Skip to content Skip to sidebar Skip to footer

Ջանքերի արդյունավետ ներդնում՝ ի նշանավորումն երկու կարևորագույն հաստատությունների միջև համագործակցության մեկնարկի

Դեռևս ամիսներ առաջ արձագանքելով «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հրավերին՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը և Գրքափոխանակության բաժնի վարիչ Մայա Հայրապետյանը հյուրընկալվեցին «Սևան» քրեակատարողական հիմնարկում։

Այցը նշանավորվեց մի քանի տեսանկյունից։ Նախ, Ազգային գրադարանի անունից հիմնարկի գրադարանին նվիրաբերվեց 70 միավոր գիրք, որոնց շարքում տեղ էին գտել գեղարվեստական, պատմագիտական, ազգային-ազատագրական բովանդակությամբ գրքեր։

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների հետ, որի ընթացքում Ն․ Հայրապետյանը ներկայացրեց գրադարանի կայքը, ռեսուրսները, շտեմարանները և, առհասարակ, Ազգային գրադարանի դերն ու նշանակությունը հայ ընթերցողի կյանքում:

Նաև Քրեակատարողական ծառայության հետ աշխատանքային պայմանավորվածություն ձեռք բերվեց Ազգային գրադարանի օժանդակությամբ հիմնարկին նվիրել հայ և արտասահմանյան նոր ու բազմաժանր գրքեր, քննարկվեց Ազգային գրադարանի կայքի ռեսուրսները դատապարտյալներին հասանելի դարձնելու, այդպիսով՝ նրանց շրջանում ընթերցանությունը խթանելու հարցը։

Ուրախ ենք արձանագրել, որ կազմակերպության ջանքերի ներդնումն արդյունավետ էր և նշանավորվեց 2 կարևորագույն հաստատությունների միջև համագործակցության հուշագրի կնքմամբ։

2024 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը համագործակցության հուշագիրը ստորագրեցին։

Հուշագրով նախատեսվում է, որպեսզի գրադարանը քրեակատարողական ծառայությանն օժանդակի քրեակատարողական հիմնարկների գրադարանների համար էլեկտրոնային գրադարանների ստեղծման, միջգրադարանային բաժնույթի ծառայության միջոցով գրքերի տրամադրման, քրեակատարողական հիմնարկների գրադարանների աշխատակիցների որակավորման բարձրացման ու փորձի փոխանակման դասընթացների կազմակերպման և գրադարանային-մատենագիտական ու տեղեկատվական այլ միջոցներով։

Պետք է նշենք, որ համագործակցության շրջանակը բավականին լայն է և ներառում է գործողություններ այն հիմնախնդիրների հասցեագրման ուղղությամբ, որոնք տեղ են գտել «Գրադարանների դերը և նշանակությունը ազատազրկված անձանց համար․ հայաստանյան փորձի ուսումնասիրություն»․ հետազոտական հոդվածում։ Հոդվածը հեղինակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը։ Այն հրապարակվել է «Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսի 2024 թվականի 1-ին համարում և որպես այդպիսին թեմայի ուսումնասիրության առաջին ընդգրկուն փորձն է Հայաստանում։

Հավելենք, որ հուշագրի կնքումը զուգակցվել է Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա շրջանակներում անցկացվող միջոցառումների հետ։ Այդ համատեքստում կազմակերպվել էր նաև «Քրեակատարողական համակարգում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մարտահրավերները» խորագրով կոնֆերանս, որը տեղի ունեցավ նույն օրը, Ազգային գրադարանի վեհաշուք նախագահական դահլիճում։

Գիտաժողովի ելույթների թեմատիկան բավականին ընդգրկուն էր և վերաբերում էր քրեակատարողական հիմնարկներում կրկնահանցագործությունների, ինքնավնասումների, ինքնասպանությունների և ինքնասպանությունների փորձերի ուսումնասիրությանը, ազատազրկված անձանց հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների կազմակերպման հիմնախնդիրներին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալների վերասոցիալականացման առանձնահատկություններին և այլն։

Զեկուցումներով հանդես են եկել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում աշխատող հոգեբաններ, սոցիալական աշխատողներ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.