Skip to content Skip to sidebar Skip to footer

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանի «Հայբուսակ» համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն

«Իրավական նախաձեռնություններ կենտրոն» ՀԿ-ի և Երևանի «Հայբուսակ» համլսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում 2023 թվականի մարտի 23-ին ճանաչողական այց կատարվեց ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն։

Պատվիրակության կազմում էին «Իրավական նախաձեռնություններ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանի Որակի և զարգացման գծով պրոռեկտոր Հրաչյա Կաժոյանը, Որակի և զարգացման կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև դասախոսներ և ուսանողներ համալսարանի «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտից և «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայից։

Հյուրերին ընդունեց ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը։ Նա դրական գնահատեց ուսանողների հետաքրքրվածությունը ոլորտով և ողջունեց համագործակցության գաղափարը՝ հավելելով, որ ծառայությունը բաց է համագործակցության համար։

«Շատ քչերն են հավատում, որ մարդը կարող է փոխվել։ Էական չէ՝ պետական ծառայող ես, թե հասարակական գործունեություն ծավալող անձ, եթե չես հավատում քո կատարած աշխատանքին, անհրարին է, որ այն դրական արդյունք կտա։ Պրոբացիայի ծառայողները շատ հաճախ կրկնահանցագործություն կատարած անձանց հետ են աշխատում, ռիսկը, որ նրանք չեն փոխվի, միշտ կա։ Բայց կարևորն անձի փոխվելու նկատմամբ հավատն է։ Եթե չենք հավատում, որ կարող ենք անձին փոխել, ուրեմն զրոյական են աշխատանքը և դրա համար ներդրված ռեսուրսները։ Այս առումով շատ ուրախ եմ, որ համագործակցությունը գաղափարակից անձանց է համախմբել միմյանց շուրջ»,-նշեց Գևորգ Սիմոնյանը։

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը նշեց, որ կազմակերպությունը համագործակցության հուշագիր է կնքել համալսարանի հետ։ Այդ համատեքստում կարևորում է կրթական հաստատություն-պրոբացիայի ծառայություն համագործակցությունը, ինչը կօգնի, որպեսզի ուսանողները՝ որպես ապագա մասնագետներ, ծանոթանան պրակտիկ խնդիրների հետ։ Դա հետագայում կնպաստի, որպեսզի նրանք որակյալ և արհեստավարժ մասնագետներ դառնան։

Երևանի «Հայբուսակ» համալսարանի Որակի և զարգացման գծով պրոռեկտոր Հրաչյա Կաժոյանը ներկայացրեց պրոբացիայի ծառայություն-համալսարան համագործակցության ակնկալիքները։ Նշեց, որ նախատեսում են հետաքրքրված ուսանողների մասնակցությամբ հետազոտություն իրականացնել, ինչը հնարավորություն կտա միջառարկայական կապերն ամրապնդել, ոլորտային խնդիրներն ուսումնասիրել, նաև ապագա մասնագետների կայացմանը նպաստել։

«Մենք գրեթե նույն տրամաբանությամբ ենք աշխատում, բայց կրթության ոլորտում։ Մենք վերցնում ենք սովորական մարդուն և կրթության միջոցով նպաստում ենք նրա՝ պետության համար պիտանի մարդ դառնալուն»,-ամփոփեց Հր․ Կաժոյանը։

Պրոբացիայի ծառայության պետը հյուրերին ներկայացրեց ծառայության հիմնական գործառույթները։ Ծառայությունն ապահովում է ազատությունից չզրկելու հետ կապված պատիժների և խափանման միջոցների կատարումը (տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, տնային կալանք, վարչական հսկողություն) և ծառայությունում հաշվառված շահառուների վարքի վերահսկողություն է իրականացնում այն դեպքերում, երբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են, պատժի կրումը հետաձգվել է կամ երբ անչափահասներն ազատվել են քրեական պատասխանատվությունից և նրանց նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանիքի միջոցներ են կիրառվել: Նաև ավելացրեց, որ պրոբացիայի ծառայությունը պատիժ կատարող կառույց է և պատժի խստացման վերաբերյալ միջնորդություններ ևս ներկայացնում է։

«Դատարանն այլընտրանք է տվել անձին, հետևաբար իր կատարածի դիմաց այլընտրանքային պատժի կատարմանը մենք շատ խիստ ենք վերաբերվում»,-նշեց Սիմոնյանը։

Գևորգ Սիմոնյանը նշեց, որ ծառայությունը 2016 թվականից է գործում, բայց աշխատանքի արդյունավետությունը տարեցտարի տեսանելի է դառնում, քանի որ ծառայության ներդնումը պետության համար մի քանի տեսանկյունից էր արդյունավետ։ Նախ, անձին քրեակատարողական հիմնարկում պահելը ծախսատար է պետության համար։ Երբ այդ գործառույթը ծառայությանն է տրվում, անձն ազատության մեջ է լինում և հնարավորություն է ունենում աշխատել, գումար վաստակել, այսինքն՝ իր կեցության ծախսն ինքն է հոգում։ Մյուս կողմից կանխում է անձի հոգեբանական վիճակի վատթարացումը, քանի որ ազատազրկումը մի շարք բացասական հետևանքներ է թողնում անձի և նրա ընտանիքի վրա, ինչը բարդացնում է հետագա ռեաբիլիտացիայի շրջանը։

Ինչպես վերահսկողության, այնպես էլ պատժի կրման փուլում գտնվող շահառուների շրջանում կրկնահացնագործության միտումները ցածր են, ինչը ևս, Գ․ Սիմոնյանի դիտարկմամբ, պրոբացիայի ծառայության ներդրման և աշխատանքի արդյունավետության կարևոր ցուցիչ է։

Նա անդրադարձավ էլեկտրոնային հսկողությանը, որը 2023 թվականի հունվարից է ներդրվել և ապահովում է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառումը։

«Տրամաբանությունն այն է, որ անձի նկատմամբ սահմանափակումներ կիրառվեն ազատության պայմաններում, այլ ոչ թե քրեակատարողական հիմնարկում։ Արդյունավետությունը ժամանակը ցույց կտա, բայց կարևորն այն է, որ մենք լուծենք գերխնդիրը՝ անձին չմեկուսացնենք հանրությունից, ընտանիքից»,-բացատրեց Գ․ Սիմոնյանը։

Նա ներկայացրեց շահառուների վերասոցիալականացման գործընթացը։ Այս համատեքստում պրոբացիայի ծառայությունը գնահատում է շահառուների ռիսկերը և կարիքները և միջամտություններն այնպես է կատարում, որպեսզի անձը հակաօրինական վարք չդրսևորի։

«Մեր նպատակն է աջակցել և անձին մենակ չթողնել, որպեսզի նա իրեն վերագտնի հասարակության մեջ։ Դա արվում է փաստաթղթերի ձեռքբերման հարցում աջակցությունից մինչև գործատուների հետ բանակցություններ։ Այսինքն՝ բացահայտում ենք ռիսկային գործոնները և աշխատում այնպես, որ այդ գործոններից որևէ մեկի պատճառով անձը կրկին հանցագործություն չկատարի»,-նշեց Գ․ Սիմոնյանը։

Պրոբացիայի ծառայության պետը նշեց, որ առաջին անգամ Հայաստանում բացվել է ուսումնական կենտրոն։ Նպատակն է շահառուներին օգնել, որպեսզի նրանք պետության հաշվին մասնագիտական հմտություններ սովորեն։ Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ նմանատիպ դասընթացներ կազմակերպվել են, սակայն սահմանափակ թվով շահառուների համար։ Նպատակն է այդ առումով ևս ծավալներն ընդլայնել, ուսումնական կենտրոններ բացել այլ մարզերում և քաղաքաներում, ավելի շատ մարդկանց օգնել։

«Անձը, ով չի ունեցել որևէ հմտություն, կարող է դառնալ լավ դերձակ, լավ փայտագործ, վարսավիր, մատնահարդար, ինչը ենթադրում է, որ նա կարող է իր եկամտի հարցը կարգավորել»,-նշեց Գ․ Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է աշխատաշուկայում խտրականությանը, ապա դա անխուսափելի է։ Սակայն ծառայության նպատակն է գործատուի մեջ վստահություն առաջացնել շահառուի նկատմամբ։ Այս առումով ևս դրական արդյունքներ կան։ Լինում են դեպքեր, երբ գործատուները որոշ ժամանակ հետո չեն էլ հիշում, որ անձը դատապարտյալ է։

Հանդիպման ավարտին ուսանողները մի շարք հարցեր ուղղեցին պրոբացիայի ծառայության պետին, որոնք վերաբերում էին անչափահասների նկատմամբ կիրառվող վերահսկողությանը, շահառուների շրջանում կրկնահանցագործություն կատարելու միտումներին, տնային կալանքի կիրառման մեխանիզմներին, գործնականում արձանագրված խնդիրներին այն դեպքում, երբ, օրինակ, անձը մշտական բնակության հասցե չունի, շահառուների հետ կատարվող հոգեբանական աշխատանքներին, աշխատաշուկայում նրանց նկատմամբ դրսևորվող հնարավոր խտրականությանը, հանրային աշխատանքների ձևով պատիժը կատարելուն, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաինտեգրման առանձնահատկություններին։

Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին՝ ծանոթանալով վերասոցիալականացման և վերականգնողական, ինչպես նաև Էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինների գործառույթներին։ 

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը նշեց, որ բաժինը 2022 թվականին է ստեղծվել և զբաղվում է շահառուների վերասոցիալականացման գործընթացով և միևնույն ժամանակ աջակցություն է տրամադրում մարզային մարմիններին: Մուղդուսյանի դիտարկմամբ՝ վերասոցիալականացման գործընթացը կենտրոնացված է մայրաքաղաքում, հետևաբար կարևոր է, որպեսզի մարզերը դուրս չմնան։

Ս․ Մուղդուսյանը ներկայացրեց բաժնի աշխատանքային պայմանները, ներկայացրեց հոգեբանի սենյակը, որտեղ պրոբացիայի շահառուների հետ տարվում են հոգեբանական աշխատանքներ։ Անդրադարձավ բաժնի հիմնական գործառույթներին՝ մանրամասն ներկայացնելով շահառուների նկատմամբ վերահսկողության իրականացման մեխանիզմները, մասնավորապես պայմանական վաղաժամկետ ազատված՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերահսկողության առանձնահատկությունները, շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործընթացը, նրանց հետ տարվող հոգեբանական աշխատանքը և դրա նպատակը, անչափահաս շահառուների հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, վերաինտեգրման՝ սեռով և տարիքով պայմանավորված  առանձնահատկությունները, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված անձանց համար զեկույցների կազմման գործընթացը։  

Անդրադառնալով վերասոցիալականացման գործընթացին՝ Սիրարփի Մուղդուսյանը նշեց, որ պրոբացիայի ծառայությունն առանձին բյուջե չունի, ինչը նշանակում է, որ վերասոցիալականացման միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցներ չունի։ Այդ նպատակով համագործակցում է պետական և հասարակական կազմակերպությունների հետ։ Պետական կառույցը, որի հետ ծառայությունը կայուն ձևով համագործակցում է, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը տարաբնույթ դասընթացներ է իրականացնում շահառուների համար՝ կահույքագործության և կարի հիմունքներ, վարսավիրական և կոսմետոլոգիական հմտություններ, անգլերեն լեզու, համակարգչային հմտություններ։ Մանրամասնեց, որ դասընթացների մեջ ներգրավելիս առաջնահերթությունը տրվում է այն շահառուներին, ովքեր դատարանի կողմից ունեն պարտականություն։ Այսինքն՝ դատարանը փորձաշրջան է կիրառել, օրինակ, պատիժը պայմանականորեն չի կիրառել կամ պայմանական վաղաժամկետ ազատել է, վերասոցիալականացման միջոցառումներին մասնակցելու պարտականություն է դնում անձի վրա։

2023 թվականից ներդրվել է էլեկտրոնային հսկողության մեխանիզմը, որի միջոցով պրոբացիայի ծառայությունն ապահովում է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կատարումը։

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի Էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը հյուրերին ծանոթացրեց էլեկտրոնային հսկողությանը, դրա կիրառմանը, տեսակներին, խնդիրներին և առանձնահատկություններին։ Մանրամասն անդրադարձ կատարեց էլեկտրոնային հսկողության կիրառումն ապահովելու համար տեխնիկական վերազինմանը, մարդկային ռեսուրսների համալրմանը, մինչև այժմ արձանագրված խախտումներին և նմանատիպ դեպքերում պրոբացիայի ծառայության գործառույթներին։ 

