Skip to content Skip to sidebar Skip to footer

Ուղղիչ հիմնարկի տեսակները քրեակատարողական հիմնարկներում

Քրեակատարողական հիմնարկներում պահվում են կալանավորված և ազատազրկման դատապարտված անձինք:

Կալանավորված անձինք այն անձինք են, որոնք մեղադրվում են հանցագործություն կատարելու մեջ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, երբ դեռևս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ սպառվել են բոլոր երեք ներպետական կառույցների՝ ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների բողոքարկումները, կամ բողոքարկման ժամկետը, և վերջնական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Կալանավորված անձինք պահվում են մեկուսարաններում՝ փակ ռեժիմային գոտում:

Դատապարտյալներն այն անձինք են, որոնք ազատազրկման ձևով պատիժ կրում են՝ իրենց նկատմամբ ընդունված վերջնական դատական ակտի, այսինքն, օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

Նրանք տեղաբաշխվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկներում:

Ազատազրկման ձևով պատժի տեսակի՝ կալանք, որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկում, կատարումն ապահովում է ուղղիչ հիմնարկը: Ուղղիչ հիմնարկների տեսակները, ըստ մեկուսացվածության աստիճանների, հետևյալն են.

  • Բաց ուղղիչ հիմնարկ, որտեղ տեղաբաշխվում են անզգուշությամբ կատարած հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք:
  • Կիսաբաց ուղղիչ հիմնարկ, որտեղ տեղաբաշխվում են դիտավորյալ ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք:
  • Կիսափակ ուղղիչ հիմնարկ, որտեղ անձինք տեղաբաշխվում են առանձնապես ծանր հանցագործության համար 10 տարուց պակաս ժամկետով առաջին անգամ դատապարտվելու, կամ ռեցիդիվի, կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում:
  • Փակ ուղղիչ հիմնարկ որտեղ անձինք տեղաբաշխվում են առանձնապես ծանր հանցագործության համար 10 տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտվելու, ինչպես նաև առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում:
  • Բուժական ուղղիչ հիմնարկ, որտեղ անձինք տեղաբաշխվում են որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու և բուժսանիտարական ու բուժկանխարգելիչ համապատասխան օգնություն կազմակերպելու անհրաժեշտության դեպքում:

Կալանք պատժատեսակի դեպքում դատապարտյալները պահվում են խիստ մեկուսացման պայմաններում: Նրանց վրա տարածվում են փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ազատազրկման դատապարտված անձի համար պատիժը կրելու պայմանները, եթե կալանք պատժատեսակի համար ՀՀ քրեակատարողական օրենսգրքով այլ առանձնահատկություններ սահմանված չեն:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Խցեր
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ

«Աբովյան» ՔԿՀ-ում գործում է 4 տեսակի ուղղիչ հիմնարկ՝ փակ, կիսափակ, կիսաբաց և բաց:

Հիմնարկում կան կացարանային տիպի 2 և խցային տիպի 1 շենքեր: Կացարանային տիպի շենքերում պահվում են կիսաբաց և բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող կանայք: Իսկ խցային տիպի շենքում պահվում են կալանավորված, ինչպես նաև փակ և կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող կանայք ու անչափահասները:

Հիմնարկը նախատեսված է 265 անձի համար: Կալանավորված անձանց պահելու վայրը նախատեսված է 100, փակ ուղղիչ հիմնարկը՝ 15, կիսափակ ուղղիչ հիմնարկը՝ 40, կիսաբաց ուղղիչ հիմնարկը՝ 81, իակ բաց ուղղիչ հիմնարկը՝ 29 անձի համար:

Ներկայումս հիմնարկում փաստացի պահվում է 60 անձ, որից 28-ը կալանավորված կանայք են, 7-ը՝ կալանավորված անչափահասներ, ընդ որում բոլորն արական սեռի ներկայացուցիչ են, իսկ 25-ը՝ դատապարտյալ կանայք:

Կալանավորված կանանցից 6-ն այլ երկրի քաղաքացի են՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղազախստան, Վրաստան, Ուզբեկստան, Մոլդովա և Գվատեմալա:

