Ամեն տարի մայիսի 17-ն աշխարհում նշվում է որպես հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի և ինտերֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր (IDAHOBIT):
Օրվա խորհրդին ընդառաջ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանդիպում-քննարկում կազմակերպեց Հայաստանի պետական և միջազգային կառույցների, դիվանագիտական առաքելությունների, ԼԳԲՏԻՔ համայնքի, համայնքահեն, աջակից և համախոհ կազմակերպությունների մասնակցությամբ։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը ևս մասնակցեց քննարկմանը՝ անդրադառնալով ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնահարցերին։
Իր ելույթում նա շնորհակալություն հայտնեց հրավերի համար և կարևորեց այն փաստը, որ ազատազրկված ԼԳԲՏ անձանց հարցերը դիտարկվում են ոչ միայն համայնքի համար, այլև հավասարության և ներառականության սկզբունքների հռչակման տեսանկյունից խորհրդանշական համարվող օրվա համատեքստում։
Նա հակիրճ ներկայացրեց ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնական խնդիրները՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկներում չի պահպանվում անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության գաղտնիությունը։ Նրանք խոցելի վիճակում են պահման պայմանների, սոցիալ-հոգեբանական և առողջապահական ծառայությունների հասանելիության տեսանկյունից և կրում են քրեական ենթամշակույթի առկայության մի շարք այլ բացասական հետևանքներ ևս։
Նա չժխտեց, որ վերջին տարիներին էական բարելավումներ են կատարվել քրեակատարողական համակարգում։ Օրինակ, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետությունն արդեն քրեաիրավական տիրույթում է ծավալում։ Սակայն դա չի նպաստում անազատության մեջ գտնվող ԼԳԲՏ անձանց վիճակի բարելավմանը, քանի որ համակարգային մակադակում նրանց վիճակը չի բարելավվում։
Քրեկատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրության մեջ դեռևս առկա չեն այնպիսի կարգավորումներ, որոնք պատիժ կամ պատասխանատվություն կնախատեսեն այն դեպքերում, երբ անձինք սեռական բռնության կամ շահագործման են ենթարկվում իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով։ Այդ հիմքով դրսևորվող ատելության խոսքի արգելքի վերաբերյալ ևս որևէ կարգավորում նախատեսված չէ։
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ այս և մի շարք այլ խնդիրների առկայությունը ևս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր ներդնել։ Նա նշեց, որ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցում է ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ։ Այդ համատեքստում իրականացրել է Հայաստանում ազատազրկված ԼԳԲՏ անձանց խնդիրների առաջին համապարփակ հետազոտությունը։ Բացի այդ, քրեակատարողական հիմնարկների սոցիալական աշխատողների, հոգեբանների և բուժանձնակազմի համար դասընթացներ է իրականացրել, նրանց համար աշխատանքային ձեռնարկ է մշակել՝ շեշտադրելով սեռական կողմնորոշմանը և գենդերային ինքնությանն առնչվող հարցերը։ Սակայն դա բավարար չէ։ Անհարեեշտ է, որպեսզի պետությունն արդյունավետ և կառուցողական երկխոսություն սկսի ոլորտային կազմակերպությունների հետ, որպեսզի վերջիններիս և միջազգային ու դիվանագիտական կառույցների ջանքերն ավելի շոշափելի արդյունքներ տան։