2026 թվականի մարտի 16-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող և նախատեսվող մի շարք բարեփոխումներ։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացին, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ներդրված գործերի քննության ողջամիտ ժամկետների ինստիտուտին։ Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նախարարը ներկայացրել է նաև հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացվող միջոցառումները, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները։
Որպես խորհրդի անդամ՝ նիստին մասնակցել է նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահը՝ նախարարի ուշադրությունը հրավիրելով քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում առկա մի շարք կարևոր խնդիրների վրա։ Ն․ Հովհաննիսյանը մասնավորապես բարձրացրել է ոլորտում ծառայության անցնող անձանց բարեվարքության գնահատման մեխանիզմների ներդրման, քրեակատարողական ծառայողների ատեստավորման գործընթացի կատարելագործման, ինչպես նաև ծանր հիվանդության հիմքով պատժից և կալանքից ազատման գործընթացի բարելավման հետ կապված հարցերը։
Խորհրդի անդամը ներկայացրել է նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների հետագա ռազմավարական պլանավորման, ինչպես նաև ազատազրկված անձանց շրջանում ինքնասպանությունների կանխարգելման վերաբերյալ իրեն մտահոգող հարցերը։


