Skip to content Skip to sidebar Skip to footer

Տեղի ունեցավ «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» ծրագրի ամփոփիչ միջոցառումը

2021թ.-ի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ՀՀ ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, Հայաստանում կանանց հիմնադրամի ներկայացուցիչներ Սիրան Հովհաննիսյանը և Ելենա Սարգսյանը, ծրագրի դասընթացավարները՝ մատնահարդար Նանար Գևորգյանը, վարսահարդար Լարիսա Սարգսյանը, բիզնես մասնագետ Սոնա Հովսեփյանը և դասընթացների մասնակից կին շահառուները:

Ողջույնի խոսքում Պրոբացիայի ծառայության պետ Գ. Սիմոնյանը կարևորեց հասարակական կազմակերպությունների հետ շահառուների համար վերասոցիալականացման ծրագրերի իրականացման պրակտիկան: Նա նշեց, որ նախատեսում են ընդլայնել վերասոցիալականացման ծրագրերի շրջանակները և պատրաստ են համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ։

Վարչության պետ Արփինե Սարգսյանը ողջունեց գաղափարը՝ նշելով, որ պատրաստակամ են համագործակցել կազմակերպությունների հետ, քանի որ նմանատիպ վերասոցիալականացման ծրագրերը նպաստում են, որ անձը ձեռք բերի մասնագիտական հմտություններ և դրսևորի օրինապահ վարք։

Ելույթ ունեցան նաև դասընթացավարներ Նանար Գևորգյանը, Լարիսա Սարգսյանը և Սոնա Հովսեփյանը՝ իրենց խոսքում նշելով, որ հենց սկզբից ընդունել են կազմակերպության տեսլականը և կարևորրել են կին շահառուների հետ աշխատելը, որպեսզի փոխանցեն ոչ միայն իրենց գիտելիքները, այլ նաև փորձառությունը և գործնական հմտությունները։ Նրանք մասնակից կանանց կոչ արեցին ուժեղ ու համարձակ լինել, սկսել բիզնեսը, և հաջողությունը անպայման կժպտա։

Հայաստանում կանանց հիմնադրամի ծրագրերի համակարգող Սիրան Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց Իրավական նախաձեռնություների կենտրոնի հետ համագործակցությունը։ Հիմնադրամն աշխատում է խոցելի խմբի կանանց հետ և կարևորում է, որ իր գործընկերների շարքում կա կազմակերպություն, որը զբաղվում է ազատազրկված կանանց կամ պրոբացիայի կին շահառուների խնդիրներով: Նմանատիպ ծրագրերի ֆինանսավորումը հիմնադրամի համար առաջնահերթ է։

Ամփոփիչ ելույթով հանդես եկավ նախաձեռնություների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը: «Եթե հետագայում մեծ փոփոխություններ չլինեն ձեր կյանքում, վստահ եմ, որ այս երկու ամիսները սիրով կհիշեք, մեր դասընթացների մասին հիշելիս ձեր դեմքին ժպիտ կառաջանա: Մենք ուրախ ենք, որ ձեր կյանքում նոր ծանոթությունների, ընկերությունների առիթ դարձանք: Դուք ունեք բոլոր նախադրյալները՝ հաջողակ աշխատանք ունենալու համար: Հմտացել եք ամենապահանջված մասնագիտության մեջ, սովորել եք, թե ինչպես պետք է շփվեք հաճախորդների հետ, կառավարեք ժամանակն ու գրացումները, կատարեք ձեզ այս պահին անհրաժեշտ հաշվարկները, ունեք առաջին անհաժեշտության գործիքներն ու նյութերը: Մնում է միայն համարձակ ու վստահ լինել»,-ասաց Նարեն՝ հավելելով, որ ցանկացած դրական փոփոխություն սկսվում է առաջին հայացքից «մանրուք» թվացող երևույթներից:

Նշենք, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակված անձինք մինչև դատավճռով սահմանված կալանքի ժամկետի ավարտը գտնվում են պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո: Ծառայության շահառու են նաև դատարանի որոշմամբ պատիժն ազատության մեջ կրող դատապարտյալները։ Այսինքն՝ պրոբացիայի շահառուներն ազատության մեջ են և չունեն այն սահմանափակումները, ինչ բանտում գտնվող անձինք: Սակայն պրոբացիայի շահառուներն արժանանում են հասարակության նույն վերաբերմունքին, ինչ ազատազրկման վայրերում գտնվող անձինք:

Այս առումով առավել խոցելի են կանայք, քանի որ առկա խնդիրներին ավելանում է նաև աշխատաշուկայում կանանց նկատմամբ գենդերային խտրականությունը: Հետևանքը լինում է այն, որ անձինք կորցնում են աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը և աշխատելու մոտիվացիան՝ դուրս մնալով տնտեսական գործունեությունից: Դա իր հերթին բացասաբար է անդրադառնում պրոբացիայի շահառուների և նրանց ընտանիքների նյութական բարեկեցության վրա: Իսկ սոցիալական, հոգեբանական և իրավական աջակցության, ինչպես նաև վերասոցիալականացման ծրագրերի առկայության դեպքում պրոբացիայի շահառուներն ավելի հեշտ կարող են ինտեգրվել հասարակությանը։

Խնդրի լուծման նպատակով Իրավական նախաձեռնությունների կենտրոնը 2021թ.-ի հուլիսից իրականացրել է «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» ծրագիրը, որը ֆինանսավորել է Հայաստանում կանանց հիմնադրամը:

Ծրագրի շրջանակներում պրոբացիայի 7 կին շահառուի համար անցկացվել են մատնահարդարման, վարսահարդարման երկամսյա և գործարար հմտությունների զարգացման եռօրյա դասընթացներ։ Դասընթացների ավարտին վկայականների հետ միասին կանանց տրվել են նաև աշխատանքային գործիքներ։ Դա կօգնի, որպեսզի նրանք կարողանան աշխատել և ֆինանսական եկամուտ ունենալ:

Ծրագրի փակման միջոցառման ժամանակ կազմակերպության կողմից շնորհակալագրեր են տրվել Պրոբացիայի ծառայությանը՝ ծրագրի շրջանակներում կազմակերպության հետ արդյունավետ ձևով համագործակցելու և ծրագրի իրականացմանն աջակցելու համար, իսկ դասընթացավարներին՝ կազմակերպության հետ համագործակցելու և դասընթացները վարելու համար։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.