2026 թվականի հունվարին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Բ․Ս․-ի մայրը՝ տեղեկացնելով, որ իր որդին 10 օրից ավել է, ինչ հացադուլ է հայտարարել և միայն ջուր է խմում: Նաև տեղեկացրել է, որ ըստ վերջին տեղեկությունների, որոնք փոխանցվել են փաստաբանի միջոցով, կալանավորված անձը դժվարությամբ է խոսում և քայլում, ինչը, կարծում են, հացադուլի հետևանքն է:
Ճիշտ է, հացադուլի պահանջները վերաբերել են քրեական վարույթի շրջանակներում անձին առաջադրված մեղադրանքի հետ անհամաձայնությանը, այնուամենայնիվ, Կազմակերպության մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է բացատրական աշխատանք կատարել նրա հետ՝ ներկայացնելով հացադուլի հետևանքներն իր առողջության վրա և հետագայում վերջինիս հնարավոր դժվար վերականգնումը։
Այդ համատեքստում Կազմակերպությունը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով հնարավորության դեպքում դիտարկել անձին այցելելու հարցը և իր ունեցած իրավասության շրջանակներում միջամտել, որպեսզի Քրեակատարողական ծառայությունը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը քայլեր ձեռնարկեն գրությամբ բարձրացված հարցերի իրագործման ուղղությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչությունից Կազմակերպությանը պատասխանել են, որ փետրվարի սկզբին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույց ունեցել կալանավորված անձի հետ, ուսումնասիրել նրա իրավունքների ապահովման և առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը։ Անձի կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։ Այցի արդյունքներն ամփոփվել են և անձի հայտնած տեղեկությունների հաշվառմամբ՝ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապտասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն։
Կազմակերպությունը դիմել է նաև Արդարադատության նախարարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համապատասխան մասնագիտական խմբի կողմից բացատրական աշխատանքներ կատարվեն անձի հետ՝ ներկայացնելով գրությամբ թվարկված խնդիրները, այդպիսով կանխելով երկարատև հացադուլի անդառնալի հետևանքներն անձի առողջության վրա:
Արդարադատության նախարարությանն ուղարկված գրությունը վերահասցեագրվել և ուսումնասիրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում, որտեղից Կազմակերպությանը տեղեկացրել են, որ կալանավորված անձի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարվել են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի բացասական հետևանքների, իր իրավունքների, իր կողմից ներկայացված հարցերը համապատասխան իրավական ընթացակարգերով լուծելու վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանվել է Հայաստանում արդարադատության իրականացմանը որևէ միջամտության՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված արգելքը։ Ըստ Քրեակատարողական ծառայության փոխանցած տեղեկատվության՝ կատարված բացատրական և խորհրդատվական աշխատանքների արդյունքում անձը փետրվարի սկզբին դադարեցրել է հացադուլը։
Կազմակերպությունը համապատասխան գրություն է ուղարկել նաև ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխան գրությամբ Կազմակերպությանը տեղեկացնել կալանավորված անձի առողջական վիճակի մասին, նաև քայլեր ձեռնարկել, որպեսզի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բուժանձնակազմն ընդունելություն կատարի և անձի առողջական վիճակը պահի իր վերահսկողության ներքո՝ հնարավոր բացասական ելքերից խուսափելու համար:
Կազմակերպությունը սպասում է նախարարության պատասխանին, և այն ստանալուն պես համապատասխան թարմացումներ կկատարվեն հրապարակման մեջ։
Ինչ խոսք, հացադուլի յուրաքանչյուր դեպք վկայում է քրեական արդարադատության համակարգում առկա խորքային խնդիրների մասին։ Սակայն կարևոր է, որպեսզի արդարադատության հասանելիությունը Հայաստանում ապահովվի բացառապես իրավական ընթացակարգերի շրջանակում՝ բացառելով անձի առողջությանը սպառնացող ցանկացած վտանգ։
Այս համատեքստում կարևոր ձեռքբերում է այն, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կանխել երկարատև հացադուլի հնարավոր բացասական հետևանքները կալանավորված անձի առողջության վրա։ Բայց նաև ցանկանում ենք լիահույս լինել, որ անձի կողմից հացադուլի միջոցով բարձրացված բողոքի ձայնը պատշաճ կերպով լսելի կլինի քրեական արդարադատության մարմիններին և կարժանանա համապատասխան արձագանքի։


