«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ողջունում է դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու գնահատման նոր չափորոշիչների ներդնումը։ Կազմակերպության գնահատմամբ՝ առաջարկվող չափորոշիչները նախորդ հայեցակարգով նախատեսված գնահատման չափորոշիչների համեմատությամբ ավելի մարդակենտրոն են և առավելապես ուղղված են դատապարտյալի դրական դինամիկայի, վերասոցիալականացման հնարավորությունների և հասարակության մեջ վերաինտեգրվելու պատրաստակամության համակողմանի գնահատմանը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ավելի ամբողջական կերպով գնահատել դատապարտյալի վարքագիծը, սոցիալական կապերը, փոփոխության դինամիկան և հետագա զարգացման հեռանկարները՝ նպաստելով պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի ավելի արդար, հավասարակշռված և վերականգնողական արդարադատության սկզբունքներին համահունչ իրականացմանը։
Այս համատեքստում Կազմակերպությունը նաև ուրախությամբ արձանագրում է, որ նախորդ չափորոշիչների վերաբերյալ իր կողմից ներկայացված առաջարկությունները և բարձրացված հիմնական մտահոգությունները դիտարկվել են և էականորեն նկատի են առնվել նոր մոտեցումների մշակման ընթացքում։ Սա կարևոր քայլ է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական համագործակցության զարգացման տեսանկյունից և կարող է նպաստել պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի արդյունավետությանը։
Միևնույն ժամանակ Կազմակերպությունն առաջարկվող չափորոշիչների վերաբերյալ ունի մի շարք դիտարկումներ և առաջարկություններ, որոնք ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարության դիտարկմանը՝ ակնկալելով, որ դրանք կքննարկվեն և հնարավորության դեպքում հաշվի կառնվեն հետագա գործընթացներում։


