Skip to content Skip to sidebar Skip to footer

«Ազատությունը ժամանակի խաղից դուրս»․ Մհեր Ենոքյանը մասնակցել է «ՍտեղծաԳործարան» նախագծին

«ՍտեղծաԳործարան» նախագիծն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Նախագիծն անվանվել  է «Ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ» և իրականացվել «Բաց հարթակ» հասարակական կազմակերպության ջանքերով։ Այն հնարավորություն է տվել տարբեր ոլորտներում ստեղծագործող երիտասարդներին մասնակցել և ներկայացնել իրենց աշխատանքները։

Նախագծի մասին տեղեկացել եմ համացանցից։ Ձևաչափի համաձայն ներկայացրել եմ հայտ։ Երկար տարիներ ստեղծագործում եմ ինչպես գրականության մեջ, այդպես էլ զբաղվում եմ կավագործությամբ։ Միջոցառման ոգին բավական հոգեհարազատ է, քանի որ վերաբերում է ազատության թեմային։ Այս իսկ պատճառով որոշեցի անպայման մասնակցել։

Հայտը ներկայացնելուց հետո ստացել եմ հրավեր։ Այլ մասնակիցների հետ միասին ունեցել ենք հանդիպումներ, քննարկումներ «ՍտեղծաԳործարան» բազմաբնույթ ծրագրի շրջանակներում։ Շատ կարևոր էին արվեստի հայտնի ներկայացուցիչների հետ հանդիպումները, որոնց ժամանակ լսել ենք դասախոսություններ գրականության, կինոյի և արվեստի այլ ճյուղերի վերաբերյալ։ Տեղի են ունեցել քննարկումներ և բանավեճեր, որոնց առանցքում Սերգեյ Փարաջանովի անցած ճանապարհն ու ստեղծագործություններն էին։ Շատ հետաքրքիր էր նաև այցելությունը Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։

Հանդիպումներից հետո մասնակիցները ներկայացրել են իրենց ստեղծագործ աշխատանքների նախագծերը։ Քննարկումներից հետո փորձագիտական հանձնաժողովն ընտրել է 14 նախագիծ, որոնք իրականացվել են և այժմ Բաց հարթակի ցուցահանդեսում են։

«ՍտեղծաԳործարան»-ի արդյունքները ներկայացնող ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ին և կգործի հոկտեմբեր 15-30, ժամը՝ 12։00-19։00, Արվեստի Բաց Հարթակում: Ի դեպ, մուտքն ազատ է։ Ցուցահանդեսը տեղի է ունենում մի վայրում, որի միջանցքի ինտերիերը որոշ չափով բանտ է հիշեցնում։ Սերգեյ Փարաջանովն ազատազրկման տարիներին շարունակել է ստեղծագործել հենց բանտում։  

«ՍտեղծաԳործարան»-ը արվեստի արտադրության ինտենսիվ է, որի նպատակն է աջակցել երիտասարդ, ուսանող արվեստագետներին սեփական հեղինակային ստեղծագործության իրագործմանը։ Հանդիպումների ընթացքում  խորհրդատուներ Գարեգին  Զաքոյանը, Արման Գրիգորյանը, Նաիրա Մուրադյանը, Հրաչյա Սարիբեկյանը ներկայացրել են Փարաջանովի ստեղծագործության առանձնահատկությունները, դրանց կապը իր ժամանակի և անձնական կենսագրության հետ:

Ցուցահանդեսին ներկայացված մեր ստեղծագործությունների հիմքում  Փարաջանովի մտածողությանը, ստեղծագործությանը բնորոշ երկու ձևաչափերն են՝ կերպարվեստ (դեկորատիվ կիրառական արվեստ, կոլաժ, լուսանկարչություն, ինստալացիա) և աուդիովիզուալ (կինո, վիդեո արվեստ):

Իմ կողմից ներկայացված «Ազատությունը ժամանակի խաղից դուրս» նախագծի հիմքում մարդու կյանքի սահմանափակ տևողությունն է, որի ընթացքում նժարներին է դրվում գրեթե ամեն բան․․․ Մարդն ինքն է ընտրում, թե որ նժարին և որքան ժամանակ դնի․․․

Ստեղծագործությունը դեկորատիվ կիրառական արվեստի, կոլաժի և գրաֆիկայի համադրություն է։ Ժամանակի մեծ կշեռքը ներառում է այլ կշեռքներ, որոնցից հյուսված է կյանքի ժամանակը։ Տարբեր տարիքներում, տարատեսակ իրավիճակներում մարդը կատարում է այս կամ այն ընտրությունը։ Յուրաքանչյուր քայլ կատարելիս կամ գործողություն, ընտրություն կատարելուց խուսափելիս՝ միևնունն է, նժարները թեքվում են․․․ Կյանքի վերջում սիրո ու ատելության, նյութականի ու հոգևորի, բարոյականի ու անարդարի և այլ ընտրությունների բազմաբնույթ նժարների համագումարն է «պտտում» Ժամանակի մեծ կշեռքը․․․

Աշխատանքը /կոմպոզիցիան/ հիմնականում կավից է։ Մեծ կշեռքն ունի փայտի հիմք, որը՝ հաստ ճյուղերը, գտել եմ հենց բանտի բակում, մշակել և ազատագրել։ Այժմ այն կշեռքների և կոմպոզիցիայի մաս հանդիսացող արձանիկների հետ ցուցահանդեսում է։ Կոլաժի մեջ առկա են գրաֆիկական մի քանի աշխատանք, ինչպես նաև ճրագամաններ։

Այս կամ այն նժարն ընտրելիս՝ հանդիսատեսն ընտրության է կատարում՝ որը, ինչպես իրական կյանքում, ունի սահմանափակումներ։ Սակայն դրանք հնարավոր է հաղթահարել․․․

Փարաջանովի արվեստը հոգեհարազատ է, այն սիրո և ազատության մասին է։ Առհասարակ, մշակույթը չունի սահմանափակումներ։ Ֆիզիկական անազատության մեջ մշակույթի միջոցով մարդը կարող է արտահայտել իր զգացմունքների և մտքի անսահմանափակ ազատությունը։ Աշխատանքս սկզբից անվանել էի «Ազատությունը ժամանակի խաղի մեջ»։ Այն պատրաստելու ընթացքում պարզ դարձավ՝ ազատությունը ժամանակի խաղից դուրս է…

Ստեղծագործության մեջ գրեթե բոլոր նժարները փոխկապակցված են։ Յուրաքանչյուր ընտրություն բերում է մեկ այլ նժարի փոփոխության։ Ինչպես կյանքում՝ գործում է «թիթեռնիկի էֆեկտը»։ Անհատներ, հասարակություն, պետություն՝ մենք բոլորս փոխկապակցված ենք…

Իմ մասնակցությունն այս հետաքրքիր նախաձեռնությանը՝ դասընթացներին, այցելությանը Փարաջանովի տուն-թանգարան և իմ աշխատանքով ցուցահանդեսին ներկայանալը, անշուշտ, հնարավոր դարձավ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աջակցությամբ։ Համոզված եմ՝ մշակույթի միջոցով առավել գործուն և ակնհայտ է դառնում պատժողականից վերականգնողական քաղաքականության անցումը քրեակատարողական համակարգում։

Այս հետաքրքիր և գեղեցիկ միջոցառումը կայացավ։ 14 երիտասարդ արվեստագետների աշխատանքներում  արտացոլված է փարաջանովյան արվեստին բնորոշ՝ սիրո ու ազատության գաղափարը։

Շնորհակալություն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Բաց հարթակի սիրելի անձնակազմին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմին։

Այս նախաձեռնության շնորհիվ ստացանք նաև կարևոր գիտելիքներ փորձագետների հետ հանդիպումների ընթացքում և միմյանց հետ ծանոթացանք մշակույթի տարբեր ոլորտներում ստեղծագործողներս։

Բոլորին մաղթում եմ բեղմնավոր ստեղծագործական նոր աշխատանքներ։

Հարգանքով՝ Մհեր

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.