Skip to content Skip to sidebar Skip to footer

«Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագրով ցուցահանդես-վաճառք. ամփոփում

Դեռևս 2021 թվականի հունիսից «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Մարդիկ՝ ճաղերից այն կողմ․ ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել ազատազրկված անձանց, նրանց ընտանիքների և հասարակության միջև կապի ամրապնդմանը:

Ծրագրի շրջանակներում պատրաստվել է www.prisoninitiatives.am մեդիա հարթակը, որտեղ «Մարդիկ՝ ճաղերից այն կողմ» խորագրով տեսաֆիլմերի, «Նամակներ բանտից» և «Բանտային պատմություններ» խորագրով հոդվածաշարերի, «Հայացք ներսից» խորագրով ֆոտոպատմությունների միջոցով ներկայացվել են ազատազրկված անձանց պատմությունները, բանտային պայմաններին հարմարվելու դժվարությունները և այնտեղ անցկացված տարիների փորձառությունը:

Ծրագիրն ավարտվել է 2022 թվականի հունվարին, ինչի կապակցությամբ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը մարտի 11-ին կազմակերպեց «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագրով միջոցառում՝ ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքերի ցուցադրմամբ։

Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներից 27 դատապարտյալի (որից 3-ը՝ կին, 13-ը՝ ցմահ) և 3 կալանավորված անձի (որից 2-ը՝ կին, 1-ը՝ անչափահաս) գեղանկարչական, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված աշխատանքները՝ զարդատուփեր, գրչամաններ, գրքեր, գործված թաշկինակներ, գուլպաներ, անկողնային պարագաներ, թզբեխներ և այլ հուշանվերներ:

Դատապարտյալներից ոմանք մասնակցում են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի գեղագիտական կրթության դասընթացներին, ոմանք ներգրավվում են արհեստագործական աշխատանքներում, ոմանք ունեն ստեղծագործելու ունակություն և խցային պայմաններում ծնունդ են տալիս իրենց գաղափարներին։ Թեև միջոցները սուղ են, սակայն անձինք կարողանում են իրենց ներաշխարհը ստեղծագործությունների միջոցով արտահայտել: Իսկ հումքը կամ տրամադրվում է, կամ դատապարտյալներն են ձեռք բերում՝ կախված նրանից, թե ինչ աշխատանք են կատարում:  

Ցուցահանդես-վաճառքը կազմակերպության նախաձեռնությունն էր: Իր գաղափարի մասին կազմակերպությունը հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Ցուցակագրվել են այն դատապարտյալները, ովքեր իրենց աշխատանքները ներկայացնելու ցանկություն են հայտնել:

Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ այս ցուցահանդես-վաճառքը նպատակ ունի ոչ միայն փոխելու լայն հասարակության կարծիքն անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ, այլև միտված է խթանելու դատապարտյալների ստեղծագործական ձիրքը, գնահատելու գեղեցիկը զգալու, արարելու և ներկայացնելու նրանց անկեղծ ձգտումը, իսկ հասարակության վերաբերմունքն ու գնահատանքը կարող են լծակ դառնալ ազատազրկված անձանց համար՝ ամբողջովին փոխելու և վերանայելու իրենց կյանքը։  

Նարե Հովհաննիսյան
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ

«Մենք փորձում ենք միջոց լինել, այսինքն և՛ ստեղծագործությունները ներկայացնել հասարակությանը, որպեսզի մարդիկ տեսնեն, ճանաչեն, իրենց վերաբերմունքը փոխեն, և նաև օգնել, որպեսզի դատապարտյալները կարողանան իրենց աշխատանքը ներկայացնել լայն հանրությանը և իրենց աշխատանքով եկամուտ ունենալ, ինչը շատ կարևոր է նրանց համար»,-ընդգծեց կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը:

Ն. Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ստեղծագործություններն ազատազրկված անձանց և հասարակության միջև կապի ու հաղորդակցման ապահովման լավագույն միջոցներն են:

«Իրականում հասարակության և դատապարտյալների միջև խզումը կա, որովհետև բանտերը մարգինալացված են: Մյուս կողմից էլ դատապարտյալների մասին բացասական է խոսվում՝ շեշտը դնելով բանտերում տեղի ունեցած միջադեպերի վրա՝ հացադուլ, ինքնավնասում, կալանավորում: Բացի դրանից, բանտերի մասին խոսելով անընդհատ վերարտադրում ենք քրեական գործերին առնչվող պատմությունները՝ ավելի նպաստելով այդ կապի խզմանը, այսինքն՝  «կամուրջների այրմանը: Մենք մեր աշխատանքի ընթացքում նկատեցինք, որ հիմնական խնդիրները կապված են այդ կապի վերականգման և հասարակության վերաբերմունքի հետ: Բացի այդ, նման միջոցառումները սովորաբար տեղի են ունենում քրեակատարողական հիմնարկների ներսում, երբ հետաքրքրված անձինք չեն կարողանում գնալ այնտեղ: Մենք որոշեցինք աշխատանքները դուրս բերել քրեակատարողական հիմնարկից՝ բոլոր հետաքրքրվողներին մասնակցելու հնարավորություն տալով: Ստեղծագործությունների մեջ մարդիկ դնում են իրենց հույզերը, երևակայությունը, իրենց պատկերացումները, ակնկալիքները, գույների իրենց համադրությունը: Եվ եթե աշխատանքի նկատմամբ հասարակության որևէ անդամ դրական հույզ կամ էմոցիա է զգում, ապա ինչ-որ բան փոխվում է դատապարտյալի նկատմամբ: Հետևաբար կարծում ենք, որ նման նախաձեռնությունների միջոցով է հնարավոր նպաստել վերաբերմունքի փոփոխությանը և կապի ամրապնդմանը»,-մանրամասնեց Ն. Հովհաննիսյանը:

Նարե Հովհաննիսյան
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ

Ցուցահանդեսին ներկա էին հյուրեր միջազգային կազմակերպություններից և դիվանագիտական կառույցներից, Արդարադատության նախարարությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկների վարչական աձնակազմի անդամներ, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ու «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ների և քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների ներկայացուցիչներ, պետական և մասնավոր բուհերի ուսանողներ, արվեստագետներ, դատապարտյալների հարազատներ և նախկին դատապարտյալներ:

«Կարևոր է, որ այս միջոցով դատապարտյալները հաղորդակից լինեն դրսի կյանքին, ազատության մեջ գտնվողներն էլ՝ հաղորդակից լինեն նրանց կյանքին և կենցաղին։ Սա հնարավորություն է տալիս ապահովել կարևոր բաղադրիչը՝ դատապարտյալների վերասոցիալականացվելը: Բացի այդ, շատ դատապարտյալներ որակյալ աշխատանքներ են կատարում, որոնց իրացումը և գումարի փոխանցումը դատապարտյալներին շատ կարևոր նշանակություն ունեն»,-ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը՝ նշելով, որ իրենք նախաձեռնությանն աջակցել են քրեակատարողական հիմնարկներ մուտքի ապահովման և դատապարտյալների իրազեկման հարցերում։

Պետությունը, հիշեցրեց Թադևոսյանը, որդեգրել է պատժողական քաղաքականությունից անցում դեպի վերասոցիալականացման քաղաքականություն և այս միջոցառումը դրան նպաստող կարևոր իրադարձություն է։ Ծ. Թադևոսյանը նախաձեռնությանն անձամբ իր ներդրումն ունեցավ՝ գնելով դատարպատյալներից մեկի աշխատանքը՝ գունեղ լուսամփոփ, որը, հավանաբար, տեղ կգտի կա՛մ իր աշխատասենյակում, կա՛մ տանը։

Ծովինար Թադևոսյան
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի
ՍՀԻԱ բաժնի պետ

ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների գծով տեղակալ Հեղինե Մարտիրոսյանը նշեց.

«Ես շատ հետաքրքիր լամպ եմ գնել, ապակուց պատրաստված, ինձ դուր եկավ: Իմ կարծիքով՝ ճաշակով է: Դատապարտյալը բավականին նորմալ գնահատել էր իր աշխատանքը: Բայց շատ ուրիշ հետաքրքիր աշխատանքներ էլ կան, հետաքրքիր իրեր կան, շատ ճաշակով, որ կարելի է վերցնել: Օրինակ, այս զարդատուփերից կուզենայի վերցնել: Գումարը գնալու է ստեղծագործող դատապարտյալներին, իսկ նրանք դրանով և հումք կարող են գնել, և նյութեր վերցնել, և շարունակել ստեղծագործել: Վերջապես դատապարտյալը վաղ թե ուշ վերադառնալու է հասարակություն: Մեր այս քայլը ոնց որ օգնություն լինի, որ մարդիկ կարողանան դուրս գալուց հետո ինտեգրվել հասարակությանը»:

Հեղինե Մարտիրոսյան
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի տեղակալ

ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանի խոսքով՝ ինչպես քրեակատարողական, այնպես էլ պրոբացիայի ծառայության կարևոր ուղղություններից մեկը վերասոցիալականացումն է, որը միտված է դատապարտյալների ուղղմանը և ավելի հեշտ ու արդյունավետ  վերաինտեգրմանը հասարակություն, իսկ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս սերտացնել ազատազրկված անձանց և հասարակության կապը, ազատազրկված անձին տեսնել այլ տեսանկյունից։

«Կուզենայի նաև նշել, որ  նմանատիպ միջոցառումները  միշտ կազմակերպվել են քրեակատարողական  հիմնարկներում, և լայն հասարակությունը չի կարողացել մասնակից լինել: Այս առումով ևս կցանկանայի նշել այս միջոցառման ինքնատիպությունը և կարևորությունը»-ավելացրեց Ս. Մուղդուսյանը:

Սիրարփի Մուղդուսյան
ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության
Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ

Միջոցառմանը ներկա էր նաև փաստաբան, միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը: Նա նշեց, որ խիստ ցանկալի է, որպեսզի յուրաքանչյուր դատապարտյալ ունենա զբաղմունք, կարողանա արտադրել գեղեցիկ առարկաներ, և դրանք պահանջված լինեն:

«Պետք է եկամուտ ունենան, կարողանան հոգալ իրենց առօրյա ծախսերը: Շատերն ունեն նաև նյութական պարտավորություններ թե ալիմենտների, թե քաղաքացիական հայցերի շրջանակներում: Լավ կլինի, որ դրանով կարողանան նաև այդ ծախսերը կատարել: Բացի դրանից, մենք այսպիսով նաև հույս ենք տալիս դատապարտյալներին, որ իրենք կարող են իրենց ազնիվ աշխատանքով ստանալ վարձատրություն և հետ կանգնել հանցավոր գործունեությունից»,-շեշտեց Դ. Թումասյանը:

Դավիթ Թումասյան
Միջազգային փորձագետ

Ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, ասաց, որ այս ցուցահանդեսը շատ լավ առիթ է դատապարտյալների ստեղծագործական աշխատանքներին ծանոթանալու համար:

«Լուսամփոփ էի ուզում գնել, բաց թողեցի առիթը: Ընտրեցի սև կարապ: Ուզեցի պարզապես այնպիսի բան գնեմ, որ տան մեջ ինչ-որ տեղ դրվի: Ինչպես որ մյուս նկարիչների կամ քանդակագործների պատրաստած իրերն ենք տան մեջ ինչ-որ տեղ դնում, դատապարտյալների աշխատանքները ևս պետք է տեղ ունենան և ուշադրության արժանանան»,-նշեց ազգագրագետը:

Նիկոլ Մարգարյան
Ազգագրագետ

Ցմահ դատապարտյալ Աշոտ Կիրակոսյանի մայրը պատմեց, որ իր որդին սկսել է նկարել բանտարկվեուց հետո՝ «Նուբարաշեն»-ում: Նախ մատիտով է նկարել, հետո՝ յուղաներկով: Բայց քանի որ այնտեղ խցում 4 հոգով էին, յուղաներկի հոտն ազդում էր մնացածների վրա: «Արմավիր»-ում ավելի լավ պայմաններ են, որոնք չեն խոչընդոտում ստեղծագործելուն: Նրա խոսքով՝ սա և՛ զբաղվածություն է իր որդու համար, և՛ խրախուսում, որպեսզի շարունակի լավ գործեր անել և լցնել իր ազատ ժամանակը: Նա հույս ունի, որ այդ աշխատանքները կգնահատվեն և ազդեցություն կունենան հատկապես ցմահ դատապարտյալների պատժի հետագա կրման վրա:   

Միջոցառումը մարդաշատ էր, ինչը խոսում է այն մասին, որ ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքները հետաքրքրել են մարդկանց: Ներկայացված աշխատանքներից ամենաշատը գնվել են կավից պատրաստված տարաբնույթ գործերը, թզբեխները, նկարները և զարդերը: Այցելուների ուշադրությունից չեն վրիպել արհեստական ծաղիկները, այլ նյութերից պատրաստված զարդատուփերը և վիտրաժ-լուսամփոփները: Գնվել է նաև է 3 գիրք, որից 2-ը՝ բանաստեղծական ժողովածու, իսկ 1-ը՝ փայտե կազմով Աստվածաշունչ: Քիչ են գնվել հիմնականում ձեռագործ աշխատանքները:

Ցուցահանդես-վաճառքին ներկայացված աշխատանքների գները սահմանել էին հեղինակները, որոնց և փոխանցվել է ողջ հասույթը: Կազմակերպությունը շահույթ չի հետապնդել: Ազատազրկված անձինք իրենց ստեղծագործական աշխատանքներով 416,800 դրամ են աշխատել, որը, ըստ ՔԿՀ-ների, ունի հետևյալ պատկերը.

  • «Աբովյան»՝ 20,000 ՀՀ դրամ,
  • «Արմավիր»՝ 372,300 ՀՀ դրամ,
  • «Նուբարաշեն»՝ 14,500 ՀՀ դրամ,
  • «Սևան»՝ 10,000 ՀՀ դրամ:

Ազատազրկված անձանց համար դա մեծ ձեռքբերում էր, քանի որ կկարողանան ստացված գումարով իրենց կարիքներն ինքնուրույն հոգալ և վայելել իրենց աշխատանքի պտուղները։ Օրինակ, կազմակերպության ունեցած տեղեկություններով՝ կալանավորված անչափահաս տղան ցանկանում է իր աշխատած գումարը փոխանցել ընտանիքին։ Ոմանք արդեն հասցրել են այդ գումարով գնումներ կատարել: Ճիշտ է, ընտանիքներն ու հարազատներն աջակցում են, և գումար են փոխանցում, և հանձնուք, սակայն, դատապարտյալների փոխանցմամբ, իրենց աշխատած գումարով ինչ-որ բան գնելն այլ զգացողություն է պատճառում: Ոմանք ցանկանում են իրենց գումարը փոխանցել հաշմանդամություն ունեցող զինվորներին, ոմանք էլ պատրաստվում եմ հումք գնել։

 

 

Ցուցահանդես-վաճառքին զուգահեռ կազմակերպությունը նաև ֆոտոարշավ էր նախաձեռնել, որին ներկաները մասնակցեցին՝ ընտրելով իրենց նախընտրած ուղերձը՝ «Դատապարտի՛ր արարքը, ոչ թե մարդուն», «Ձեռքս բռնի՛ր, հասարակություն, ինձնից երես մի՛ դարձրու», «Փոխի՛ր վերաբերմունք, փոխի՛ր կյանքեր», «Երբեմնի բանտարկյալ, բայց մարդ՝ ընդմիշտ»։

Միջոցառման ավարտից հետո կազմակերպությունը ցուցահանդես-վաճառքի բոլոր մասնակիցներին վկայականներ է տրամադրել: 

Մարտի 25-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը հյուրընկալվել էր ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում, որի գրադարանը սովորականի նման մարդաշատ էր։ Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին ցուցահանդես-վաճառքին մասնակցած գրեթե բոլոր դատապարտյալները: Նրանք դիտեցին միջոցառման տեսանյութերը և տարբեր լրատվամիջոցների պատրաստած ռեպորտաժները և իրենց կարծիքներն արտահայտեցին միջոցառման մասին:

Ն. Հովհաննիսյանը դատապարտյալներին տրամադրեց չվաճառված աշխատանքները և վաճառված աշխատանքներից գոյացած գումարների բանկային փոխանցման ստացականները։ Եվ, ամենակարևորը, նրանց հանձնեց մասնակցության վկայականները։

Ավելացնենք, որ միջոցառումը լայնորեն լուսաբանվել է մամուլում, ինչը շատ կարևոր է, քանի որ վստահ ենք՝ այս ցուցահանդես-վաճառքը կփոխի ազատազրկված անձանց կյանքը և կօգնի գնահատել նրանց՝ գեղեցիկը զգալու, արարելու և ներկայացնելու անկեղծ ձգտումը: Չէ՞ որ հայտնվելով ճաղերից այն կողմ՝ նրանք որոշակի ժամկետով կամ ցմահ կորցրել են իրենց ազատությունը, բայց չեն կորցրել ստեղծագործելու ձիրքը և մի օր նորից ազատության մեջ հայտնվելու երազանքը:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.