Skip to content Skip to sidebar Skip to footer
803

«Մարդկային պատմություններ՝ ճաղերից այն կողմ․ ինչ են պատմում բանտից ուղարկված նամակները». Հանրային ռադիո

2021 թվականի հունիսի 1-ից իրականացվում է «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագիրը։ Նպատակն է ստեղծել մեդիահարթակ՝ ներկայացնելու համար ազատազրկված անձանց հիմնախնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ, հոդվածներ։ Ծրագրին մասնակցել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված հինգ անձ։

Տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ, հոդվածներ, որոնք պատմում են ազատազրկված անձանց մասին․ ֆիլմերի խորագիրն է՝ «Մարդիկ ճաղերից այն կողմ», հոդվածաշարինը՝ «Նամակ բանտից»։ Սա հնարավորություն է, որ դատապարտյալները խոսեն խնդիրներից, ներկայացնեն իրենց պատմությունները՝ ազատազրկվելու հետևանքները, բանտային կյանքին հարմարվելու դժվարությունները։ Ծրագիրն իրականացրել է դատապարտյալների խնդիրներով զբաղվող «Իրավական նախաձեռնությունների կենտրոնը»։

Կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյան․ «Ազատազրկված անձանցից ստացել ենք 23 հոդված: Ամենաշատ հոդվածները գրել և ուղարկել են ազատազրկված կանայք՝ ընդհանուր առմամբ 13 հոդված։ Դրանցից 5-ը կտեղադրվեն հարթակում, քանի որ լիովին համապատասխանում մեր ներկայացրած չափանիշներին և արժանացել են խմբագրակազմի հավանությանը»:

Եվս 10 հոդված կազմակերպությունը ստացել է «Արմավիր», «Նուբարաշեն», «Հրազդան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներից։ Հոդվածներ գրել և ուղարկել են նաև 5 ցմահ դատապարտյալներ։ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանի խոսքով՝ դատապարտյալները իրենց մտքերը հանձնելով թղթին՝ հաղթահարում են հոգեբանական որոշակի արգելքներ․

«Հասկանում են, որ բացի պետությունից, որն ապահովում է իրենց առօրյան ու կենցաղը, նաև քաղհասարակությունն է կանգնած իրենց կողքին։ Քաղհասարակության միջոցով կարողանում են իրենք իրենց ձայնը լսելի դարձնել, իսկ ազատությունից հետո սա կօգնի վերաինտեգրմանը»։

Ոչ թե հանցագործի պիտակով մեկը, այլ մարդ, որը զրկվել է ազատությունից և ունի իր խնդիրներ․ Ծովինար Թադևոսյանի դիտարկմամբ՝ գրված հոդված-նամակները կարող են նաև փոփոխություն մտցնել հասարակության վերաբերմունքի մեջ։ Սա կնպաստի, որ հանցանք գործած անձինք վերասոցիալականացվեն ու ինտեգրվեն հասարակությանը․

«Վերասոցիալականացման ու վերաինտեգրման քաղաքականություն վարում է Արդարադատության նախարարությունը։ Խնդիրները շատ են, սակայն մենք այս պահին գնում ենք դեպի վերասոցիալականացում, և ՔԿ-ներում ավելանում են համապատասխան հնարավորությունները»։

Դատապարտյալների վերասոցիալականացման ուղղությամբ արվող քայլերը դանդաղ, բայց արդյունք տալիս են, կարծում են արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Մասնագիտական և կրթական ծրագրի շրջանակում ազատազրկված կանանց համար կազմակերպված մատնահարդարման ու վարսահարդարման դասընթացներից հետո շահառուներից երկուսն աշխատում են մասնագիտությամբ, կան նաև կանայք, որոնք ձեռք են բերել բիզնես հմտություններ ու աշխատանքային այլ գործիքներ։ Փաստ է, որ ազատ արձակվելուց հետո նախկին դատապարտյալները դժվարությամբ են աշխատանք գտնում, այսուհանդերձ, նրանցից 52-ը նախարարության ջանքերով արդեն ունի աշխատանք։

 

Աղբյուրը՝ Հանրային ռադիո

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.