«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը կարծում է՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար գործող բալային համակարգը ոչ թե օգնում է գործընթացին, այլ ձախողում այն։ Ստացվում է, որ դատապարտյալը ոչ թե փորձում է փոխվել, այլ բալեր կուտակել։
«Պատկերացրեք, որ դատապարտյալն ընկնում է հոգեբանի, սոցիալական աշխատողի, քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի հետևից՝ խնդրելով այս կամ այն փաստաթուղթը կցել իր գործին, հիմնավորել իր վարքը, ներգրավվածությունը տարբեր միջոցառումներին և այլն։ Այսինքն՝ թե՛ դատապարտյալը, թե՛ համակարգը լծված են ոչ թե ուղղվելուն, այլ դատախազին ինչ–որ բան ապացուցելուն։ Ստացվում է, որ այն ամենն, ինչ արվում է, ձևական բնույթ է կրում, և միավորները ոչ թե արդյունք են դառնում, այլ նպատակ»,– ասում է Նարե Հովհաննիսյանը։
Վստահ է՝ այսօր գործող ընթացակարգը դատապարտյալի վարքի դինամիկայի մասին ոչ մի հստակ պատկերացում չի տալիս, ավելին՝ իմաստազրկում է ողջ գործընթացը՝ մեխանիկական, խիստ սահմանափակ գործիքակազմի պատճառով․
«Պատկերացրեք իրավիճակ, երբ դատապարտյալն իրոք ուզում է աշխատել կամ սովորել, սակայն քրեակատարողական հիմնարկն այդ հնարավորությունները չունի։ Օրինակ՝ կան քրեակատարողական հիմնարկներ, որտեղ ոչ մի կրթական ծրագիր չի իրականացվում։ Ստացվում է, որ մարդու սովորելու ցանկությունը ոչ մի ազդեցություն չի ունենում նրա հավաքած միավորների և ազատվելու հնարավորության վրա։ Հիմնարկի ներսում կատարվող պրոցեսները որևէ աղերս չունեն ազատության մեջ մարդու կյանքը պլանավորելու հետ, որևէ կերպ չի օգնելու ազատության մեջ ավելի հեշտ վերաինտեգրվելուն»։
Ազատ արձակվողների փոքր թիվը նույնպես փորձագետը բացատրում է գործընթացի մեխանիկական բնույթով․
«Քանի որ մարդու վարքի դինամիկայի համալիր, գործող մեխանիզմ գոյություն չունի, համակարգը չի կարողանում հիմնավորել, թե ինչու տվյալ մարդը պետք է դուրս գա կամ շարունակի մնալ բանտում։ Այդ պատճառով էլ սահմանափակվում են այն թվերով, որոնք կան այսօր։ Մինչդեռ, քրեակատարողական հիմնարկը պետք է ոչ թե պատժի, այլ ուղղի մարդուն։ Եվ որքան շուտ, այնքան ավելի լավ»։
Աղբյուրը՝ Ջեմնյուզ