Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը կրկին մարդաշատ էր։ Հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի մշակույթի գործիչների միության և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ ներկայացվեց «Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել» պիեսը։
Պիեսը հեղինակել և բեմադրել է Մուշեղ Մխիթարյանը։ Դատապարտյալները բեմ դուրս եկան Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանի հետ։
Դատապարտյալների թատերական խաղը դիտելու էին եկել արվեստի և մշակույթի ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնակից դատապարտյալների հարազատները, հիմնարկում պատիժ կրող այլ դատապարտյալներ, հիմնարկի ծառայողներ և աշխատողներ, այդ թվում՝ ներկայացուցիչներ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ուսուցչական կազմից և Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժանձնակազմից։
Ներկայացման դերակատարները Հայաստանի թատերական գործիչների միության կողմից արժանացան խրախուսական դիպլոմների։ Միջոցառման ավարտին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մասնակցության վկայականներ հանձնեց այն դատապարտյալներին, ովքեր վերջերս մասնակցել էին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման հետ համագործակցությամբ իրականացված «Թատրոնը և մենք» դասախոսությանը։