ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Հաշվետու տարում ծառայությունը շարունակել է իրականացնել արդարադատության ոլորտում նախատեսված բարեփոխումները՝ շեշտադրելով վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը։ Այս համատեքստում շարունակական քայլեր են ձեռնարկվել ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման, պահման պայմանների բարելավման և վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Հաշվետվության մեջ անդրադարձ է կատարվում Իրավական նախաձեռնությունների կենտրոնի հետ կնքված համագործակցության հուշագրին, որի շրջանակներում Շվեդական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ անցկացվել են քրեակատարողական ծառայողների, մասնավորապես սոցիալական աշխատողների և հոգեբանների վերապատրաստման դասընթացներ։
Ծառայության հետ համագործակցության համատեքստում Կազմակերպությունը հաշվետու տարում մի շարք ծրագրեր է իրականացրել՝ ուղղված քրեակատարողական համակարգում գենդերային զգայուն քաղաքականության և COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակմանը ներդրմանը: