Skip to content Skip to sidebar Skip to footer
60

«Պատժից վաղաժամկետ ազատվողներն իրական կյանքում են փորձարկում նոր հայեցակարգը». Հանրային ռադիո

Արդարադատության նախարարությունը մշակել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգ։ Փաստաթղթի մասին կարծիքները, սակայն, իրարամերժ են․ պատկան մարմինները կարծում են, որ այն նպաստում է դատապարտյալների վերասոցիալականացմանը՝ բացատրելով, որ սա հասարակության մեջ ընդունված արժեքների, նորմերի յուրացումն է դատապարտյալի կողմից։ Իսկ իրավապաշտպան կառույցները պնդում են, որ ոչ թե վերասոցիալականացման, այլ շարունակական պատժման քաղաքականություն է վարվում։

Ոչ թե վերասոցիալականացման, այլ շարունակական պատժման քաղաքականության ձև․ այսպես են իրավապաշտպան կազմակերպությունները բնութագրում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգը։ Ըստ այդ կարծիքների՝ այն միտված է դատապարտյալներին պահելուն, ոչ թե ազատ արձակելուն:

Քրեակատարողական տարբեր հիմնարկներում պատիժը կրած արդեն նախկին բանտարկյալ Արման Սարգսյանը «Ռադիոլուրին» պատմում է ՝ վաղաժամկետ ազատ արձակման մասով դատական որոշում կայացնելու օրն իր միավորները շատ բարձր չէին, բայց դատարանը որոշել է հաշվի առնել իր վարքն ու ուղղվելու առումով առաջընթացը․

«Ես դատարանում ապացուցեցի, որ պետական ինստիտուտը սխալ է կիրառում իմ նկատմամբ, ապացուցել եմ, որ 4 տարվա մեջ, որպես ուղղված դատապարտյալ, միշտ օրենսդրական աջակցություն եմ ունեցել, և պետք է ազատ արձակվեմ, ոչ թե անձանցից կախված լինեմ։ Ես ավելի դրական վարքագիծ եմ ունեցել, քան կարող էր ունենալ որևէ դատապարտյալ, և ուղղման ճանապարհն անցել եմ ու ճիշտ ինտեգրվել եմ հասարակությանը»։

Արմանը նոր հայեցակարգի սահմանած դրույթները հենց իր կյանքի վրա ազդեցության տեսանկյունից է դիտարկում։ Տեսականորեն այն հաջողված է համարում, բայց այն, ինչ նախատեսվում է որպես վերասոցիալականացում, գործող համակարգի պայմաններում հնարավոր չի համարում։

«Օրինակ՝ անձը գտնվում է կալանավորման մեջ, 4 տարի տևում է իր դատավարության գործընթացը։ Իսկ երբ անձը ձերբակալված կամ կալանավորված վիճակում է, իրավունք չունի վերասոցիալականացման ծրագրերի մասնակցել։ Հետևաբար, չի կարող հավաքել այդ բալերը, որոնք նախատեսում են հիմա։ Իսկ եթե անձին դատապարտում են հինգ տարով, ինքն օրենքի ուժով ձեռք է բերում վաղաժամկետ ազատվելու իրավունք։ Բայց այս նոր հայեցակարգով զրկվում է այդ իրավունքից, քանի որ չունի այդքան բալային միավորներ հավաքած»։

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հայեցակարգը մշակել է Արդարադատության նախարարությունը։ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը գտնում է, որ կառավարությունը վերասոցիալականացման գնալու ճանապարհին հայեցակարգի որոշ կետեր վերանայելու կարիք ունի։ Հարկ է հստակ մեխանիզմներ սահմանել, որոնք կօգնեն հասկանալ՝ այն հասնո՞ւմ է իր նպատակին։
Նարե Հովհաննիսյանը հայեցակարգին առնչվող մի քանի հարց է բարձրացնում․ այն միտվա՞ծ է  քրեական վարքագիծ ունեցող անձանց վերաինտեգրմանը, թե՞ պարզապես պատիժը շարունակելու «թաքնված» քաղաքականություն է։

«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ տույժ չունենալու դեպքում տրվում է 10 միավոր, իսկ ունենալու դեպքում առավելագույն միավորը, որը հանվում է, 15 միավորն է, այսինքն՝ հանվում է ավելին, քան  տրվում է։ Պրակտիկայում կարող է սա մի փոքր այլ հարաբերությունների տեղիք տալ, օրինակ՝ չենք բացառում, որ նման դեպք կարող է լինել, երբ կարգապահական խախտումն անտեսվի ներքին պայմանավորվածությամբ առ այն, որ դրանով դատապարտյալը հնարավորություն ունենա, օրինակ, պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակ միավոր ստանալ»։

ԱՆ Քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման եւ ներդման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանը, մինչդեռ, պնդում է, որ մշակվել են հայեցակարգի կարճաժամկետ եւ երկարաժամկետ մոդելներ՝ իրավիճակի բարդության տարբեր աստիճաններով։

«Նույն հայեցակարգում դետալային գրված է, որ, այո, պետությունը վերականգնողական արդարադատության ամբողջ գաղափարախոսության կրողն է, եւ պետությունը պետք է ապահովի այս բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը, որպեսզի դատապարտյալն ունենա եւ մոտիվացիա, եւ հնարավորություն՝ դրսեւորելու օրենսգրքով ամրագրված պատշաճ վարքագիծ, հայտնվելու ցածր «անվտանգային» գոտում եւ նոր դիմելու պայմանական վաղաժամկետ ազատ արձակման»։

Ամեն դեպքում, հայեցակարգի հիմքում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար հաշվի են առնվում անձի վարքն ու ուղղվելու առումով առաջընթացը, ինչի գնահատումը վերապահված է դատարանին։ Վերասոցիալականացման ծրագրերը հենց պետք է լինեն մոտիվացիան, որ անազատության մեջ հայտնված ու նույնիսկ հետագա ազատ կյանքում ազատությունը վերագտնելու հույսերը կորցրած անձը ցանկանա և հակված լինի պատշաճ վարքագիծ դրսևորել։

Աղբյուրը՝ Հանրային ռադիո

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.