Skip to content Skip to sidebar Skip to footer

Երևանի «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցավ «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով բանախոսություն

2023 թվականի մարտի 16-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցավ «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով բանախոսություն, որը կազմակերպել էր համալսարանի Հետազոտությունների ռեսուրս կենտրոնը «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։ Բանախոսն էր կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Քննարկմանը մասնակցում էին համալսարանի Բժշկական ինստիտուտի, Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի և «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի «Հոգեբանություն» մասնագիտությամբ սովորող ուսանողները։

Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի տնօրեն Մարինե Մաթոսյանը բացման խոսքում նշեց, որ նմանատիպ քննարկումները կարևոր են, քանի որ օգնում են միջոլորտային կապեր ստեղծել, ուսանողներին ծանոթացնում են պրակտիկ խնդիրների հետ, ինչը կնպաստի նրանց հետազոտական հետաքրքրությունների ընդլայնմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Նարե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության և թեմայի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար և նշեց, որ կարևորում է կրթական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումը։

Բանախոսը նախ անդրադարձավ ազատազրկված անձանց կրթության կազմակերպման կարևորությանը՝ համապատասխան իրավունքի իրացում, վերասոցիալականացման, քրեական ենթամշակույթից զերծ պահելու և կրկնահանցագործությունները նվազեցնելու նախապայմանների ստեղծում։ Նշեց, որ կրթությունը կարևոր է նաև քրեակատարողական հիմնարկների ներսում առօրյայի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից։ Այս համատեքստում վկայակոչեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կրթական ծրագրերի ընդլայնմանը զուգահեռ ազատազրկված անձանց շրջանում նվազել են ինքնավնասումների դեպքերը։

Անդրադառնալով խնդիրներին՝ բանախոսը նշեց, որ կրթական հաստատությունների, քրեակատարողական համակարգի, համայնքային ծառայությունների, գերատեսչությունների միջև համագործակցությունը թույլ է կամ բացակայում է։

Համակարգային խնդիրներից առանձնացրեց նաև հիմնարկների շենքային պայմանները, որոնք ուղղակիորեն անդրադառնում են կրթության որակի վրա։ Հիմնարկները մեծամասամբ կառուցվել են խորհրդային ժամանակահատվածում և չունեն ներկառուցված ուսումնական սենյակներ։ Իսկ այդ նպատակով հատկացված տարածքներում նկատվում է վերանորոգման կարիք, բացակայում են օդափոխության համակարգը, սանհանգույցները և մշտական հոսող ջուրը։ Օրակարգային է նաև կրթության նպատակով համացանցի, մասնագիտական գրականության և ուսումնական նյութերի հասանելիությունը։

Հովհաննիսյանը խոսեց կրթություն ստանալը խրախուսելուն ուղղված մեխանիզմների կարևորության մասին։ Նշեց, որ պետք է կրթությունը  կապվի հիմնարկի ներքին կյանքի հետ, և օրենսդրական նախադրյալներ ստեղծվեն, որպեսզի կրթություն ստանալը խրախուսվի կարճաժամկետ մեկնումներ, զբոսանք, տեսակցություններ, հանձնուքներ ստանալու, դրանց տևողությունը երկարացնելու կամ քանակն ավելացնելու ձևով։ Կրթական ծրագրերին մասնակցելու համար պայմանական վաղաժամկետ ներկայացվող դատապարտյալին տրվում է 3 միավոր, սակայն կրթական ծրագրերի տարանջատում չի կատարվում, նույն միավորը տրվում է ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ ոչ ֆորմալ ծրագրերի դեպքում։

Խոսելով հանրակրթության մասին՝ նշեց, որ 2019 թվականի սեպտեմբերից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է մինչև 19 տարեկան անձանց հանրակրթությունը։ Սակայն գործընթացը հարթ չի ընթանում, քանի որ անչափահասների հանրակրթությունն ընդհատվում է, երբ նրանք խափանման միջոցի կամ պատժատեսակի փոփոխմամբ դուրս են գալիս հիմնարկից։ Պատճառն այն է, որ չկան նրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ, իսկ ազատ արձակված անչափահասների կրթության կազմակերպմանը միջամտելը դուրս է ՊՈԱԿ-ի գործառույթներից։

