Skip to content Skip to sidebar Skip to footer
60

«Ամենամեծ թվով ահազանգերը վերաբերում են ազատազրկված անձանց առողջական վիճակին». Նարե Հովհաննիսյան

Վերջին շրջանում մի շարք դեպքեր ևս մեկ անգամ հաստատեցին քրեակատարողական հիմնարկներում առողջապահական համակարգի հասանելիության խնդիրների առկայությունը:

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը պնդեց. «Խուցը, որտեղ նա գտնվում է, նաև պայմաններն են նպաստում, որ այս վիճակը շարունակվի իր մոտ։ Նրան չի տրամադրվել համապատասխան բուժօգնություն»:

Բժիշկ-սրտաբան Վահան Հակոբջանյանն էլ հայտարարություն տարածեց. «Խոչընդոտվում է իմ տեսակցությունը պարոն Ղուկասյանի հետ այն հանգամանքում, երբ ես հանդիսանում եմ նրա անձնական բժիշկ-սրտաբանը։ Ցավալի է, որ պարոն Ղուկասյանը, ունենալով բազմաթիվ ծանր քրոնիկական հիվանդություններ, զրկված է պատշաճ բժշկական օգնությունից»:

Իսկ ավելի վաղ փաստաբան Արամ Վարդևանյանն էր ասուլիսում ասել․ «Գտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ Սամվել Կարապետյանն ունեցել է երկկողմանի թոքաբորբ, և դա չի ախտորոշվել։ Դուք պատկերացնո՞ւմ եք պայմանները… Մեր կողմից գրություններ գրվել են, և պաշտոնատար անձինք, որոնք բժշկական ստուգում պետք է ապահովեին, գրություններով հայտնել են, որ զննել են, ոչ մի առողջական խնդիր չեն հայտնաբերել»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց.

«Իհարկե, բոլոր խնդիրներն են կարևոր և օրակարգային, առաջնային, բայց բուժսպասարկումը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը համակարգի ամենացավոտ կողմերից մեկն է: Տեսեք, երբ անձը մուտք է գործում հիմնարկ, մենք չունենք այնպիսի մեխանիզմ, որ իր առողջական վիճակն ամբողջական սքրինինգ իրականացվի, տրվի անձի առողջական վիճակի, այսպես ասած, նկարագիրը և հետագայում անհատական պլանավորման կամ մոնիտորինգի միջոցով անձի առողջական վիճակը վերահսկվի և փորձ արվի հասկանալ, թե օրինակ՝ շենքային պայմանները, ընդհանրապես ազատազրկումն իրենով ինչքա՞ն են բացասաբար ազդում տվյալ անձի առողջության վրա: Դրա հետ կապված որևէ դինամիկ միջամտություններ չեն արվում: Եվ նաև ազատվելուց առաջ, այսինքն` դա կլինի խափանման միջոցի փոփոխման հետևանքով կամ պատժից ազատման դեպքում, դարձյալ այդ ամբողջական գնահատումը չի արվում, որպեսզի մենք ունենանք այն պատկերը, թե անձն ինչ վիճակով է մտել քրեակատարողական հիմնարկ, ինչ վիճակով է դուրս գալիս և այդ ընթացքում այդ պայմաններն ինչքանո՞վ են վտանգել իր առողջական վիճակը:

Այն, որ այս խորքային և համակարգային բացը մենք ունենք, դրան «լրացնելու են գալիս» մի շարք խնդիրներ՝ առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության հետ կապված, շենքային պայմանները: Եվ այստեղ նաև կա մի շատ կարևոր խնդիր՝ առողջապահական ծառայությունների մատուցման համար պատասխանատու կառույցի գերատեսչական պատկանելիությունն է: Երբ դա անցավ առողջապահության նախարարությանը, մեր մտահոգությունն այն էր, որ «պինգ-պոնգի» չվերածվի, այսինքն՝ մի գերատեսչությունը խնդիրը չգցի մյուս գերատեսչության վրա և արդյունքում էական խնդիրներն անտեսվեն: Ցավոք, ներկայումս կարող եմ արձանագրել, որ մենք ունենք այդ իրավիճակը, այսինքն՝ քրեակատարողական ծառայությունն ասում է՝ մենք չենք պատասխանատու, որևէ խնդիր է արձանագրվում՝ կապում են, օրինակ, հոգեկան առողջության խնդիրների հետ, իսկ քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ն էլ ասում է, որ օրինակ՝ շենքային պայմաններն են պատճառը, մենք էլ այդքան բավարար ռեսուրս չունենք, որ ամբողջ ծավալով դա իրականացնենք:

Այսինքն, թեև գերատեսչական ենթակայության այդ փոփոխությունը պիտի գար բարելավելու առողջապահական ծառայությունների որակը, սակայն դա բավական լուրջ փակուղի է մտցրել այդ ծառայությունների մատուցումը: Եվ եթե նաև տարբեր մարմինների, տարբեր կառույցների ահազանգերի վիճակագրությունը ուսումնասիրենք, կտեսնենք, որ ամենամեծ թվով ահազանգերը վերաբերում են հենց ազատազրկված անձանց առողջական վիճակին»:

Աղբյուրը՝ Առավոտ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]