Դատապարտյալ կանանցից 6-ը պատիժ են կրում կիսափակ ուղղիչ հիմնարկում, 15-ը՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկում, իսկ 4-ը՝ բաց ուղղիչ հիմնարկում:

Կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող կանանցից 1-ը Պերուի քաղաքացի է: Իսկ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող կանանցից մեկն էլ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է:

ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ

«Արթիկ» ՔԿՀ-ում գործում է 4 տեսակի ուղղիչ հիմնարկ՝ բաց, կիսաբաց, կիսափակ և փակ:

Կացարանային են բաց (1մասնաշենք, որը գտնվում է բնակելի գոտուց դուրս) և կիսաբաց (1 մասնաշենք, որը գտնվում է բնակելի գոտում) ուղղիչ հիմնարկները:  Խցային են կալանավորված անձանց մասնաշենքը, փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկների 3 մասնաշենքերը:

2022 թվականի մարտի 2-ի դրությամբ հիմնարկի լրակազմը 375 է, իսկ փաստացի պահվում է 166 անձ: Նրանցից 54-ը կալանավորված անձինք են, 5-ը պատիժ են կրում բաց ուղղիչ հիմնարկում, 46-ը՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկում, 30-ը՝ կիսափակ ուղղիչ հիմնարկ, իսկ 31-ը՝ փակ ուղղիչ հիմնարկում:

Կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող անձանցից 1-ը ցմահ դատապարտյալ է, մյուսը՝ օտարերկրացի (Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի), կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող անձանցից 5-ը ցմահ դատապարտյալ են:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կացարան
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ

«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված է փակ, կիսափակ, կիսաբաց և բաց տեսակի ուղղիչ հիմնարկ, սակայն փաստացի բաց տեսակի ուղղիչ հիմնարկ չի գործում:

Հիմնարկի լրակազմը 1240 է: 2022 թվականի մարտի 9-ի դրությամբ պահվում է 904 անձ, որից 524-ը՝ կալանավորված անձինք են, իսկ 476-ը՝ դատապարտյալներ: Դատապարտյալներից 96-ը պատիժ են կրում փակ, 192-ը՝ կիսափակ, 91-ը՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկում: Փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող անձանցից ցմահ դատապարտյալներ են 25-ը, կիսափակում՝ 7-ը, կիսաբացում՝ 8-ը: Փակ ուղղիչ հիմնարկում 1 անձի նկատմամբ կիրառվել է կալանք պատժատեսակ:

Հիմնարկում պահվում են նաև օտարերկրացիներ, որոնց թիվը 2022 թվականի մարտի 9-ի դրությամբ հետևյալն է.

  • Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող 9 կալանավորված և 1 դատապարտյալ, ով պահվում է կիսափակ ուղղիչ հիմնարկում,
  • Վրաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 1 կալանավորված անձ և 1 դատապարտյալ, ով պահվում է կիսափակ ուղղիչ հիմնարկում,
  • Տաջիկստանի քաղաքացի հանդիսացող 1 կալանավորված անձ,
  • Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 3 կալանավորված անձ և 3 դատապարտյալ, որից 2-ը պահվում են փակ, 1-ը՝ կիսափակ ուղղիչ հիմնարկում,
  • Պերուի քաղաքացի հանդիսացող 1 դատապարտյալ, ով պահվում է փակ ուղղիչ հիմնարկում,
  • Բրազիլիայի քաղաքացի հանդիսացող 2 կալանավորված անձ,
  • Իրանի քաղաքացի հանդիսացող 22 կալանավորված անձ և 9 դատապարտյալ, որոնք պահվում են կիսափակ ուղղիչ հիմնարկում,
  • Իրաքի քաղաքացի հանդիսացող 1 կալանավորված անձ,
  • Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի հանդիսացող 1 դատապարտյալ, ով պահվում է կիսափակ ուղղիչ հիմնարկում,
  • Լիբանանի քաղաքացի հանդիսացող 1 կալանավորված անձ,
  • Կուբայի քաղաքացի հանդիսացող 1 կալանավորված անձ,
  • Զամբիայի քաղաքացի հանդիսացող 1 կալանավորված անձ,
  • Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի հանդիսացող 1 կալանավորված անձ,
  • Հունաստանի քաղաքացի հանդիսացող 2 կալանավորված անձ,
  • ԱՄՆ քաղաքացի հանդիսացող 3 կալանավորված անձ:

Հիմնարկում պահվում են նաև երկքաղաքացիներ.

