2025թ Հայաստանի ՔԿՀ-ներում արձանագրվել է 16 մահվան դեպք, ըստ պաշտոնական վարկածի՝ այդ մարդիկ ինքնասպան են եղել: Ինքնասպանության վերջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին Արմավիր ՔԿՀ-ում:
Մեդիա կենտրոնում կայացած «Որքանո՞վ են մարդակենտրոն քրեակատարողական հիմնարկները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նարե Հովհաննիսյանն ասաց, որ վերջին տարիներին պետության կողմից բավականին մեծ ուշադրություն է դարձվում ոլորտի բարելավմանն ու զարգացմանը: Միևնույն ժամանակ շեշտեց, որ ՔԿՀ-ները դեռևս մարդակենտրոն լինելու տեսանկյունից խնդիրներ ունեն:
«Ցավոք, վերասոցիալականացման քաղաքականությունը դեռևս կոնցեպտուալ և գաղափարական ընկալում չէ քրեակատարողական համակարգում: Երբ նման միտք ենք արտահայտում, ըստ էության՝ նկատի ունենք համակարգում ներգրաված յուրաքանչյուր անձի: Ցավոք, ներկայումս թյուր ընկալում կա, որ վերասոցիալականացման գործառույթը սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կամ հասարակական կազմակերպությունների անելիքն է, բայց գիտենք, որ քրեակատարողական հիմնարկների համակարգն ունի մի շարք կառուցվածքներ՝ պահպանության ապահովում, անվտանգության ապահովում և այլն: ՔԿ-ներում հիմնական մոտեցումը դեռևս անձին իր արարքի համար պատժելն է»,-ընդգծեց Նարե Հովհաննիսյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանի խոսքով, ՄԻՊ աշխատակազմի դիտարկումները ցույց են տվել, որ 2024թ առկա է տույժերի և խրախուսանքի միջոցների ակնհայտ անհամեմատելի տարբերություն:
«2024թ ունենք 2539 տույժ և 14 խրախուսանք: Այդ 2539 տույժից 1042-ը եղել է ամենախիստ կարգապահական տույժը՝ պատժախուց տեղափոխելը: Սա պայմանավորում ենք վերասոցիալականացման ծրագրերի ոչ արդյունավետ լինելով: Խրախուսանքի միջոցների այս ցածր ցուցանիշը արդեն տարիներ շարունակ նույն նշաձողի վրա է մնում: Պատժելը դեռևս շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկների քաղաքականության հիմքում»,-ասաց Հովհաննես Ղուկասյանը:
Հավելեց, որ իրենց այցերի ընթացքում ուսումնասիրել են կարգապահական տույժերի որոշումները և տարբեր խնդիրներ են բացահայտել.
«Օրինակ, շատ դեպքերում նույն արգելված իրը պահելու համար տարբեր անձանց նկատմամբ տարբեր ժամկետով կարգապահական տույժի միջոց՝ պատժախուց տեղափոխել է կիրառվել: Բջջային հեռախոս պահելու համար մի անձին 5 օրով են տեղափոխել, մեկ այլ անձի 10 օրով: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որևէ կերպ չի հիմնավորվում, թե ինչու մեկին 5 օրով, մյուսին՝ 10»:
Աղբյուրը՝ Առավոտ


