2026 թվականի մարտի 5-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել հանրային քննարկում դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր ընթացակարգի, գնահատման չափորոշիչների և ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, հասարակական կազմակերպությունների և հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչներ, իրավաբաններ, փորձագետներ, ուսանողներ և այլ շահագրգիռ կողմեր։
Քննարկման ժամանակ ներկայացվել են պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները։ Նախատեսվող նոր մոտեցումների և սկզբունքների համատեքստում շեշտադրվել է հետևյալը․
- Պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացման նպատակով զեկույցի կազմումը վերապահվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին։
- Զեկույցի հիբրիդային մոդել, որը ներառում է ինչպես բալային, այնպես էլ դատապարտյալի վարքի մասնագիտական գնահատում։
- Զեկույցի հիմքում դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքում կազմված վերասոցիալականացման անհատական պլանի և դրա շրջանակում դատապարտյալի վարքի դինամիայի գնահատումն է վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից։
- Զեկույցների գնահատման նոր ձևաչափը նախատեսում է ինչպես բալերի գումարման, այնպես էլ հանման հնարավորություն՝ գնահատման ենթակա դարձնելով նաև վարքում հնարավոր հետընթացները։
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն իր խոսքում նշել է, որ ընթացակարգով նախանշված նոր մոտեցումների նպատակն է զարգացնել ազատազրկված անձի հետ իրականացվող անհատական աշխատանքը, փոխկապակցել վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության համար ստեղծված ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը և պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը։ Բացի այդ՝ բալային համակարգին զուգահեռ՝ հաշվի է առնվելու մասնագետի կողմից տրված վարքագծային գնահատականը։ Այս մոտեցմամբ գնահատվելու են ոչ միայն ազատազրկված անձի առանձին գործողությունները, այլև նրա վերասոցիալականացման գործընթացի ընդհանուր դինամիկան:
Քննարկմանը մասնակցել է նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը։ Նա առաջարկվող օրենսդրական և ընթացակարգային փոփոխությունների համատեքստում քննարկման առարկա է դարձրել այն խնդիրները, որոնք կազմակերպությունն արձանագրել է քրեակատարողական հիմնարկներ կատարած այցելությունների ընթացքում, ինչպես նաև ներկայացրել է դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկություններ։
Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատել առաջարկվող օրենսդրական և ընթացակարգային փոփոխությունները՝ նշելով, որ դրանք անհամեմատ ավելի մարդակենտրոն են և հնարավորություն են տալիս առավել ամբողջական կերպով գնահատել ազատազրկված անձի վարքագիծը, վերասոցիալականացման գործընթացում ունեցած առաջընթացը և անհատական զարգացումը։