Բանախոսը շեշտադրեց ազատազրկված անձանց կրթության կազմակերպման առանձնհատկությունները։ Այս համատեքստում խոսեց 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթության կազմակերպման կարևորության մասին։ 1000 դատապարտյալի շրջանում 2021 թվականին թերի միջնակարգ կրթություն ունեցող անձանց թիվը կազմել է 300 անձ, իսկ 2022 թվականին՝ 240 անձ։ Այս վիճակագրական տվյալներն ինքնին փաստում են հանրակրթություը չափահաս ազատազրկված անձանց համար հասանելի դարձնելու կարևորության մասին, ինչը հնարավորություն կտա ազատազրկման ժամանակահատվածն արդյունավետ օգտագործել, ավարտել թերի մնացած միջնակարգ կրթությունը և պլանավորել հետագա կրթությունը։

Հետամուտ լինելով խնդրի կարգավորմանը՝ ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանրակրթություն ստանալու հնարավորություն է տրվել 19 տարեկան ազատազրկված անձանց։ Գործընթացը մեկնարկել է 2022 թվականի սեպտեբերի 1-ից։

Խոսելով գործընթացի մասին՝ բանախոսն անդրադարձավ նաև խնդիրներին։ 2022 թվականին 19 տարեկանից բարձր շահառուի հանրակրթության շարունակականության ապահովման հետ կապված խնդիր է արձանագրվել։ Օրինակ, երբ անձը պայմանական վաղաժամկետ ազատվում է, հայտնվում է Պրոբացիայի ծառայության վերահսկողության տակ։ Եթե նա ներգրավված է 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթական ծրագրում, ապա կրթությունն ընդհատվում է, քանի որ պրոբացիայի ծառայությանը նման գործառույթ վերապահված չէ։

Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին խոսելիս նշեց, որ դրանք ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներում են կազմակերպվում, չեն ապահովվում կրթական ծրագրերի բազմազանությունը և շարունակականությունը, ինչը վերասոցիալականացման հավասար հնարավորություններ չի ստեղծում բոլոր ազատազրկված անձանց համար։

Խոսեց նաև պատժի կրման ավարտին մինչև 6 ամիս մնացած անձանց համար նախատեսված մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպման հետ կապված բացերի մասին։ Նշեց, որ այն չի իրագործվում տարբեր պատճառներով, որոնցից հիմնականը բարդ ընթացակարգն է։

Անդրադառնալով բարձրագույն կամ հետբուհական կրթությանը՝ Ն․ Հովհաննիսյանը նշեց, որ օրենսդրական մակարդակում խոչընդոտներ չկան, խնդիրներն առաջանում են գործնականում, քանի որ ազատազրկված անձինք աջակցություն չեն ստանում բուհեր կամ կրթական ծրագրեր գտնելու հարցում։ Չկան ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ, իսկ ազատազրկված անձինք սոցիալապես ի վիճակի չեն սեփական միջոցներով վճարել ուսման վարձը։ Բացի այդ, ոչ բոլոր բուհերն են համաձայնում կազմակերպել դատապարտյալների կրթությունը, քանի որ չեն ցանկանում պիտակավորվել։

Բանախոսության ավարտին մասնակից ուսանողները մի շարք հարցեր ուղղեցին Ն․ Հովհաննիսյանին, որոնք վերաբերում էին քրեակատարողական հիմնարկներում վերահսկողությանը, կրթություն ստանալու հարցում պետության աջակցությանը, քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված անձանց կրթության կամ աշխատանքի կազմակերպմանը և այլն։ Այդպիսով նրանք առավել խորը պատկերացում կազմեցին թեմայի վերաբերյալ։ Ն․ Հովհաննիսյանն ուսանողներին նաև առաջարկեց քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կրթության իրավունքի թեման օգտագործել գիտական և հետազոտական աշխատանքներ իրականացնելիս։

Հաշվի առնելով թեմայի կարևորորությունը՝ Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ քննարկումների կազմակերպումը դարձնել շարունակական։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.