«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2019-2020 թվականներին անդամակցել է հոգեբուժական hաստատությունների դիտորդական խմբին:
ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետական աջակցության շրջանակներում բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 2017 թ դեկտեմբերի 28-ի թիվ 3757-Ա հրամանով ձևավորվել է հասարակական դիտորդական խումբ:
Խումբը գործում է հասարակական հիմունքներով։ Խմբի իրավասությունը տարածվում է միայն ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության հաստատությունների նկատմամբ։
Խմբի նպատակներն են`
- Կազմակերպություններում հասարակության կողմից մշտադիտարկումների իրականացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ, աջակցություն անձանց խախտված իրավունքների վերականգնմանը և դրանց կանխարգելմանը:
- Հոգեկան առողջության բնագավառը կանոնակարգող իրավական ակտերի ուսումնասիրություն և ըստ անհրաժեշտության ներպետական օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
- Հոգեկան առողջության բնագավառում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակային վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների ներկայացում ՀՀ առողջապահության նախարարություն, ինչպես նաև հանրությանը։
Մշտադիտարկումներ իրականացնելու նպատակով Խումբը կատարում է պլանային և ոչ պլանային այցելություններ, որոնք կարող են կատարվել առանց նախազգուշացման մինչև ժամը 22։00-ն։
Խմբի անդամներն իրավունք ունեն այցելել նշված կազմակերպությունների ցանկացած տարածք, ունենալ առանձնազրույց և ծանոթանալ ներքին փաստաթղթերի բովանդակությանը՝ Խմբի գործունեության կարգը հաստատող հրամանով և օրենքով սահմանված կարգով: