Այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի, Ծառայության ղեկավար անձնակազմի, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամների մասնակցությամբ:
Հանդիպմանը մասնակցել է նաև խմբի անդամ, Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:
Քննարկվել են խմբի գործունեության ընթացքում հայտնաբերված թերությունները, դրանց լուծման ուղիները և ժամկետները, քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացման հեռանկարները:
Այդ համատեքստում կարևորվել են դատապարտյալների զբաղվածության ստեղծման հնարավորությունները, քրեակատարողական ծառայողների բավարար հմտությունների և գիտելիքների ապահովումը:
Անդրադարձ է եղել նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման խնդիրներին, մասնավորապես նկատվել է դրական տեղաշարժ քրեակատարողական հիմնարկների կողմից կրթական դասընթացների կազմակերպման և անցկացման գործընթացում:
Սերգեյ Ատոմյանն առանձնահատուկ շեշտադրել է խմբի առաքելությունն ու դերը ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավման գործում:
Երկուստեք նշվել է Քրեակատարողական ծառայության և խմբի միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը առաջացող խնդիրներն առավել արագ և արդյունավետ լուծելու տեսանկյունից:
Աղբյուրը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն