Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը։ Օրենսդրական փոփոխությունների կարիքն առաջացել Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումից հետո։ Իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հույս ունեն, որ առաջարկվող փոփոխությունները կընդգրկեն նաև պրակտիկայում հանդիպող խնդիրների լուծումները։ Նրանց կարծիքով՝ համակարգում ամենամեծ բացն առնչվում է հոգեբանական ծառայությանը։ Առաջարկվող կարգավորումներով ծառայությունից կօգտվեն բոլոր տեսակի պատիժներ կրող անձինք, նրանց համար անհատական վերասոցիալականացման ծրագրեր կմշակվեն։
Պրոբացիայի ծառայությունը նոր օրենք կունենա․ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պրոբացիայի մասին» օրենքի նախագիծը, նոր օրենքը նաև փոփոխություններ ու լրացումներ է ենթադրում «Քրեական դատավարության» ու «Քրեակատարողական ծառայության» մասին օրենքներում։ Նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Հայրապետյանը մանրամասնում է՝ նոր օրենքի մշակման անհրաժեշտությունն առաջացել է 2021-22թթ․ քրեական արդարադատության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններից հետո։
«Օրինակ, այլընտրանքային խափանման միջոցները, որոնք ներդրվեցին քրեական դատավարության մասին օրենսգրքի ընդունմամբ, մասնավորապես տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ժամանակ Քրեական դատավարության մասին օրենսգիրքը նախատեսում էր, որ գործողությունների սկիզբը անհապաղ պետք է իրականացվի, այսինքն առաջին իսկ հնարավորության դեպքում, մինչդեռ «Պրոբացիայի մասին» օրենքով եռօրյա ժամկետ էր սահմանվում այդ գործողությունների համար։ Սա գործնականում մեծ խնդիրներ էր առաջացնում, որովհետև երբ դատարանը կայացնում էր տնային կալանք կիրառելու որոշում, ստացվում էր որ շահառուն 3 օր մնում էր առանց վերահսկողության»,– մանրամասնում է Հայրապետյանը։
Հայաստանի Հանրապետությունը փորձում է պատժողական քաղաքականությունից անցում կատարել վերականգնողական արդարադատության։ Այս իմաստով առավելապես կարևորվում է պրոբացիայի ինստիտուտը ու դրա լավարկումը։ Հայրապետյանն ասում է՝ նոր օրենքով նաև նոր ընթացակարգեր են սահմանվում։ Առաջարկվող կարգավորումներով ծառայությունից կկարողանան օգտվել բոլոր տեսակի պատիժ կրող անձինք, նրանց համար անհատական վերասոցիալականացման ծրագրեր կմշակվեն։
«Երբ պրոբացիայի շահառուն ներկայանում է պրոբացիայի ծառայություն հաշվառման նպատակով, նախ և առաջ շահառուի նկատմամբ կատարվում է ռիսկերի ու կարիքների գնահատում, դրա արդյունքներով պայմանավորված արդեն մշակվում է վերջինիս նկատմամբ վերասոցիալականացման միջոցառումների ծրագրերի և աշխատանքների ցանկը»։
Օրենքի նախագիծը ու առաջարկվող կարգավորումներն արդյունավետ են, եթե դրանք թղթի վրա լինելուց բացի նաև կիրառվում են ՝ նկատում է Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։ Իրավապաշտպանը կարևոր է համարում, որ փոփոխությունները նաև պրակտիկայում հանդիպող խնդիրների լուծումները ներառեն։ Մասնագետի կարծիքով՝ օրինակ, հոգեբանական ծառայությունը օրենքի պարտադիր պահանջ է, բայց ոչ միշտ է լիարժեք կիրառվում։
«Օրինակ՝ հայտնի է մի դեպք երբ անձի նկատմամբ կիրառել էին կալանավորում տեսակի խափանման միջոցը, վերջինս բնականաբար հոգեբանական ծանր վիճակի մեջ էր հայտնվել քրեակատարողական հիմնարկում երբ պատկերացնում էր թե արդեն դատավճռից հետո ինչ է սպասվում իրեն, այսինքն տարիների ազատազրկում։ Խափանման միջոցը փոխել են ներկայում տնային կալանք է կիրառվել անձի նկատմամբ, բայց հարազատները նշեցին որ հոգեբանական ծանր վիճակում է և այն սթրեսային վիճակը որում հայտնվել էր քրեակատարողական հիմնակում չի կարողանում հաղթահարել։ Իհարկե ողջունելի է, որ պատիժը կրում է տնային պայմաններում, բայց ընտանիքի անդամները մասնագետներ չեն ու չեն կարող օգնել»,– ասում է Նարե Հովհաննիսյանը։
Առկա բացերը հաճախ հասարակական կազմակերպություններն են փորձում լրացնել՝ նկատում է Նարե Հովհաննիսյանը, բայց անելիք դեռ շատ կա։ Պրոբացիայի շահառուները թեև ազատության մեջ են, բայց խոցելի են, հետևաբար նրանց նկատմամբ ու նրանց համար ծրագրերն ավելի արդյունավետ պետք է լինեն։
«Բնականաբար կա հանցագործի պիտակը, կան անձինք, որոնք իրավագիտակցության, իրազեկվածության հետ կապված խնդիր ունեն, ինչու ոչ նաև սոցիալապես ոչ բարվոք վիճակում են, ու այս խնդիրները հաշվի առնելով՝ պրոբացիայի ծառայությունը կարծես դառնում է այն օղակը, որ պետք է այդ ծառայություններն իրականացնի»։
«Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը օրեր առաջ է ներկայացվել հանրային քննարկման, e-draft հարթակում առայժմ 1 առաջարկ , 2 կողմ ու 2 դեմ ձայն ունի։ Նախարարությունում հույս ունեն, որ նախագիծը դեռ դիտողություններ ու կարծիքներ կունենա, դրանք էլ կօգնեն լավարկել օրենքը։
Աղբյուրը՝ Հանրային ռադիո