Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ 2023 թվականի մայիսի 22-ին և 23-ին անցկացվեցին Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարության նպատակների և ուղղությունների վերաբերյալ քննարկումները, որոնց նպատակն էր հավաքագրել բարձրաձայնված խնդիրներն ու մտահոգությունները:
Նշված ոլորտներում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև դրանց շարունակական զարգացումն ապահովելու համար 2023-2026 թվականների ռազմավարության նպատակներն են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության բարեփոխումը, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության ենթակառուցվածքների և տարածքների արդիականացումը, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների շարունակական կատարելագործումը և պատժի նպատակների արդյունավետ իրացումը, որին հասնելու համար առաջնահերթ է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը և դրանց լուծմանն ուղղված թիրախային քայլերի ձեռնարկումը:
Քննարկումներին մասնակցեց նաև Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ռազմավարության նպատակների և ուղղությունների վերաբերյալ կազմակերպության արձանագրած խնդիրները և դրանց լուծման առաջարկությունները, որոնք արդեն իսկ տեղ են գտել ռազմավարության նախագծում։
Նախարարի տեղակալ Լևոն Բալյանն արձանագրեց, որ ներկայումս իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում են քրեական պատիժների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխիքների ստեղծումը, իրավունքների և օրինական շահերի իրացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների նախատեսումը, ինչպես նաև դրանց շարունակական կատարելագործումն ու նորովի արժևորումը:
Լևոն Բալյանը նշեց, որ ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ մասամբ կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ տարբեր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կողմից ներկայացված նկատառումներն ու առաջարկությունները: Նախարարի տեղակալը վստահություն հայտնեց, որ շարունակվելու է արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: