Skip to content Skip to sidebar Skip to footer
60

««Կալանավայրում կեսարյանով ծննդաբերած կինը ձեռքով է լվացք անում, խցերը խոնավ են, տաք ջրի խնդիր կա». «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ». Առավոտ

Ազատությունից զրկված կանայք բախվում են բազմաթիվ խոչընդոտների՝ կապված հղիության, ծննդաբերության, հետծննդյան առողջության, երեխաների խնամքի, հիգիենայի ապահովման և այլ խնդիրների հետ: Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում կայացած «Անազատության մեջ գտնվող կանանց վերարտադրողական առողջությունը. խնդիրներ, մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ունենում է արտահերթ զեկույցներ, որոնք վերաբերվում են անազատության մեջ գտնվող կանանց իրավունքներին:

Անդրադառնալով հերթական զեկույցին՝ տիկին Գասպարյանը նշեց, որ այն ավելի շատ մասնավոր իրավունքին է անդրադառնում, կարևոր հարցեր են արծարծվել և 18 առաջարկներ ներկայացվել պետությանը: Ասաց նաև, որ ի թիվս այլնի՝ անդրադարձ կա կիրառական բնույթի հարցերին, որոնք վերաբերում են բժշկական գաղտնիքի ապահովմանը, բժշկական ծառայությունների բարելավմանը, սեռավարակների ու քաղցկեղի հայտնաբերման պարբերական հետազոտություններին:

«Աբովյան» ՔԿՀ բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը նշեց, որ 74 անձ է գտնվում «Աբովյան» ՔԿՀ-ում, որոնցից միայն 5-ն են արական սեռի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 3-ը չափահաս տղաներ են, 2-ը՝ անչափահասներ: «Առաջին իսկ պահից մուտք գործելով կալանավայր՝ կանայք ենթարկվում են մանրակրկիտ մարմնական զննման, պարտադիր կատարվում է ռապիդ թեստավորում, սկրինինգային հետազոտություն… Մեր կոնտինգենտը հաշվառված է նաև Աբովյան բժշկական կենտրոնում և ծննդատան կանանց կոնսուլտացիայում, որտեղ էլ իրականացվում են գործիքային և լաբորատոր հետազոտությունները, անհրաժեշտության դեպքում՝ նեղ մասնագետների խորհրդատվությունը»,-ասաց «Աբովյան» ՔԿՀ բժիշկ-գինեկոլոգը:

Նրա խոսքով, ռապիդ թեստերը կիրառվում են ինֆեկցիոն հիվանդությունները հայտնաբերելու համար, դա հիմնականում սպիդն է, հեպատիտ C-ն, B-ն և սիֆիլիսը: Բժիշկը նշեց, որ բացահայտված որոշ դեպքեր ունեն, և փորձել են կանխել այդ հիվանդությունների զարգացումն ու տարածումը:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի խոսքով, շինարարության, բարեկարգման քայլեր ձեռնարկվում են Աբովյան ՔԿՀ-ում, սակայն, նրա տպավորությամբ դեռևս բարելավման կարիք կա.

«Կանայք, օրինակ, դժգոհություններ ունեն ՔԿՀ-ի խոնավությունից: Մարդիկ 24 ժամ մեկուսարանում են, բացառությամբ 1-2 ժամվա զբոսանքը: Դժգոհություններ կան նաև կանոնավոր տաք ջրի հասանելիության հետ կապված: Այժմ կանայք շաբաթական երկու անգամ են լոգանք ընդունում, նախկին մեկի փոխարեն»:

Նարե Հովհաննիսյանը այլ օրինակներ բերեց. «Կանանցից մեկը, որը ազատազրկման ընթացքում էր երեխային ունեցել կեսարյան հատումով, նշել էր, որ ձեռքով լվացք անելը որոշակի բարդություններ ու խնդիրներ էր առաջացրել, բորբոքումների պատճառ դարձել: Հիմնարկում լվացքի մեքենայով լվացվում է կանանց հագուստը, իսկ երեխաների հագուստը և անկողնային պարագաները մայրերը ձեռքով են լվանում»:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահը հավելեց, որ երբ խոսում են պայմանների մասին, պետք է հաշվի առնեն, օրինակ, թե կալանավայրի սանհանգույցի տիպը ինչքանով է հարմար հղի կնոջը: Ինչ վերաբերվում է հիգիենայի պարագաներին, այդ մասին էլ նշեց. «Թեև հիգիենայի պարագաներ հիմնարկը տրամադրում է, բայց կարծում ենք, որ դրանք ավելի մեծ քանակով պետք է տրամադրվեն, հատկապես, եթե խոսքը երեխաների մասին է»:

Նարե Հովհաննիսյանի խոսքով ազատազրկված մայրերի հետ ապրող երեխաների հետ հոգեբանական աշխատանքի կարիք կա, բացի դրանից՝ նրանք պետք է ապահովեն իրենց տարիքային զարգացմանը անհրաժեշտ միջավայրով. «Փաստացի երեխան զրկվում է իր հասակակիցների հետ շփվելու հնարավորությունից, զբոսաբակը ևս հարմարեցված չէ… Ես կարևորում եմ նաև առողջապահական ծառայությունների շարունակականության ապահովում ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո, որովհետև շատ կանայք սոցիալապես անապահով վիճակում են, և բուժման պրոցեսի ընդհատումը կարող է հետևանքներ ունենալ նրանց առողջական վիճակի վրա»:

Աղբյուրը՝ Առավոտ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.