Skip to content Skip to sidebar Skip to footer

Ջուրեմոնիա հարթակի հերթական հանդիպմանը ներկայացվել են 2019-2023թթ․ դատաիրավական և 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ոլորտների ռազմավարությունների հետազոտության արդյունքները

2023 թվականի մարտի 31-ին տեղի ունեցավ Ջուրեմոնիա հարթակի անդամների երրորդ հանդիպումը, որն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող JUREMONIA ծրագրի շրջանակում:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն անդամակցում է հարթակին։ 

Հանդիպմանը քննարկվեցին Հարթակին անդամակցելու համար նոր կանոնակարգային մոտեցումների մշակման հարցերը։

Ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը (դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներ) հարթակի անդամներին ամփոփ ներկայացրեց իրականացված ելակետային հետազոտությունները, որոնք վերաբերում են 2019-2023 թվականների դատաիրավական և 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ոլորտների ռազմավարություններին։

Փորձագետը նշեց, որ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության հիման վրա մշակվել են 103 գործողությունների և ենթագործողությունների ծրագրեր, որի միայն 32%-ն է իրագործվել 2019-2021 թվականների ընթացքում։

Ավելացվել են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները.

  • Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով,
  • Լիազոր մարմին (ՀՀ արդարադատության նախարարություն),
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ)՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում։

Նախատեսվել է Դատավորների ընդհանուր ժողովի, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի և Գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովի ձևավորման նոր կարգ: Այս բարեփոխումը ընդունելի է եղել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Սակայն հանձնաժողովը հայտնել է մտահոգությունններ, մասնավորապես․

  • Կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է բացառապես դատավորներից, ինչը կարող է առաջացնել կորպորատիվ մոտեցում որդեգրելու ռիսկ։ Որպես այս ռիսկի չեզոքացման հնարավոր տարբերակ՝ հանձնաժողովը առաջարկել է Կարգապահական հարցերի հանձնաժողովում ունենալ բալանսավորված կազմի մոտեցում՝ դատավոր և ոչ դատավոր անդամների ներգրավվածությամբ։
  • Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության վիճակագրությունը հանրությանը հասանելի չէ։ Կատարված հետազոտական աշխատանքները վկայում են այն մասին, որ հանձնաժողովին ներկայացված դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու մասին հաղորդումների ճնշող մեծամասնությունը մերժվում է հանձնաժողովի կողմից: Մերժման մասին հաղորդում ներկայացրած անձանց տրամադրվում է գրություն, որը պատճառաբանված չէ, և հաղորդում ներկայացրած անձը օբյեկտիվորեն զրկված է պատճառաբանված որոշում ստանալու հնարավորությունից։ Սա էլ իր հերթին հնարավորություն չի տալիս իրականացնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության նկատմամբ պատշաճ և արդյունավետ հանրային վերահսկողություն, ինչպիսի պայմաններում չի ապահովվում նաև հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը։

Ըստ ռազմավարության՝ պետք է իրականացվեր դատավորների և նրանց աշխատակազմի համաչափ վարձատրություն, դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի ավելացում: Սակայն կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորին տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60%-ի չափով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին և վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորներին՝ պաշտոնային դրույքաչափի 55%-ի չափով։ Փաստացի, կատարված գործողությունը վերաբերում է թվարկված սահմանափակ թվով դատավորների, այնինչ Ռազմավարությունը նման սահմանազատում չի նախատեսում և ենթադրում է բոլոր դատավորներին համաչափ վարձատրություն։

Դատավորների թվաքանակի ավելացումը մեծամասամբ իրականացվել է մասնագիտացված դատարաններում։ Մասնավորապես, ավելացվել է հակակոռուպցիոն և մինչդատական վարույթի վերաբերյալ գործերով մասնագիտացված դատավորների թիվը։ Այս ամենի արդյունքում, դեռևս շարունակվում է չլուծված մնալ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, մարդու արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրականացումը։ Ավելին, գործող դատավորների աշխատակազմերում թվակազմի ավելացում տեղի չի ունեցել։

Դատավորների բարեվարքության ստուգումներ անցկացնելու համար առանձին ընթացակարգ է սահմանվել ԿԿՀ մասին օրենքի 26.1 հոդվածով։

