Հայաստանում շատ քրեակատարողական հիմնարկներ միայն «պահոցի» դեր են կատարում, և դատապարտյալների վերասոցիալականացման ուղղությամբ որևէ ջանք չի ներդրվում․ արձանագրումը «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանինն է։ Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել՝ մարդիկ կրկնահանցագործ դառնում են հենց քրեակատարողական հիմնարկներում:
«Մարդիկ, քրեորեն հետապնդելի ամենատարբեր ծանրության արարքներ կատարելով, հայտնվում են մի վայրում, որտեղ որևէ զբաղվածություն չունեն։ Նրանք սկսում են միմիանց հետ շփվել և ունեցած քրեական անցյալը կամ փորձառությունը փոխանցում են միմիանց»,- ասում է Նարե Հովհաննիսյանը։
Որպես խնդրի լուծում՝ 2015 թվականին Հայաստանում ներդրվեց պրոբացիայի ինստիտուտը, որպեսզի քրեական արդարադատությունը վերածվի վերականգնողական արդարադատության։ Պրոբացիան ազատազրկման այլընտրանքն է, կամ, այլ կերպ ասած, փորձաշրջան՝ հանցանք կատարած անձի համար․ իրավախախտում կատարած անձը ազատության մեջ է, բայց՝ վերահսկողության տակ և ենթարկվում է որոշ կանոնների ու պահանջների: Նպատակը՝ մի կողմից ապահովել հասարակության անվտանգությունը, մյուս կողմից՝ իրավախախտին չկտրել առօրյա կյանքից ու հարազատ միջավայրից։ Դա նպաստում է հետագայում նրա արագ վերասոցիալականացմանը՝ ասում է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը․
«Պրոբացիայի ծառայության շահառուները դատապարտված անձիք են, որոնք իրենց պատիժը կրում են ազատության մեջ և, ցավոք սրտի, իրենք ևս կրում են այդ դատապարտվածի պիտակը։ Մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունել դատապարտվածին որպես հասարակության լիարժեք անդամ, արդյունքում՝ բոլոր բնագավառներում մեր շահառուները խնդիրների են բախվում»։
Դատապարտված անձի համար ամենամեծ խնդիրը, ըստ մասնագետների, աշխատանք գտնելն է․ գործատուները, որպես կանոն, օրենքի հետ խնդիրներ ունեցած մարդկանց չեն վստահում։ Հենց այս խնդիրը լուծելու համար «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ–ն պրոբացիայի ծառայության հետ մասնագիտական կողմնորոշման ծրագիր է իրականացրել։
«Պրոբացիայի ծառայության հետ քննարկումների ժամանակ հասկացանք, որ ավելի արդյունավետ կլինի կազմակերպել այնպիսի դասընթացներ, որոնք մասնագիտական գիտելիքներից զատ՝ հետագայում նաև աշխատանքի հնարավորություն կտան շահառուներին։ Ընտրեցինք մատնահարդարում, վարսահարդարում և երկամսյա գործնական դասերի ավարտից հետո, նաև որոշակի գործարար հմտություններ փոխանցեցինք մեր շահառու մասնակիցներին, ապահովեցինք նրանց աշխաանքի համար անհրաժեշտ գործիքներով ու նյութերով, որպիսի իրենք կարողանան աշխատանքի անցնել»,– ասում է Հովհաննիսյանը։
Շահառուների կարիքները գնահատելուց հետո դասընթացներ կկազմակերպեն այլ կազմակերպությունների հետ ևս։ Պրոբացիայի ծառայության տվյալներով՝ 2021թ դրությամբ ազատության մեջ պատիժը կրող 53 դատապարտյալներ կայուն աշխատանք ունեն։
«Բնականաբար, մեր բոլոր շահառուները մոտիվացված չեն, և շատ կարևոր է իրենց հետ նաև հոգեբանական աշխատանք իրականացնելը։ Շատ հաճախ լինում է, որ շահառուն ինքն էլ չի հասկանում, թե իրեն ինչ է պետք։ Մենք իր հետ ձեռք ձեռքի բռնած փորձում ենք սկզբից մոտիվացիա առաջացնել, հետո քիչ–քիչ նոր գրավվում ենք, և արդյունքում ինքն ավելի օրինակելի վարքագիծ է դրսևորել ու ավելի հեշտ է ինտեգրվելու»,– ասում է ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը։
Մուղդուսյանն ընդգծում է՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023թթ ռազմավարության մեջ ամրագրվել է վերասոցիալականացման քաղաքականությանն անցնելու սկզբունքը։ Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խոսել էր քրեակատարողական հիմնարկների մասին՝ շեշտելով որ տարիներ շարունակ դրանք հանցագործ արտադրող ձեռնարկություններ են եղել։
Սիրարփի Մուղդուսյանի տեղեկացմամբ՝ 2021թ 9 ամիսներին պրոբացիայի ծառայությունում հաշվառվել է շուրջ 4.5 հազար անձ։ Լինելով ազատության մեջ՝ նրանց միայն 0.7 տոկոսն է դարձել կրկնահանցագործ՝ ընդամենը 33 անձ։ Պրոբացիայի ծառայությունում այս թվերը համարում են բավարար, բայց շեշտում են՝ վերջնական նպատակը կրկնահանցագործությունների բացառումն է։
Աղբյուրը՝ Հանրային ռադիո