Ուսանողներին հետաքրքրում էր տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման և դրանով պայմանավորված սահմանափակումների տարբերությունը։ Բաժնի պետը նշեց, որ տնային կալանքի դեպքում դատարանը որոշում է, որ անձը պետք է տնից դուրս չգա, քանի որ իր դուրս գալը կարող է խոչընդոտել քրեական գործի նախաքննությանը։ Դրանով պայմանավորված՝ սահմանափակվում են անձի ուսումը, աշխատանքը և այլ հնարավորությունները։ Վարչական հսկողության դեպքում սահմանափակումներ են կիրառվում տեղաշարժի նկատմամբ, որը կարող է ներառել կոնկրետ տեղանք՝ բնակավայր, շենք և այլն։  

Հարց հնչեց, թե ինչպես է կիրառվում տնային կալանքն այն դեպքում, երբ անձը բնակարանում վարձակալական հիմունքներով է ապրում կամ բնակարան չունի։ Նշվեց՝ պարտադիր չէ, որ տունը անձի սեփականը լինի։ Նա կարող է ներկայացնել վարձակալած կամ հարազատի բնակարանի հասցե։ Եթե բնակության հասցե չունի, այդ մասին պրոբացիայի ծառայությունը տեղեկացնում է դատարանին՝ նշելով, որ հնարավոր չէ տեղը ֆիքսել, ըստ այդմ դատարանը որոշումը փոխում է։ Եղել է դեպք, երբ տնայինը կալանքը փոխվել է վարչական հսկողության, որպեսզի չֆիքսվի, թե անձը որտեղ է ապրում։ Դա կախված է կատարված արարքի ծանրությունից։ Ըստ այդմ՝ կալանավորում խափանման միջոցը կարող է կիրառվել։ Իսկ այն դեպքում, երբ անձը քննչական գործողությունների մասնակցելու համար է խախտում կարգը, պրոբացիայի ծառայության կողմից խախտումն արձանագրվում է և ուղարկվում է քննիչին, ով որոշում է տվյալ խախտման իրավաչափությունը։

Ամփոփելով՝ Էդգար Ալեքսանյանը նշեց, որ բաժնի աշխատակիցներն ամենօրյա կապի մեջ են շահառուների հետ, ովքեր բազմաթիվ հարցեր են ունենում, քանի որ մեխանիզմը նոր է ներդրվել։

Ճանաչողական այցի շրջանակներում հյուրերը ծանոթացան նաև պրոբացիայի շահառուների Արարատի մասնագիտական ուսուցման կենտրոնի գործառույթներին։

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետ Արա Մինասյանը ներկայացրեց կենտրոնի հիմնադրման պատմությունը, տեխնիկական վերազինումը, դասընթացների հիմնական ուղղությունները։ Մինասյանը կրկնահանցագործությունների կանխարգելման և շահառուների վերաինտեգրման հարցում շեշտադրեց նմանատիպ դասընթացներին մասնակցելու կարևորությունը։

Կենտրոնը 2022 թվականին է բացվել, այն Հայաստանում  առաջին նմանատիպ կենտրոնն է և ուղղված է շահառուների վերասոցիալականացման գործընթացի կրթական բաղադրիչի ապահովմանը։ Կենտրոնն Արարատի մարզում բացվեց՝ նպատակ ունենալով մարզերում ևս շահառուններին ներգրավել վերասոցիալականացման ծրագրերում։

Դասընթացներն իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ներկայումս 4 մասնագիտացում է ուսուցանվում` կահույքաշինության և կարի հիմունքներ, վարսավիրական հմտություն և կոսմետոլոգիա: Նպատակ կա նոր մասնագիտացումներ ավելացնել և նոր կենտրոններ բացել: Կիրականացվեն ոսկերչություն, խոհարարություն, զոդման հմտություններ և նմանատիպ դասընթացներ: Կարևորվում են հատկապես արհեստագործական ծրագրերը, քանի որ շահառուներն այդպիսով ձեռք են բերում մասնագիտացումներ, որոնք աշխատաշուկայում պահանջված են և նրանց կօգնեն աշխատանք գտնել, հոգալ իրենց և իրենց ընտանիքիների կարիքները:

Պատասխանլով ուսանողների հարցերին՝ Մինասյանը նշեց, որ հումքը տրամադրվում է ուսումնական կենտրոնի կողմից, իսկ արտադրանքը ուսումնական բնույթ է կրում։ Ձեռք բերած հմտություններն օգտագրծելով՝ շահառուները կարող են հետագայում սեփական արտադրությունը հիմնել, իրենց համայնքներում համապատասխան ոլորտները զարգացնել։   

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.