Սակայն, Դատավորների բարեվարքության եզրակացությունները հասանելի չեն: Անհնար է գնահատել այս գործառույթի արդյունավետությունը, իրականացնել արդյունավետ հանրային վերահսկողություն և վերլուծել, թե տրամադրված եզրակացություններից (լինի այն դրական, թե՝ բացասական) քանիսն են հաշվի առնվել որոշումների կայացման ժամանակ, և դրանք ինչքանով են ամբողջական տեղեկություններ պարունակում թեկնածուի բարեվարքության վերաբերյալ։

Իրավական համակարգի բարեփոխումներում նախատեսված են եղել երկու ուղղությամբ գործողություններ` Դատախազության համակարգի բարեփոխում և Քննչական մարմինների բարեփոխում։

Օրենսդրական բարեփոխումների ներքո ամփոփվել են քրեական և քրեադատավարական, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, վարչական արդարադատության և վարչական վարույթի բարեփոխումները։

Արդարադատության օժանդակմանն ուղղված համակարգերի ներքո ներկայացված են եղել նպատակներ, որոնք վերաբերել են սնանկության, վեճերի լուծման այլընտրանքային համակարգերին։

ՀՀ չորրորդ՝ 2019-2022 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության հիման վրա մշակվել է դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որտեղ իրականացման ենթակա գործողությունները ներկայացված են հինգ ոլորտներում՝ ներառելով ընդհանուր թվով 48 գործողություն, որոնցից

  1. 6-ը՝ Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման,
  2. 25-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման,
  3. 10-ը՝ Կոռուպցիոն գործերի քննության,
  4. 6-ը՝ Հանրային իրազեկման և հակակոռուպցիոն կրթության,
  5. 1-ը՝ Մշտադիտարկման, հսկողության և դրա վերաբերյալ հանրային հաղորդակցության ոլորտներում։

Ընդհանուր առմամբ, Ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագրի կատարողականը հետազոտության ժամանակահատվածում գնահատվել է «միջին»՝ հաշվի առնելով, որ ամբողջությամբ կատարված գործողությունների մասնաբաժինը ցածր է 50%-ից, իսկ մասնակի կատարված գործողությունների մասնաբաժինը մոտ է 50%-ին։

Ռազմավարությունում Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը ներառել է․

  • Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում,
  • Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծում,
  • ՀՀ Գլխավոր դատախազությունում հակակոռուպցիոն ստորաբաժանումների ստեղծում։

Կոռուպցիայի կանխարգելում ոլորտում իրականացվել է բարեվարքության ստուգման գործիքների ներդրում և Ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում։

Կոռուպցիոն գործերի քննության ոլորտի ներքո ռազմավարությամբ նախատեսված գործողությունները ուղղված են եղել կոռուպցիոն գործերի քննությանը, որը, ի թիվս այլնի, ներառում է հետևյալ գործողությունները.

  • ՀՀ քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցում,
  • ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերի միջազգային չափանիշների համապատասխանության հարցի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում կոռուպցիոն հանցագործությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննության մեթոդիկայի մշակում, մշակված մեթոդիկայի հիման վրա քրեական հետապնդման մարմինների վերապատրաստում;
  • Կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրության համալրում,
  • Պետական մարմինների էլեկտրոնային բազաներին քրեական հետապնդման մարմինների հասանելիության ապահովում էլեկտրոնային հարցման եղանակով,
  • Կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ներդրում։

Հանրային իրազեկում և հակակոռուպցիոն կրթություն ոլորտի ներքո ռազմավարությամբ նախատեսված գործողությունները ուղղված են հանրային իրազեկմանը և հակակոռուպցիոն կրթությանը, որը, ի թիվս այլնի, ներառել է․

  • Հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում, հաստատում և իրականացում,
  • «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում բոլոր բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում,
  • Քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, վերապատրաստումների իրականացում՝ այդ թվում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության, «Մարդու իրավունքներ» թեմայով։

Մշտադիտարկում, հսկողություն և դրա վերաբերյալ հանրային հաղորդակցություն ոլորտի ներքո ռազմավարությամբ նախատեսված է եղել 1 գործողություն, այն է՝ կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում։

Աղբյուրը՝ juremonia.am

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.