Skip to content Skip to sidebar Skip to footer
60

«Չնայած կառավարությունը փորձում է գնալ վերասոցիալականցման, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման հայեցակարգի որոշ կետեր պիտի վերանայվեն․ Նարե Հովհաննիսյան». Առավոտ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի՝ տարբեր տարիներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատված շահառուները քննարկել են «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգի» նախագիծը։ Քննարկմանը իրենց տեսակետներն էին ներկայացրել նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող անձինք։

Կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ իհարկե, հայեցակարգը մշակելն ու քննարկման դնելը ողջունելի է։

«Կառավարությունը փորձում է գնալ վերասոցիալականացման, սակայն հայեցակարգի որոշ կետեր վերանայման կարիք ունեն»,-ասում է Նարե Հովհաննիսյանը։

Քննարկման մասնակիցներն էլ կարծում են, որ «այս հայեցակարգը ակնհայտ պատժողական քաղաքականության դրսևորում է, հակասում է ոլորտը կարգավորող միջազգային նորմերին, այդ թվում ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումներին, ՀՀ Սահմանադրությանը և դատապարտյալների վերասոցիալականացմանը և հասարակություն վերադարձնելուն ուղղված գաղափարախոսությանը»:

Հատկապես հայեցակարգը բարդացնում է ցմահ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը, քանի որ պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունք ունեն ցածր անվտանգային գոտում պատիժ կրողները ու հազվադեպ է լինում, որ ցմահների անվտանգային գոտին փոխվում է։

Նոր հայեցակարգով՝ կարգապահական տույժ երբևէ ստացած չլինելու դեպքում պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալը ստանում է 10 միավոր։ «Ագրեսիվությամբ կամ կոնֆլիկտայնությամբ բնութագրվող, ինչպես նաև աշխատակցի, նաև վերահսկողություն կամ հսկողություն իրականացնող անձի օրինական պահանջը չկատարելու համար ստացած յուրաքանչյուր կարգապահական խախտման համար հանել 2 միավոր, իսկ այլ բնույթի յուրաքանչյուր տույժի համար՝ հանել 1 միավոր։ Որոշակի ժամկետի հաշվարկմամբ չարամիտ խախտող ճանաչվելու դեպքում հանել 5 միավոր, գործող կարգապահական տույժ ունենալու դեպքում հանել 10 միավոր, իսկ գործող կարգապահական տույժ ունենալու և չարամիտ խախտող ճանաչելու դեպքում՝ հանել 15 միավոր»,-առաջարկում է հայեցակարգը։

Նարե Հովհաննիսյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունն է հրավիրում՝ հայեցակարգով առավելագույն տրվող միավորը 10-ն է, իսկ հանվող միավորը՝ 15-ը։

«Ստացվում է, որ փորձում են տույժերի միջոցով միավորներ պակասեցնել։ Առաջարկվող փոփոխությամբ քրեակատարողական հիմնարկի աշխատողներին ակնհայտ լիազորություններ են տրվում, ինչը կարող է ի վնաս դատապարտյալի օգտագործվել»,- ասում է մեր զրուցակիցը։

Մեկ այլ օրինակ։ Այս պահին գործող կարգավորմամբ՝ դատապարտյալը ռեցիդիվ ունենալու դեպքում միավոր չի ստանում, իսկ չունենալու դեպքում ստանում է 2 միավոր։ Առաջարկվող փոփոխությամբ՝ ռեցիդիվ չունեցող անձը միավոր չի ստանում, իսկ ռեցիդիվ ունեցող անձի միավորներից հանում են 10 միավոր։

«Այսինքն՝ նոր հայեցակարգով ռեցիդիվ չունենալն առանձին միավորով չի գնահատվում։ Ստացվում է, որ առաջարկվող փոփոխության նպատակն է ներկայում կազմվող դրական զեկույցները հետագայում դարձնել բացասական։ Իսկ ներկայումս բացասական զեկույցների համար ստեղծել արգելքներ՝ դրանք հետագայում դրական դարձնելու ճանապարհին»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Նարե Հովհաննիսյանը։

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն»-ը պատժից՝ պայմանական վաղաժամկետ ազատման հայեցակարգի իր առաջարկները՝ վերասոցիալականացման միջոցառումներին մասնակցելը, արտաքին աշխարհի հետ կապ պահելը, տուժողին պատճառած վնասի փոխհատուցման կարգը, աշխատող դատապարտյալների գնահատման չափորոշչին և այլ կետերին վերաբերող առաջարկ-փոփոխությունները նախագծի տեսքով ներկայացրել է պատկան ատյաններին։

Աղբյուրը՝ Aravot.am

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.