Դիտարկումները ցույց են տալիս, որ համավարակից առաջ էլ սոցիալական ծառայությունների և քրեական արդարադատություն իրականացնող մարմինների միջև համագործակցության մեխանիզմներ, ըստ էության, չեն եղել: Այս մասին հայտնեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը (լուսանկարում)՝ այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «Պատժից ազատման մեխանիզմները համավարակների ժամանակ» թեմայով քննարկմանը:
«Պատճառները տարբեր են. նախ քրեակատարողական հիմնարկներում ուսուցում կազմակերպելու խնդրով հետաքրքրված կառույցները չեն կարողանում քրեակատարողական հիմնարկների ներսում ուսուցում կազմակերպել, քանի որ պայմաններ չկան: Ազատ արձակվելուց հետո, անձինք չեն ներկայանում զբաղվածության տարածքային կենտրոններ, քանի որ նախ՝ համայնքում չէին ցանկանում նույնականացվել որպես հանցագործություն իրականացրած անձ, ապա՝ բնակության վայրն են փոխում կամ հետ են վարժվում աշխատելուց և ավելի շատ հակված են ֆինանսական աջակցություն ստանալ: Դա նաև քրեակատարողական հիմնարկի բացասական հետևանքն է, մասնավորապես՝ քրեական ենթամշակույթի»,-նշեց փորձագետը:
Նրա խոսքով, պատճառներից մեկն էլ քրեակատարողական հիմնարկներից վերադարձած անձանց առողջական վատթարագույն վիճակն է, որով պայմանավորված ի վիճակի չեն լինում աշխատելու:
Ինչ վերաբերվում է համավարակի ժամանակահատվածին՝ փորձագետի տեղեկացմամբ, չկա ուսումնասիրություն, թե քրեակատարողական հիմնարկներից դուրս եկած կանանց կյանքն ազատության մեջ ինչպես է կազմակերպվել: «Սակայն հաշվի առնելով, թե ինչպիսի վիճակ կար համավարակից առաջ և որքան էր սրվել վիճակը համավարակի ժամանակ, կարծում ենք, որ որևէ հատուկ մոտեցում չի ցուցաբերվել : Դա են վկայում նաև մեր հարցումների պատասխանները: Այդ ժամանակահատվածում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որևէ հատուկ ծրագիր կամ հատուկ մոտեցում չի ցուցաբերել այս անձանց նկատմամբ: Գիտենք նաև, որ այդ ընթացքում կային կորոնավիրուսից տնտեսական հետևանքները չեզոքացնելու ծրագրեր, այդ ծրագրերում քրեակատարողական հիմնարկների կամ պրոբացիայում հաշվառված անձինք կարող էին օգտվել ընդհանուր հիմունքներով, այս անձանց խոցելիությունը նկատի չէր առնվում»,- ավելացրեց Նարե Հովհաննիսյանը:
Քննարկմանը մասնակցում էր նաև «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը:
Աղբյուրը՝ Առավոտ