  • ՀՀ և Իրանի երկքաղաքացի հանդիսացող 1 կալանավորված անձ,
  • Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող 2 կալանավորված անձ,
  • Լիբանանի և Վենեսուելայի երկքաղաքացի հանդիսացող 1 դատապարտյալ, ով պահվում է կիսափակ ուղղիչ հիմնարկում,
  • Հայաստանի և Վրաստանի երկքաղաքացի հանդիսացող 1 կալանավորված անձ և 1 ցմահ դատապարտյալ, ով պահվում է կիսաբաց ուղղիչ հիմնարկում,
  • Իրանի և Պորտուգալիայի երկքաղաքացի հանդիսացող 1 կալանավորված անձ:
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ

«Գորիս» ՔԿՀ-ում գործում է փակ, կիսափակ և կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկ: Հիմնարկը նախատեսված է 182 անձի համար:  Ներկայումս այնտեղ փաստացի պահվող անձանց թիվը 85 է: Նրանցից 34-ը կալանավորված անձինք են, 51-ը՝ դատապարտյալներ: Դատապարտյալներից 25-ը պատիժ է կրում փակ, 25-ը՝ կիսափակ, 1-ը՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկներում: Հիմնարկում օտարերկրացի և ցմահ ազատազրկված անձինք չեն պահվում:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Դատապարտյալը բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված պայմաններում, եթե ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը և իրավական այլ ակտերը բուժական ուղղիչ հիմնարկի համար այլ առանձնահատկություններ չեն նախատեսում: Բուժական ուղղիչ հիմնարկում կարող է ստեղծվել առանձնացված կացարան կամ խուց՝ դատապարտյալներին տարբեր մեկուսացվածության աստիճաններով ապահովելու նպատակով:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված են խցային տիպի 2 մասնաշենք՝ փակ տիպ 1 և փակ տիպ 2, որտեղ առկա է համապատասխանաբար 3 և 2 հիվանդախուց: Ներկա պահին նշված մասնաշենքերում պահվում են սահմանված կարգով մեկուսի պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները: Հիմնարկում տեղակայված է ևս 4 մասնաշենք, որտեղ կալանավորված անձինք և դատապարտյալները պահվում են ըստ համապատասխան բժշկական ուղղվածության:

Հիմնարկը լրակազմը 464 է: Բուժական ուղղիչ հիմնարկը նախատեսված է 424, փակ ուղղիչ հիմնարկը՝ 5, կիսափակ ուղղիչ հիմնարկը՝ 5, կիսաբաց ուղղիչ հիմնարկը՝ 14, բաց ուղղիչ հիմնարկը՝ 10, իսկ կալանավորվածներին պահելու վայրը՝ 6 անձի համար:  

Ներկայումս հիմնարկում պահվում է 95 անձ: Նրանցից 58-ը կալանավորված անձինք են, իսկ 37-ը՝ դատապարտյալներ: Դատապարտյալներից 9-ը պատիժ է կրում փակ, 23-ը՝ կիսափակ, 5-ը՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկում: Կիսափակ և կիսաբաց ուղղիչ հիմնարկներից յուրաքանչյուրում պատիժ է կրում 1 ցմահ դատապարտլալ: Հիմնարկում պահվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող 6 անձ, որից 1-ը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի երկքաղաքացի է, 1-ը Իսրայելի քաղաքացի է, 2-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, 1-ը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, իսկ 1-ը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է:

ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առկա են կալանավորվածներին պահելու վայր, փակ, կիսափակ և կիսաբաց ուղղիչ հիմնարկներ: Կալանավորվածներին պահելու վայրը նախատեսված է 45, փակ ուղղիչ հիմնարկը՝ 7, կիսափակ ուղղիչ հիմնարկը՝ 5, իսկ կիսաբաց ուղղիչ հիմնարկը՝ 5 անձի համար:

Հիմնարկի լրակազմը կազմում է 60 անձ: 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ փաստացի պահվում է 25 անձ: Նրանցից 1-ն ազատազրկման է դատապարտվել որոշակի ժամկետով, իսկ 2-ը՝ ցմահ: Մյուսները կալանավորված անձինք են:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա են փակ, կիսափակ, կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկներ:

Հիմնարկը նախատեսված է 780 կալանավորված անձանց և դատապարտյալների համար: 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ փաստացի պահվում է 298 կալանավորված անձ: Նրանցից 6-ը Վրաստանի Հանրապետության քաղաքացի են, 2-ը՝ Սիրիայի Հանրապետության, իսկ 1-ը՝ Ադրբեջանի Հանրապետության: 

Դատապարտյալների թիվը 140 է: Նրանցից 3-ը պատիժ են կրում կիսաբաց, 94-ը՝ կիսափակ, 42-ը՝ փակ ուղղիչ հիմնարկում: Բաց ուղղիչ հիմնարկը փաստացի չի գործում:  Կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող անձանցից ցմահ դատապարտյալներ են 9-ը, իսկ փակ ուղղիչ հիմնարկում՝ 24-ը: Հիմնարկում պահվում են նաև Վրաստանի Հանրապետության 1 քաղաքացի, որը պատիժը կրում է կիսափակ ուղղիչ հիմնարկում, և Ռուսաստանի Դաշնության 1 քաղաքացի, որը պատիժը կրում է փակ ուղղիչ հիմնարկում:

ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ

«Սևան» ՔԿՀ-ում առկա են բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներ: Հիմնարկի բնակելի գոտում դատապարտյալները պատիժ են կրում 4 կացարանային մասնաշենքում: Խցային տիպի շենքեր առկա չեն:

2022 թվականի մարտի 3-ի դրությամբ հիմնարկի դատապարտյալների լրակազմը 548 է: Փաստացի պատիժ է կրում 93 դատապարտյալ: 92 դատապարտյալ պատիժ է կրում կիսաբաց ուղղիչ հիմնարկում: Նրանցից 2-ը Ուզբեկստանի և Մոլդովայի քաղաքացիներ են: Հայաստանի Հանրապետության 1 քաղաքացի պատիժ է կրում բաց ուղղիչ հիմնարկում: Հիմնարկի կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ է կրում 1 ցմահ դատապարտալ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ

«Վանաձոր» ՔԿՀ-ում գործում են փակ, կիսափակ և կիսաբաց հիմնարկներ:

2022 թվականի մարտի 1-ի դրությամբ հիմարկի լրակազմը 240 մարդ է, իսկ փաստացի պահվում է 165 անձ: Նրանցից 63-ը կալանավորված անձինք են, 102-ը՝ դատապարտյալներ:

Կալանավորված անձանցից 3-ն օտարերկրյա քաղաքացիներ են. 1-ը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1-ը՝ Վրաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1-ը՝ Վրաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:

Դատապարտյալներից 27-ը պատիժ են կրում փակ, 70-ը՝ կիսափակ, իսկ 5-ը՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկում: Պատիժ կրող օտարերկրյա քաղաքացիներ չկան: Ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձ պատիժ է կրում փակ ուղղիչ հիմնարկում:

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ

«Վարդաշեն» ՔԿՀ-ում գործում են փակ, կիսափակ, կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկներ: Հիմնարկում կա կացարանային տիպի 2 շենք, որտեղ պահվում են բաց և կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկի դատապարտյալները: Իսկ խցային տիպի 1 շենքում պահվում են կալանավորված անձինք, փակ և կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկի դատապարտյալները:

2022 թվականի մարտի 10-ի դրությամբ հիմնարկի լրակազմը 164 է, իսկ փաստացի պահվում է 115 ազատազրկված անձ:

Կալանավորված անձանց թիվը 61 է: Նրանցից 1-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Դատապարտյալների թիվը 54 է: Նրանցից կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ են կրում Սիրիայի Հանրապետության 1 քաղաքացի և Իրանի Իսլամական Հանրապետության 1 քաղաքացի: Իսկ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ է կրում Վրաստանի Հանրապետության 1 քաղաքացի: 

 

Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.