Հանրային ռադիոյի թղթակից Սաթիկ Իսահակյանը «Ռադիոլուրի» շրջանակներում անդրադարձել է Իրավական նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրին։
Ծրագրի մանրամասների մասին խոսել է կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը։ Իսկ ծրագրի արդյունավետության մասին խոսել են Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը, վարսահարդարման դասընթացավար Լարիսա Սարգսյանը և դասընթացի մասնակից կին շահառուներից մեկը։
Պրոբացիայի ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է հուշագիր, որի նպատակը պրոբացիայի կին շահառուների մասնագիտական հմտությունների զարգացումն է։ Կանանց անձնական տվյալները պահվում են գաղտնի, մասնագիտական դասընթացները տևում են 2 ամիս։ «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանում կանանց հիմնադրամը։
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակված կանայք, մինչև դատավճռով սահմանված կալանքի ժամկետի ավարտը, գտնվում են պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո: Ծառայության շահառու են նաև դատարանի որոշմամբ պատիժն ազատության մեջ կրող դատապարտյալները։
«Դրա նպատակը նրանց ինտեգրումն է հասարակությանը»,-ասում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը.
«Պրոբացիայի շահառուները արժանանում են հասարակության նույն վերաբերմունքին, ինչ ազատազրկման վայրերում գտնվողները: Երբ գործատուն իմանում է, որ անձը պրոբացիայի շահառու է, դա լուրջ ռիսկեր և վտանգներ է ստեղծում աշխատանք փնտրողի համար, ընդհուպ՝ աշխատանքից ազատում, ընտանեկան կամ սոցիալական տարբեր կապերի խզում»:
Եթե կա սոցիալական, հոգեբանական և իրավական աջակցություն, պրոբացիայի ծառայության շահառուներն ավելի հեշտ են ինտեգրվում հասարակությանը։ «Իրավական նախաձեռնությունների կենտրոնն», արդեն 2 շաբաթ, պրոբացիայի ծառայության կին շահառուների համար մատնահարդարման և վարսահարդարման երկամսյա մասնագիտական դասընթացներ է կազմակերպում։ Նարե Հովհաննիսյանը պատմում է.
««Իրավական նախաձեռնությունների կենտրոն» կազմակերպությունը 2021թ հուլիսից իրականացնում է «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրը: Նպատակը նրանց մասնագիտական հմտությունների զարգացումն է: Դասընթացներին զուգահեռ՝ որոշել ենք իրականացնել նաև բիզնես հմտությունների զարգացման դասընթաց, որպեսզի կանայք իմանան, թե ինչպես պետք է հաշվել իրենց ծառայությունների արժեքը, որոշեն ինքնարժեքը, սահմանեն զեղչեր, աշխատեն հաճախորդների հետ»:
Դասընթացներին, կամավոր կերպով, մասնակցում են 10 կանայք։ Ովքեր են նրանք՝ հայտնի չէ. նրանց անձնական տվյալները գաղտնի են պահվում։ Դասընթացների ավարտին կանանց, վկայականների հետ, կտրվեն նաև աշխատանքային գործիքներ։
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանն ասում է՝ պրոբացիոն ծառայության շահառուները, կանայք՝ առավել ևս, խոցելի են. հասարակությունը նրանց կարող է չընդունել, պիտակավորել, խտրական վերաբերվել։ Լավագույն օգնությունը նրանց արհեստ սովորեցնելն է.
«Մատնահարդարման և վարսահարդարման դասընթացները 2 ամսով են իրականացվելու՝ 2-ական ժամով: Շահառուներին տրվելու են վկայականներ և գործիքներ, որպեսզի կարողանան աշխատեն: Այստեղ 2 կարևոր հարց է լուծվում՝ շահառուին տալիս ենք մասնագիտություն և ապահովում ենք աշխատանքով, մինչև ինքը կկարողանա դառնալ ավելի փորձառու ու ինքնուրույն աշխատանքի ընդունվել»։
Լարիսա Սարգսյանը մի քանի ամիս պրոբացիայի ծառայության կին շահառուներին վարսահարդարի մասնագիտական գաղտնիքներն է բացում: Ասում է՝ կան շահառուներ, որոնք արդեն պատրաստ են վերցնել մկրատն ու սանրը և անցնել գործի.
«Ես աշխատում եմ հիմքը դնել, որպեսզի կանայք կարողանան տիրապետել ամենատարրական գործիքներին, հիմքը դնում եմ, մնացածը կսովորեն ժամանակի ընթացքում: Ունենք նաև տեսական մաս՝ գրավորներ են գրում, որպեսզի հետո հիշեն, թե ինչպես աշխատեն: Նրանք ունիվերսալ վարսահարդարներ են դառնալու, քանի որ սովորում են նաև տղաների մազերի կտրվածք»:
Լարիսան նշում է, որ կանայք մեծ ոգևորությամբ են մասնակցում դասընթացներին: Ոմանք երբևէ չեն աշխատել, և հիմա առաջին մասնագիտությունն են ձեռք բերում, աշխատելու մեծ ցանկություն ունեն.
«Առաջին անգամ եմ մասնակցում դասընթացներին և մեծ առաջադիմություն եմ ցուցաբերել: Ես հիմա մեծ ցանկություն ունեմ վարսահարդար աշխատելու: Ուզում եմ աշխատել, քանի որ բալիկներ ունեմ, և իրենց ապագան էլ է իմ ձեռքերում»։
Այս շահառուից Լարիսան գոհ է։ Ասում է՝ աչքաբաց է, շուտ է յուրացնում տվածը։ Նա միաժամանակ մասնակցում է տարբեր ծրագրերով կազմակերպվող վարսահարդարման 2 դասընթացների։ Կարողանում է նույնիսկ հարսանեկան սանրվածքներ անել։ Ծրագրերի ավարտին կստանա անհրաժեշտ սարքերն ու նյութերը և կաշխատի տանը.
«Իմ տանը կարող եմ կազմակերպել սկզբնական աշխատանքս, հետագայում՝ պլաններ ունեմ գեղեցկության սրահ բացել, եթե հնարավոր լինի։ Դա արդեն ֆինանսից է կախված: Մեծ հաճույքով կմասնակցեմ նաև բիզնես դասընթացներին, որը հետագայում կլինի իմ ուղեցույցը՝ ինչպես սկսեմ իմ աշխատանքը, իմ բիզնեսը»:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» կազմակերպութունից բացի՝ պրոբացիայի ծառայությունը միջին մասնագիտական կրթական ծրագրեր է կազմակերպում նաև պետական և ոչ պետական այլ կառույցների հետ:
Աղբյուրը՝ Հանրային ռադիո