ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ տարիներ շարունակ իրավապաշտպանները բարձրաձայնում են, որ խափանման միջոցի ընտրությունը պետք է հիմնավորված լինի, ինչը որոշ դեպքերում այդպես չի լինում:
«2018թ.-ից հետո պետության վերաբերմունքը բանտային համակարգի նկատմամբ դեպի դրականն է փոխվել: Կան խնդիրներ, որոնք համակարգային են, և որոնց լուծումը դեռևս կամ չկա, կամ թերի է: Առողջապահական հարցերի հետ կապված նկատում ենք, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հատուկ բացասական վերաբերմունք ունենալու միտում չունի, այսինքն՝ նրանք հատուկ միտում չունեն այն, ինչ հասնում է ազատազրկված անձին, չտրամադրել: Եթե խոսում ենք կոնկրետ Արմեն Գրիգորյանի դեպքի մասին, ապա ես որպես դիտորդների խմբի անդամ կարող եմ ասել, որ տվյալ կալանավորված անձից մեր խումբն ահազանգ չի ունեցել:
Ես կարծում եմ, որ Արմեն Գրիգորյանի դեպքի վերաբերյալ պետք է առանձին հետազոտություն անել, դեպքը քննել և հասկանալ, թե տվյալ կալանավորված անձի մոտ բարձր ճնշման հետ կապված խնդիրը երբվանից է նկատվել, արդյոք քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց հետո, և արդյոք ՔԿՀ-ի պայմաններն են հանգեցրել տվյալ խնդրի սրմանը: Այս դեպքի հետ կապված ավելի հիմնավոր պատասխան հնարավոր կլինի ստանալ առանձին քննությունից հետո՝ հասկանալու համար՝ արդյոք խնդիրն այնպիսին էր, որ պետք է լիներ բժշկական միջամտություն, և եթե կար բժշկական միջամտության կարիք, արդյոք անձը բարձրաձայնել է դրա մասին, և այդ բարձրաձայնումը արդյոք մնացել է անհետևանք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այսպիսի դեպքերը պետք է ազդակ լինեն համակարգի համար, ծառայության համար, որպեսզի կարողանան այնպիսի պայմաններ ապահովել, որ այդ պայմանները որևէ ձևով անձի առողջական վիճակի վատթարացման կամ մահվան պատճառ չդառնան:
«Այստեղ հիմնական մոտեցումն այն է, որ պետությունն այնպիսի քայլեր պիտի ձեռնարկի, որ նման դեպքեր չարձանագրվեն: Այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, որ տարիներ շարունակ իրավապաշտպանները բարձրաձայնում են. այն, որ հիմնականում կալանավորումն է ընտրվում որպես խափանման միջոց, այսինքն՝ անձը պահվում է քրեակատարողական հիմնարկում, բայց այդ խափանման միջոցի ընտրությունը պետք է հիմնավորված լինի, ինչը որոշ դեպքերում այդպես չի լինում: Այսինքն՝ պետք է մաքսիմալ զերծ մնալ մարդուն անազատության մեջ պահելուց, որովհետև այդ ամենը մի շարք առումներով բացասական է ազդում մարդու վրա:
Իհարկե, որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու պատճառները տարբեր են. միգուցե կհիմնավորեն, որ այլընտրանքային խափանման միջոցների շատ տարբերակներ, միջոցներ չկան, կամ միգուցե պետությունը դեռևս իներցիայով այդ մարդկանց պահում է քրեակատարողական հիմնարկներում:
Եթե խոսում ենք շենքային պայմանների մասին, ապա չեմ կարող ասել, որ շատ մեծ դրական տեղաշարժ է եղել, ուղղակի հիմնական փոփոխությունն այն էր, որ 2018-ին համաներում կիրառվեց, և նաև պայմանական վաղաժամ ազատումներն անհամեմատ ավելի շատ են լինում: Այս երկու գործոնները հանգեցրին ազատազրկված անձանց թվի գրեթե կրճատմանը: Այսինքն՝ եթե նախկինում կար մոտավորապես 6.000 ազատազրկված անձ, հիմա ազատազրկված անձանց թիվը մոտ 2500 է:
Բուն քրեակատարողական հիմնարկին առնչվող խնդիրները բնականաբար ավելի սուր էին արտահայտվում, երբ ազատազրկված անձանց թիվը շատ էր:
Այնպես չէ, որ հիմա շենքային, կենցաղային պայմանները բարելավել են, քանի որ անձանց թիվը նվազել է, այդ խնդիրները սուր չեն արտահայտվում: «Արմավիր» ՔԿՀ-ն նոր կառուցված հիմնարկ է, բայց չենք կարող ասել, որ կենցաղային պայմանները լավ են: Եվ այս հիմնարկի հետ կապված առաջին անգամ չէ, որ ասել ենք, որ հիմնարկը չունի օդափոխության համակարգ, իսկ ամառվա շոգ եղանակին սիրտանոթային խնդիրներ ունեցող, ճնշման հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար էդ հիմնարկում լինելը դժվար է: Ե՛վ նոր կառուցված, և՛ նախկինում կառուցված ու գործող քրեակատարողական հիմնարկների խնդիրները աչքի առջև ունենալով՝ պետությունը պիտի կառուցի այնպիսի քրեակատարողական հիմնարկներ, որ էդպիսի խնդիրները թեթևացած լինեն, ոչ թե «Արմավիր» ՔԿՀ-ի նման նոր հիմնարկ սարքեն և նոր խնդիր ավելացնեն քրեակատարողական համակարգում, որովհետև թե՛ շենքային, թե՛ պահման պայմաններն այնպիսին են, որ նոր հիմնարկ կառուցելիս ոչ թե այդ խնդիրները լուծվել են, այլ ավելացել»,- եզրափակեց Նարե Հովհաննիսյանը:
Աղբյուրը՝ Գալա