորություններ է ստանձնել միջոցներ ձեռնարկել եզդիների լեզվի, մշակույթի, ինքնության պահպանման  և զարգացման համար․ Սաշիկ Սուլթանյանի  և վերջինիս ղեկավարած կազմակերպության գործունեությունը, այդ թվում նաև վերջինիս կողմից բարձրաձայնած մտքերը վերաբերել են վերը նշված միջազգային պայմանագրերով ՀՀ-ի կողմից  ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարմանը: ՀՀ-ի որպես պետության դեմ ուղղված քննադատությունը՝ վերջինիս ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման շրջանակներում չի կարող գնահատվել որպես հայ ազգի նկատմամբ թշնամանքի հարուցում։ Այդպիսի քննադատություն հնչեցնելու հնարավորությունը ժողովրդավարական պետության հիմնասյուներից է։ Ավելին, նման քննադատությունը իրավապաշտպան գործունեության հիմնական գործիքակազմն է։

Ազգային փոքրամասնության ներկայացուցչի կողմից քննադատական գործիքակազմի օգտագործման որակումը որպես ազգամիջյան թշնամանքի հարուցում ինքնին կարող է գնահատվել որպես ազգային պատկանելության հիմքով խտրականություն։

Կոալիցիան կոչ է անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ գլխավոր դատախազությանը կանխել համակարգային խտրականության հիմքեր սերմանող այսպիսի նախադեպի ստեղծումը։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.